ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
8 Դեկտեմբերի, 2009 00:00Դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին և դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիկ Ռիդաուտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես` պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքը և հեռանկարները: Նշվեց, որ բրիտանական աջակցությունն այս գործընթացին հանդիսանում է հայ-բրիտանական երկկողմ ռազմական հարաբերությունների կարևորագույն ծրագրերից մեկը, և բրիտանական կողմը կանի առավելագույնս ծրագիրը շարունակելու ուղղությամբ: Ողջունելով ՀՀ մասնակցությունը Աֆղանստանի միջազգային աջակցման ուժերում` դեսպան Լոնսդեյլը նշեց, որ բարձր է գնահատում Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցությունը և իր հերթին պատրաստ է աջակցել հարաբերություններն էլ ավելի խորացնելուն:
ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել և զարգացնել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության հետ, բարձր գնահատեց այս ուղությամբ ՆԱՏՕ-ի և անձամբ դեսպանի ջանքերը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն