Տեղի ունեցավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը
17 Դեկտեմբերի, 2009 00:00Դեկտեմբերի 14-ից 17-ը Երևանում անցկացվեց ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 4-րդ նիստը` հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ:
Նիստի շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինը ստորագրեցին «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ռազմական նշանակության արտադրանքը երրորդ երկրներ արտահանելիս փոխգործակցության մասին» համաձայնագիրը:
Ստորագրման արարողությանը նախորդած իր ելույթում պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև այս համաձայնագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունի հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման համար, կնպաստի երկու պետությունների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն