Շնորհանդես ՀՀ պաշտպանության նախարարությունում
17 Նոյեմբերի, 2009 00:00Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորյակների շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
«Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարը ներառելու է շուրջ հիսուն հատորյակ, որոնցում ներկայացվելու են հայ ռազմարվեստի, սպառազինության, նշանավոր ճակատամարտերի, հայկական ամրաշինության պատմությունը: Նախագիծը նպատակ ունի ընթերցողին ներկայացնել մինչ օրս քիչ հայտնի կամ անհայտ տեղեկություններ և փաստեր հայ ռազմարվեստի պատմության մասին: Մատենաշարը լինելու է շարունակական, հաջորդ` վերամշակված և հարստացված հրատարակությունները լրացվելու են նորանոր տեղեկություններով: Նախատեսվում է ռուսերեն և անգլերեն տարբերակների հրատարակումը, ինչպես նաև թվայնացված տարբերակների թողարկումը, այդ թվում նաև` Համացանցում:
Հայ ռազմագիտության ուսումնասիրությանը նվիրված նախագծի առաքելություններից են հանդիսանալու նաև տարբեր տարիքի ընթերցողներին հասցեագրված թեմատիկ թողարկումները, որոնք որոշակի նպաստ են բերելու հայ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Դրանք ուղեցույցի դեր են կատարելու Ազգային բանակի զինվորների ու սպաների ռազմահայրենասիրական դաստիարակության և հայ ռազմարվեստի ուսումնասիրությամբ զբաղվող դպրոցականների և ուսանողների համար:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն