Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
13 Հոկտեմբերի, 2009 00:00Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, ՀՀ մարզպետներ, Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը, տարածքային զինվորական կոմիսարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Հրավիրվածներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` իր խոսքում կարևորելով զորակոչի դերն ու նշանակությունը զինված ուժերի համալրման գործում: Ընդգծվեց զորակոչը արդարության սկզբունքով անցկացնելու անհրաժեշտությունը: Ապա ելույթ ունեցավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը: Իր ելույթում նա ներկայացրեց 2009թ. գարնանային զորակոչի արդյունքները և նշեց այն զինկոմիսարիատները, որոնք առավել արդյունավետ և պատշաճ մակարդակով են իրականացրել անցած զորակոչը: ԼՂՀ զինվորական կոմիսար, գնդապետ Ֆ.Գաբրիելյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում անցկացված զորակոչի արդյունքները:
Ելույթներով հանդես եկան նաև հանրապետության մարզպետները, ովքեր անդրադարձան մարզերում իրականացված զորակոչային աշխատանքներին, տեղ գտած թերություններին և բացթողումներին, ինչպես նաև քննարկեցին 2009թ. աշնանային զորակոչի խնդիրները: Խոսվեց զորակոչի ընթացքում ծագող խնդիրների, զորակոչիկների առողջական վիճակի զննության կազմակերպման մասին: Արվեցին առաջարկություններ` որոշ հիվանդությունների բուժզննումն իրականացնել նաև մարզերում` ծնողների շրջանում առաջացող դժգոհություններից խուսափելու և պետական միջոցները խնայելու համար: ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա. Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ զինակոչիկների շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդություններին, բացթողումներին, հիվանդությունների վաղ հայտնաբերման և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներին: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2009թ.-ի գարնանային զորակոչը արդյունավետ կազմակերպելու գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերած հանրապետության մի շարք զինկոմներ և զինկոմիսարիատների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը, բարձրաստիճան սպաներ, բուժծառայության, ոստիկանության, ռազմական ոստիկանության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով:
Ամփոփելով նիստը` Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և շնորհավորեց խրախուսվածներին` հույս հայտնելով, որ վերջիններս էլ ավելի եռանդով կշարունակեն կատարել իրենց առջև դրված խնդիրները, նշելով, որ 2010թ.-ին բարեփոխումներ կիրականացվեն նաև այս բնագավառում, ինչը կնպաստի զորակոչի առավել արդյունավետ և արդարացի կազմակերպմանը:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն