Կոլեգիայի արտահերթ նիստ պաշտպանության նախարարությունում
11 Սեպտեմբերի, 2009 00:00Ս.թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստ: Բացելով նիստը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ հրամանատարական կազմին տեղեկացրեց, որ վերջին օրերին ԶՈւ երկու զորամասերում արձանագրված մահվան ելքով արտառոց դեպքերը լայն արձագանք են գտել հասարակության շրջանում, ինչը Կոլեգիայի արտահերթ նիստի հրավիրման պատճառ է դարձել:
Նախարարն իր խիստ գնահատականը տվեց սպայի պատիվն արատավորող այն անձանց, որոնց ոչ կանոնադրական բնույթի գործողությունները հանգեցրել են ժամկետային զինծառայողների մահվան: Սեյրան Օհանյանը շեշտեց, որ զինվորական համազգեստ կրող որևէ հրամանատար կամ պաշտոնյա իրավունք չունի արատավորելու հաղթանակած բանակի պատիվը: Նախարարի հավաստմամբ` այսուհետ առավել խիստ պահանջներ են ներկայացվելու հրամկազմին, իսկ որոշ զորամասերում պետք է անհապաղ վերացվի թողտվության և անպատժելիության արատավոր մթնոլորտը:
Այնուհետև խոսքը փոխանցվեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանին, ով ներկայացրեց 4-րդ բանակային զորամիավորման գնդերից մեկում տեղի ունեցած մահվան ելքով դեպքի ծառայողական քննության արդյունքները: Զեկույցի ընթացքում դահլիճում ներկա էր նաև ծանր հանցագործության մեջ մեղադրվող սպան: Այս դեպքի առնչությամբ պաշտպանության նախարարը շեշտեց, որ չնայած այն հանգամանքին, որ կապիտան Անդոկ Գալստյանի հայրը զոհվել է Արցախյան ազատամարտում, արարքն աններելի է և նա կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
Մահվան ելքով երկրորդ դեպքի կապակցությամբ զեկույցով հանդես եկավ ԶՈւ ԱՀՏԱ վարչության պետ, գնդապետ Ա. Ալեքսանյանը: Այս արտառոց, Զինված ուժերի նկարագրին բացարձակապես անհարիր սպանության մեջ մեղադրվող սպաները ներկայացվեցին Կոլեգիայի նիստի մասնակիցներին: Պաշտպանության նախարարը խստագույնս դատապարտեց ծանր հանցանք գործած արդեն նախկին զինծառայողներին, հատուկ շեշտեց, որ նրանք մեծ վնաս են հասցրել ՀՀ զինված ուժերի վարկանիշին: Ս. Օհանյանը հայտարարեց, որ զորամասի հրամանատարը, նրա` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը հեռացվում են զբաղեցրած պաշտոններից: Հենց նիստերի դահլիճում կալանավորվեց դասակի հրամանատարը: Զորամասի մի շարք պատասխանատու սպաներ ենթարկվեցին տարբեր աստիճանի կարգապահական տույժերի:
Վերջում պաշտպանության նախարարը հանձնարարականեր տվեց հրամանատարներին, կարգադրելով զորքերում անցկացնել լիարժեք ծառայողական քննություն յուրաքանչյուր ոչ կանոնադրային դեպքի կամ փաստի կապակցությամբ: Նախարարը տեղեկացրեց, որ Զինված ուժերում կներդրվեն սպայական նոր հաստիքներ` մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին սոցիալ-իրավական և հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար: Ս. Օհանյանը հրահանգեց ակտիվացնել դաստիարակչական աշխատանքները, խրախուսել կարգապահ և բարեխիղճ զինծառայողներին` նրանց շուրջ ձևավորելով առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, միաժամանակ մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու համար զինվորների և սպաների շրջանում սերմանել մրցակցություն, բարձրացնել նաև սպաների դերն ու հեղինակությունը զորքերում: Զինված ուժերի հրամկազմին կարգադրվեց առավել ակտիվորեն համագործակցել զինվորական իրավապահ մարմինների հետ, զորամասերում կազմակերպել արտագնա դատական նիստեր` նմանաբնույթ դեպքերից ու պատահարներից զինծառայողներին զերծ պահելու համար: