Շտաբային վարժանքի ավարտական արարողություն
23 Սեպտեմբերի, 2009 00:00Ս.թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի ունեցավ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ծրագրի շրջանակներում ԱՄՆ ԶՈՒ հրահանգիչների կողմից ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի սպայական կազմի, պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի մի շարք վարչությունների ներկայացուցիչների համար ԱՄՆ զինված ուժերի գումարտակի (բրիգադի) մակարդակով կազմակերպչական կառուցվածքի, իրականացվող գործառույթների, ռազմական որոշումների ձևավորման, կայացման գործընթացի վերաբերյալ կազմակերպված 8 շաբաթյա շտաբային վարժանքի ավարտական արարողությունը: Վարժանքները նվիրված են եղել սպաների մոտ կազմակերպչական գործողությունների մակարդակի բարձրացմանը, ռազմական որոշումների ձևավորմանը, տեսական և գործնական գիտելիքների խորացմանը:
Ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, շնորհավորելով վարժանքի մասնակից 36 սպաներին, նշեց, որ նման վարժանքները շատ արդյունավետ են, որոնք որակապես բարձրացնում են սպաների կազմակերպչական կարողությունները, համոզմունք հայտնեց, որ հայ խաղաղապահները այսուհետ ևս բարձր կպահեն ՀՀ զինված ուժերի պատիվը: Է. Ապրիամովը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական կցորդ Ռոբերտ Վեբստերին արդյունավետ աշխատանքի համար: