Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի հրապարակմանը
4 Դեկտեմբերի, 2009 00:00«Առավոտ» օրաթերթում 19.11.2009թ. տպագրված «Արաբկիրի զինկոմիսարիատը դեռ զարմացնում է» (հեղինակ` Ռուզան Մինասյան) և 02.12.2009թ. տպագրված «Զորակոչիկին` տարկետում» հրապարակումների առնչությամբ պարզաբանում ենք.
Անկողմնակալ լրատվամիջոցի համբավ ունեցող «Առավոտ» օրաթերթը «հասարակության շահերը պաշտպանելու» կարգախոսի ներքո շարունակում է ապատեղեկացնել և մոլորեցնել այդ նույն հասարակությանը: Այսպես` օրաթերթի նոյեմբերի 19-ի համարում տեղ է գտել Ռուզան Մինասյանի «Արաբկիրի զինկոմիսարիատը դեռ զարմացնում է» վերտառությամբ հոդվածը, որտեղ զինկոմիսարիատը ներկայացվում է որպես մի անհոգի, հակամարդկային հաստատություն, որը պատրաստ է նույնիսկ հիվանդ զինակոչիկին ամեն գնով զինվորական ծառայության ուղարկելու: Խոսքն այս դեպքում վերաբերում է զորակոչիկ Մհեր Մկրտչյանի գործին: Հոդվածի հրապարակումից հետո, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, ՀՀ ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ վարչության ստուգող խմբի անդամները հանդիպել են Արաբկիրի զինկոմ Ա. Ուլիխանյանին, զորակոչիկ Մհեր Մկրտչյանին և նրա հարազատներին, ինչպես նաև ուսումնասիրել են զինակոչիկի անձնական գործը:
Ըստ այսմ` ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ իրականությանը չեն համապատասխանում թերթում մատնանշված հետևյալ դրվագները.
ա) Ստուգող խմբի հետ հանդիպման ժամանակ զինակոչիկի հայրը հերքել է այն տեղեկատվությունը, թե ինքը «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի կողմից կոպիտ վերաբերմունքի է արժանացել: Զինակոչիկի հոր հավաստմամբ` ինքը լրագրողին այդպիսի բան չի ասել: բ) Հակառակ հրապարակման ներկայացրած տեղեկատվության` «Էրեբունի» բժշկական կենտրոնում զինակոչիկը երկրորդ անգամ չի հետազոտվել, և բնականաբար կենտրոնը չէր կարող երկրորդ անգամ նրան տալ «երկրորդ աստիճանի սկոլիոզ և 28 աստիճան ծռման անկյուն» ախտորոշում: գ) Ոչ հավաստի է նաև հոդվածի վերջում տեղ գտած այն պնդումը, ըստ որի` Մ. Մկրտչյանի ծնողների` ՀՀ պաշտպանության նախարարին ուղղած դիմումները մնում են անպատասխան: Իրականում դիմումների քննարկումը հանձնարարվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Ս. Չալյանին, ով ժամանակին պատասխանել է դիմումատուներին:
Շարունակելով գործի ուսումնասիրությունը և քննարկելով առկա արդյունքները, ինչպես նաև հաշվի առնելով բուժհիմնարկներում և բուժծառայություններում կատարված հետազոտությունների (ռենտգեն նկարներ) հիման վրա տրված տարբեր ախտորոշումները և դրանց վերաբերյալ բժիշկների միջև ծագած կարծիքների տարաձայնությունները` ՀՀ ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ վարչությունը որոշում է կայացրել Մհեր Գագիկի Մկրտչյանին լրացուցիչ ռենտգեն հետազոտության ենթարկելու անհրաժեշտության մասին:
Նոյեմբերի 27-ին «Արաբկիր» բժշկական համալիրում ՀՀ ՊՆ Վերահսկիչ-վերստուգիչ վարչության պետի, երկու սպաների և բժիշկների (ՀՀ ՊՆ 14203 զորամասի ռենտգեն բաժնի պետ, բ/ծ փոխգնդապետ Ա. Դանիելյան, ՀՀ ՊՆ 14203 զորամասի բժիշկ-ռենտգենոլոգ, բ/ծ կապիտան Ռ. Խաչատրյան, Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ Ս. Գալստյան, Վնասվածքաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վ. Այվազյան, տնօրենի բուժգծով տեղակալ Վ. Ամիրբեկյան, ռենտգեն բաժնի վարիչ Ա. Սանագյան, ընդունարանի բաժնի վարիչ Գ. Ամրոյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձագետ, դոցենտ Ա. Չարչյան, բժիշկ-օրդինատոր Ա. Մարգարյան, «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բժիշկ-ռադիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ա. Գրիգորյան) ներկայությամբ կատարվել է լրացուցիչ ռենտգեն նկարահանում, որը բժշկական փորձաքննության է ենթարկվել մասնակից բժիշկների կողմից: Զինակոչիկի մոտ ախտորոշվել է ողնաշարի կրծքագոտկային հատվածի սկոլիոզ 21-23 աստիճան (21 աստիճանի դեպքում զինակոչիկը զինվորական ծառայության համար ճանաչվում է պիտանի` որոշակի սահմանափակմամբ, իսկ 23 աստիճանի դեպքում` ոչ պիտանի): Հիմնավորվել է նաև այն, որ զինակոչիկի ոսկրային աճը դեռևս ավարտված չէ: Հաշվի առնելով 21-23 աստիճանի վերաբերյալ բժիշկ մասնագետների տարբեր կարծիքները, որոնց մեջ գերակշռում էր այն տեսակետը, որ ոսկրային աճը լիարժեք ավարտվելուց հետո հնարավոր է սկոլիոզի շեղման աստիճանների փոփոխություն, որոշում է ընդունվել բուժման համար զինակոչիկ Մ. Մկրտչյանին մեկ տարի ժամանակով տալ տարկետում և զինակոչիկի փորձաքննությանը կրկին անդրադառնալ 2010 թվականի աշնանային զորակոչի շրջանակում:
Այս ամենն անտեսելով` «Առավոտ» օրաթերթը 02.12.09թ. համարում կրկին կեղծիքը ներկայացրել է որպես իրականություն` չնշելով, որ նախկինում 29 աստիճանի համար պայքարող նույն բժիշկների կողմից վերջնականապես ախտորոշվել է 21-23 աստիճան սկոլիոզ: Զինակոչիկի ոչ ճիշտ ախտորոշման վերաբերյալ Արաբկիրի զինկոմի կասկածները տեղին են եղել, որոնք և հիմնավորվել են լրացուցիչ հետազոտման արդյունքում:
ՀՀ պաշտպանության նախարարության` ՀՀ պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտին առնչվող փաստերի նկատմամբ որոշ լրատվամիջոցների խիստ անպատասխանատու վերաբերմունքը և բացահայտ ապատեղեկատվություն մատուցելու միջոցով լրատվամիջոցը հասարակական ուշադրության կենտրոնում պահելու փորձերն իրականում վարկաբեկման և հեղինակազրկման անհաջող օրինակներ են: Վտանգավոր այս ժամանակաշրջանում ԶԼՄ-ները պետք է առավել մանրակրկիտ կերպով քննեն իրենց հասած յուրաքանչյուր տեղեկություն` հասարակության շրջանում պառակտում չառաջացնելու համար: Հակառակ դեպքում լրատվամիջոցները պետք է հիշեն, որ բացահայտ սուտ և չստուգված տեղեկությունների տարածումը կարող է հանգեցնել համարժեք պատասխանատվության:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն