Կստեղծվի անվտանգային-պաշտպանական տերմինների բառարան
19 Նոյեմբերի, 2009 00:00Ս.թ. նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ անվտանգային-պաշտպանական տերմինների հայերեն–ռուսերեն–անգլերեն բացատրական բառարանի խմբագրական խորհրդի անդրանիկ նիստը: Միջգերատեսչական համագործակցության սկզբունքով կազմված խորհրդում ընդգրկված են անվտանգային-պաշտպանական քաղաքագիտության, հայերենի, ռուսերենի և անգլերենի առաջատար մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ նախագահին առընթեր ռազմական գլխավոր տեսչությունից, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից, ԵՊՀ-ից, Հանրային ռադիոյից, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնից:
Այս մտահղացման հեղինակ, ԱՌՀԻ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ անվտանգային-պաշտպանական բացատրական բառարանի մշակումը անհրաժեշտ է դիտել ռազմավարական տրամաչափով` որպես ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման տրամաբանական շարունակություն և գիտակիրառական արգասիք: Նա կարևորեց այն հանգամանքը, որ ինչպես Ազգային անվտանգության ռազմավարության, այնպես էլ այժմ` եռալեզու բառարանի մշակման գործընթացն իրականացվելու է շահագրգիռ կազմակերպությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև մասնագիտական շրջանների ներգրավմամբ, իսկ աշխատանքների ավարտից հետո բառարանը փորձաքննություն է անցնելու հանրապետության համապատասխան մասնագիտական կառույցներում և արտասահմանյան առաջատար մասնա-գիտական կենտրոններում: Նիստի մասնակիցները բառարանի ստեղծման գաղափարը գնահատեցին որպես իր կարևորությամբ բացառիկ նախաձեռնություն: Նշվեց, որ կարևորության հետ մեկտեղ այն բարդ և աշխատատար գործ է, քանի որ մինչ այսօր եղած ոլորտային բառարանները միայն հայ-ռուսերեն թարգմանական բառարաններ են, մինչդեռ ստեղծվելիք եռալեզու բացատրական բառարանով կապահովվի հասկացութային համակարգերի համեմատական վերլուծությունը, անվտանգային-պաշտպանական ոլորտի ամենաարդիական հասկացությունների ներբերումը և հայերենի համապատասխան տերմինաբանության համակարգված մշակումը:
Նիստում քննարկվեցին բառարանի մշակման և հրատարակման նախագիծը, բառարանի ստեղծման ծրագիրը, ճշգրտվեցին խմբագրական խորհրդի և աշխատանքային խմբերի կազմերը ու դրանց հետագա անելիքները, աշխատանքային օրակարգը: Խմբագրական խորհրդի նախագահն է գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, տեղակալներն են Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Լավրենտի Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը, Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լևոն Գալստյանը: Ստեղծվեց նաև բառարանը կազմողների աշխատանքային խումբը: ԱՌՀԻ-ի պետը ներկաներին տեղեկացրեց, որ նախքան բառարանի մշակման աշխատանքների մեկնարկը ինստիտուտը պատրաստվում է հրատարակել «Հայերեն–ռուսերեն–անգլերեն անվտանգային-պաշտպանական եռալեզու բառարանը «խելացի ուժի» գործակցելիության համատեքստում» խորագրով հատուկ թողարկում` որպես բառարանի մտահղացման շեմային գիտական մշակում: Այն ներառելու է բառարանի խմբագրական խորհրդի անդամների համապատասխան մասնագիտական հոդվածները` բառարանակազմության, հասկացությունների ու տերմինների համակարգերի յուրահատկությունների և այլ խնդիրների վերաբերյալ: Հանդիպումն անցավ մասնագիտական կարծիքների փոխանակման կառուցողական մթնոլորտում:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն