ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 18-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19 Սեպտեմբերի, 2009 00:00
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 18-րդ տարեդարձի առթիվ: Անկախության օրը, անկասկած, ամենապայծառ ու կարևորագույն տոնն է: Հայաստանի անկախ պետականության վերակերտումը մեր ժողովրդի` 20-րդ դարավերջի ամենամեծ նվաճումն է:
Հանուն մեր պետության հզորացման, նրա միջազգային հեղինակության բարձրացման և հոգևոր-մշակութային զարթոնքի` իրենց ջանքն ու եռանդն են ներդրել հայ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները՝ զինվորականները, արվեստագետները, ուսանողները, գյուղացիությունը, բոլորը: Այս տասնութ տարիների ընթացքում մենք կարողացել ենք պաշտպանել մեր երկիրը, կայացնել զինված ուժերը, պետական համակարգը, վերականգնել տնտեսությունը, շունչ հաղորդել մեր մշակույթին, կրթությանը, առողջապահությանը: Ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հասունացել է պետականության գաղափարը, ստեղծվել ազգային ինքնագիտակցությանը, պետության կայացմանը նպաստող առողջ մթնոլորտ. նոր սերունդն այլևս ձերբազատված է թերարժեքության բարդույթից, և սա մեր ամենամեծ նվաճումներից մեկն է:

Անշուշտ, գոյություն ունեն դեռևս չլուծված խնդիրներ: Այդուհանդերձ, երկիրը առաջ է ընթանում, և եթե կա զարգացում, ապա կա նաև ուժ, որ կանգնած է այդ զարգացման թիկունքում: Այդ ուժը մեր բանակն է, զինվորականները: Վստահեցնում եմ, որ այսուհետ ևս հայկական բանակը պատվով կկատարի պետության և ժողովրդի առաջադրած խնդիրները: Հայ զինվորը և սպան նվիրված են Հայրենիքին և պատրաստ են պաշտպանելու մեր պետականությունը, մեր երկրի սահմանների անառիկությունը. սա մենք ապացուցել ենք բազմիցս և հարկ եղած դեպքում վերստին կապացուցենք: Տոնական այս օրը հիշենք և արժանին մատուցենք Անկախության բոլոր նվիրյալներին և հատկապես նրանց, ովքեր այդ ճանապարհին զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը` սերունդներին թողնելով միայն անկախությունը պահպանելու առաքելությունը: Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորին: Մաղթում եմ երջանկություն և հարատև խաղաղություն: Համոզված եմ, որ այս բախտորոշ ժամանակներում կունենանք հզոր կամք և ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր փորձություններին` մեր պետության ապագայի հանդեպ աներեր հավատով... ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Սեյրան Օհանյան
  • Տարածել