Սեյրան Օհանյանը եղավ ՀՕՊ ստորաբաժանումներում
27 Նոյեմբերի, 2009 00:00Մարտական հաշվարկները պատրաստ են կատարելու ցանկացած մարտական առաջադրանք: Հենակետերում այս մասին զեկուցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նախարարի` նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում էին հակաօդային պաշտպանության զորքերի դիվիզիոններն ու մարտկոցները: Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացավ մեր երկրի օդային սահմանները հսկող ստորաբաժանումների ծառայությանը, մարտական պատրաստականությանը և սոցիալ-կենցաղային պայմաններին:
Զորամասերում զինվորները ներգրավված էին ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներում: Նախարարը հանդիպեց և զրուցեց նրանց հետ, հետաքրքրվեց ծառայության առանձնահատկություններով, պարտականությունների իմացությամբ, առաջադրված խնդիրների կատարման պատրաստակամությամբ, ինչպես նաև հրամանատարական կազմին հանձնեց անվանական ժամացույցներ` լավագույններին խրախուսելու նպատակով: Սեյրան Օհանյանը եղավ նաև մարտական դիրքերում, որտեղ զօր ու գիշեր մարտական հերթապահություն են իրականացնում զինծառայողները` հսկելով իրենց վստահված օդային սահմանը: Զինվորներից հետաքրքրվելով մարտական հերթապահության արդյունքներով` նախարարը նրանց մաղթեց կամք ու կորով և խաղաղ ծառայություն:
Աշխատանքային շրջայցի ավարտին նախարարը եղավ նաև Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում: Շրջելով վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներում` Սեյրան Օհանյանը ծանոթացավ բուժհաստատության տեխնիկական հագեցվածությանը, զրուցեց բուժծառայողների և այնտեղ բուժվող զինվորների հետ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն