ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է լրագրողների հավատարմագրում

5 Դեկտեմբերի, 2022 14:30
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2023թ. ընթացքում պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

ՀՀ պաշտպանության նախարարությունում զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման կարգի համաձայն ՝ անհրաժեշտ է մինչև 2022թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել պաշտոնական նամակ՝ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ կնիքով (.pdf կամ .jpg ձևաչափով), որտեղ պետք է նշված լինեն.

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,

բ) հավատագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճեների համարները, փաստաթղթային լուսանկար` հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով):

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսագրման 2 օպերատոր:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված հավատարմագրման վկայականի պատճենը:  

Դիմումները կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեով:

Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095 10-30-33 հեռախոսահամարով:

  • Տարածել