13 զինծառայողներ ևս ապահովվեցին բնակարաններով
18 Դեկտեմբերի, 2009 00:00ՀՀ Կառավարության և Պաշտպանության նախարարության առաջնային ուշադրության կենտրոնում են զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման խնդիրները: Վերջին երկու տարիներին շահագործման է հանձնվել հարյուրավոր բնակարաններից բաղկացած երեք տասնյակից ավելի շենք: Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակներում Արմավիր քաղաքում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ հերթական շենքի բացման արարողությունը: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին 13 զինծառայողներ և Արմավիր քաղաքի սոցիալապես անապահով 3 ընտանիքներ:
Շնորհավորելով բնակարանամուտ տոնող ընտանիքներին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Կառավարությունը պարտավոր է լուծելու զինծառայողների սոցիալական խնդիրները. իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը` զինծառայողներն ամենայն պատասխանատվությամբ կլծվեն հայրենիքի անվտանգության ապահովման սուրբ գործին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զինծառայողներին հանձնեց բնակարանների բանալիներն ու վկայագրերը:
Իր հերթին շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց մաղթեց ծառայողական հաջողություններ, ընտանեկան երջանկություն ու ջերմություն: Վերակառուցված շենքը, որը բաղկացած է 8 երկու և 8 երեք սենյականոց բնակարաններից, համապատասխանում է սոցիալ-կենցաղային ժամանակակից չափանիշներին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն