Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում
9 Հոկտեմբերի, 2009 00:00Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Ս.Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որին հրավիրված էր նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը:
Խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը: Քննարկվեցին ՀՀ ԶՈՒ կառավարման համակարգի վերանայմանը, բարեփոխումների հայեցակարգային և օրենսդրական ապահովմանը, անձնակազմի կրթությանը և վերապատրաստմանը, պայմանագրային սերժանտական համակարգի ներդրմանը, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման համակարգի բարեփոխմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը և բարեփոխումների մյուս ոլորտներին վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն դարձվեց պաշտպանության ռազմավարական վերանայման և ռազմավարական պլանավորման խնդիրներին: Այս ուղղությամբ կատարված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչությունների պետերը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ բարեփոխումները մոտեցել են այնպիսի շեմի, երբ պետք է անդրադառնալ բուն զորային կառույցի, նրա կառուցվածքի, մարտական պատրաստականության վիճակի բարելավման, ռազմավարական և օպերատիվ պլանավորման խնդիրներին: Հաձնարարվեց պաշտպանական բարեփոխումների բոլոր խնդիրները համադրել պաշտպանության ռազմավարական վերանայման առաջին երկու փուլերի արդյունքների հետ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն