Հայ-ադրբեջանական շփման գծի դիտարկում
30 Սեպտեմբերի, 2009 00:00Ս.թ. սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի հատվածում տեղի ունեցավ հերթական դիտարկումը: Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն, որի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ դեսպանին տվյալներ ներկայացրեց գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Նշվեց, որ հենակետերի և բնակավայրերի ուղղությամբ շարունակվում են ադրբեջանական կողմից արձակվող կրակահերթերը:
Չնայած Հելսինկիում 2008-ին ԵԱՀԿ նախագահների հանդիպման ընթացքում դիպուկահարներին առաջին գծից հանելու մասին ընդունվել է փաստաթուղթ, սակայն Ադբեջանը շարունակում է խախտել համաձայնագիրը, ինչի արդյունքում ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից զոհեր են արձանագրվում: Այսպես` մարտի 20-ին ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից վիրավորվել է պայմանագրային մեկ զինծառայող, իսկ սեպտեմբերի 6-ին Չինարիում զոհվել է 1 զինծառայող: Նշվեց նաև, որ հաճախ կրակոցներ են լինում քաղաքացիական մարդատար մեքենաների վրա՝ հատկապես Կիրանց-Բաղանիս հատվածում: Տավուշի մարզպետը փաստեց, որ հատկապես բերքահավաքի ժամանակ կրակոցները դժվարացնում են աշխատանքները, իսկ վերջին կրակոցների ժամանակ դաշտում բռնկվել է մի կոմբայն:
Խորհրդակցության ընթացքում շեշտվեց նաև, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ-ն սահմաններում արձանագրվել է 3394 կրակոց: Այնուհետև տեղի ունեցավ դիտարկումը: Կողմերը կապ հաստատեցին միմյանց հետ և տվեցին անվտանգության երաշխիքներ: Հայկական կողմն առաջարկել էր հանդիպել Բերքաբեր գյուղի մոտ, սակայն ադրբեջանական կողմը չհամաձայնվեց` որպես հանդիպման վայր առաջարկելով ադրբեջանական Մազամլի գյուղը: Դիտարկումն անցավ առանց միջադեպերի:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն