Հայ զորախումբը պատրաստ է Ղազախստանում կայանալիք զորավարժություններին
16 Սեպտեմբերի, 2009 00:00Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում ավարտվեցին Ղազախստանում կայանալիք զորավարժություններին նախապատրաստվող հայկական վաշտի պարապմունքներն ու դասընթացները: Եվ ահա մեկուկես ամիս տևած նախապատրաստական փուլից հետո վաշտն արձանագրում է գոհացուցիչ արդյունքներ: Այս մասին է վկայում սեպտեմբերի 16-ին անցկացված մարտավարական զորավարժությունը:
Վաշտի անձնակազմի մարտական պատրաստությանը տեղում ծանոթանալու և զորավարժությունը դիտարկելու նպատակով այդ օրը մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան էին այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան այլ զինվորականներ, ԶՈՒ տարբեր զորամասերի վաշտերի հրամանատարներ: Պայմանական հակառակորդի թիրախները խոցելու նպատակով հրաձիգները, հետևակի մարտական մեքենաների անձնակազմերը, նռնականետորդները մարտական կրակ են կիրառում: Սահմանված ժամանակահատվածում առաջադրանքը կատարվում է և խոցվում են բոլոր թիրախները: Նմանաբնույթ զորավարժությունների ընթացքում, անշուշտ, կատարելագործվում է ստորաբաժանումների մարտական ներդաշնակումը, դաշտային պատրաստվածությունը: Ամրապնդվում է հրամանատարների գործնական ունակությունները, անձնակազմի մոտ զարգանում է ֆիզիկական պատրաստությունը և կամային հատկանիշները: Դիտելով մեր տղաների անթերի գործողությունները` համոզվում ենք, որ նրանք իրենց մարտավարամասնագիտական կարողություններն ըստ արժանվույն կներկայացնեն նաև միջազգային ստուգատեսում:
Զորավարժության ավարտից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ու զրուցեց վաշտի անձնակազմի հետ: Գոհունակություն հայտնելով նրանց պատրաստվածության վերաբերյալ` նախարարը նշեց, որ երբ կա հստակ դրված նպատակ, երբ աշխատում ես ջանասիրաբար ու նվիրումով, ապա արդյունքն ակնհայտ է: Հաջողություններ մաղթելով անձնակազմին և հույս հայտնելով, որ նրանք կարձանագրեն բարձր ցուցանիշներ, Սեյրան Օհանյանը միաժամանակ շեշտեց, որ արտերկրում գտնվելիս նրանք պետք է դրսևորեն հայ զինվորին բնորշ վսեմ հատկանիշները, պետք է բարձր պահեն թե մեր երկրի, թե մեր բանակի պատիվն ու բարի համբավը: Այսպիսով, ևս մի քանի օր, և մեր զորախումբը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Իսկ այնտեղ կայանալիք զորավարժության ընթացքում գնահատական կտրվի մեր և ՀԱՊԿ մյուս երկրների զինված ուժերի մարտական գործողություններին: Եվ լիահույս ենք, որ մեր զինծառայղներն արտերկրում արժանիորեն կներկայացնեն հայոց եռագույնը: