ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը
11 Նոյեմբերի, 2009 00:00Նոյեմբերի 10-ին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 57-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի մասնակիցները քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում բազմապլանային գործընկերային համագործակցության, տարածաշրջանային անվտանգության եւ ԱՊՀ երկրների պաշտպանական գերատեսչությունների հետագա ինտեգրացման անհրաժեշտության հարցերը:
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի զորախմբերի կառուցվածքի ու մարտական կազմի օպտիմալացման, Համագործակցության երկրների օդային տարածության օգտագործման նկատմամբ հսկողության և օդային երթևեկության կառավարման, թռիչքների անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին:
Քննարկումների արդյունքում հավանություն է տրվել մինչեւ 2015 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգին, հաստատվել են մինչև 2015 թվականը ԱՊՀ պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Նիստի մասնակիցները քննարկել են նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու ընթացքը: Որոշում է ընդունվել 2010 թվականին անցկացնել ԱՊՀ-ի պետությունների բարեկամ բանակների 7-րդ սպարտակիադան եւ Հաղթանակի օրվան նվիրված լավագույն ստեղծագործության միջազգային մրցույթ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն