Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
17 Նոյեմբերի, 2009 00:00Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Հանս Յոխեն Շմիդտին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու և Գերմանիայում նոր կառավարության ձևավորման կապակցությամբ` Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ նոր կառավարության և նոր դեսպանի գործունեության ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ երկկողմ համագործակցությունը` այդ թվում նաև պաշտպանական ոլորտում, տարեցտարի զարգանում է` ընդգրկելով նոր ոլորտներ: Այդ առումով բարձր գնահատվեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Պաուլուսի աշխատանքը: Հայ-գերմանական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է ռազմական կրթության, բժշկության, արդարադատության, խաղաղապահության բնագավառներում, գերմանական կողմի աջակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է և գործում է գերմաներենի դասավանդման կենտրոն: Երկկողմ համագործակցության ամենամյա ծրագիրը ներառում է փորձագիտական քննարկումներ, փոխայցելություններ, դասընթացների կազմակերպում:
Նախատեսվում է 2010թ.-ից Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հիմնել ռազմական կցորդի գրասենյակ: Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը դեսպանին փոխանցեց Գերմանիայի պաշտպանության նոր նախարար, դոկտոր Գուտենբերգին ուղղված շնորհավորական և նախկին նախարար, դոկտոր Յունգին ուղղված շնորհակալական նամակները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն