Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան

27 Նոյեմբերի, 2009 00:00
Ս.թ. նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանեց Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի ունեցավ երկու երկրների պաշտպանության նախարարների առաձնազրույցը, այնուհետև` հանդիպում պատվիրակությունների կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում հայ-լեհական պաշտպանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձան նաև 2005-2008 թվականների ընթացքում Իրաքում, լեհական հրամանատարության ներքո գտնվող բազմազգ դիվիզիայի կազմում հայ խաղաղապահների կողմից իրականացված առաքելությանը` բարձր գնահատելով այն: Նշված այցը հայ-լեհական պաշտպանական համագործակցության շրջանակներում Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն: Նոյեմբերի 28-ին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ինչպես նաև` այցելել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել