Տեղի է ունեցել անմահ հերոսների մեծարման հուշ-ցերեկույթ

10 Մարտի, 2023 23:30
Մարտի 10-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել մերօրյա անմահ հերոսների մեծարման հուշ-ցերեկույթ:
Միջոցառումը նվիրված էր 2022թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նահատակված սխրագործ քաջերին:
Հուշ-ցերեկույթը մեկնարկել է օրհնության խոսքով: Միասնական Տերունական աղոթք է հղվել առ Աստված զոհվածների հոգու հանգստության համար:
Ներկաներին ուղղված խոսքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընգծել է, որ հայրենիքի պաշտպանության համար նահատակված տղաների սխրանքն ու վառ հիշատակը պարտավորեցնում է ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնել մեր երկիրն ու կերտել խաղաղ ապագա:
Հուշ-ցերեկույթն ավարտվել է Հանրապետության նախագահի հրամանագրի ընթերցմամբ և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության, արիության համար հայրենիքի պաշտպաններին հետմահու պարգևատրելու ու պետական պարգևները նրանց հարազատներին հանձնելու արարողությամբ:

  • Տարածել