Այցելություն ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

17 Նոյեմբերի, 2016 18:18
Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան են այցելել Անվտանգային նոր մարտահրավերների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հյուրերին է ներկայացրել համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները, գիտակրթական ծրագրերը: Նշվել է, որ ՊԱՀՀ-ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը: Դրանց է միտված նաև ՊԱՀՀ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի հիման վրա Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների կառավարման ինստիտուտի ստեղծման ծրագիրը:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները բարձր են գնահատել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական և հետազոտական և ծրագրերը` վստահություն հայտնելով, որ դրանք էականորեն կնպաստեն ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդիականացմանը:

  • Տարածել