Աֆղանական պատերազմի վետերանները Հայաստանում

7 Հոկտեմբերի, 2009 00:00

Ս.թ. հոկտեմբերի 7-ին ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի անդամները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին 1979-1989թթ. աֆղանական և Հայրենական մեծ պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող խորհրդի նիստը` նվիրված Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-րդ տարեդարձին: Ողջունելով ներկաներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ միայն հիշելով և գնահատելով անցյալը` կարող ենք կառուցել ապագան: «Մենք չենք կարող մոռանալ այդ ահավոր և դաժան պատերազմի մասնակիցների ցուցաբերած հերոսությունն ու անձնազոհությունը, ինչի վկայությունն է այս հանդիպումը»,- նկատեց պաշտպանության նախարարը: Խորհրդի նիստը ղեկավարող Աֆղանստանի պատերազմի վետերանների համակարգող կոմիտեի նախագահ Ռուսլան Աուշևը ջերմ ընդունելության համար իր հերթին, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին, խորհրդի անդամների անունից պաշտպանության նախարարին հանձնեց խորհրդանշական հուշանվեր: Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգևատրեց խորհրդի նիստի մասնակից մի շարք վետերանների` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ խորհրդի անդամների երևանյան այցը և դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն առավել կամրապնդեն տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել