ՀՀ ԶՈՒ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարչության գործունեության մասին
ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը կազմավորվել է 1993 թվականի հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
Կազմավորման օրվանից մինչ օրս Վարչության պետի ղեկավար պաշտոնը զբաղեցրել են՝
- 1993թ. սեպտմբերի 1-ից մինչև 1995թ.օգոստոսի 19-ը` գեներալ-մայոր Արտուշ Օգանեզի Տեր-Թադևոսյանը,
- 1995թ. օգոստոսի 19-ից մինչև 1999թ. օգոստոսի 20-ը` գնդապետ Գեղամ Բենյամինի Հարությունյանը,
- 1999թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2000թ. հոկտեմբերի 3-ը` փոխգնդապետ Արայիկ Արտաշեսի Թադևոսյանը,
- 2000թ. հոկտեմբերի 3-ից մինչև 2002թ. օգոստոսի 27-ը` գնդապետ Սուրեն Ցոլակի Գևորգյանը,
- 2002թ. օգոստոսի 27-ից մինչև 2009թ. փետրվարի 27-ը` գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանը,
- 2009թ. փետրվարի 27-ից մինչ 2020թ. փետրվարի 19-ը՝ գեներալ-մայոր Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը:
Ազգ-բանակ հայեցակարգային դրույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունը կոչված է իրականացնելու զինված ուժերի (զորքերի) բարոյահոգեբնական ապահովումը (ԲՀԱ) խաղաղ և պատերազմի ժամանակ` տեղեկատվական-դաստիարակչական, հոգեբանական, սոցիալ-իրավական, մշակութաժամանցային, զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներ կազմակերպելով, հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունից զորքերի (ուժերի) պաշտպանության միջոցառումներ իրականացնելով, տեղեկատվության և դաստիարակության տեխնիկական միջոցներով ապահովելով:
Ըստ ԲՀԱ բաղկացուցիչների` վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
Տեղեկատվական-դաստիարակչական աշխատանք.
- զինծառայողների շրջանում գաղափարական համոզվածության, կայուն բարոյահոգեբանական հատկանիշների ձևավորման և Հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ անձնակազմի համախմբմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում,
- զինվորական կոլեկտիվներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման ու կանոնադրական կարգի ամրապնդման նպատակով «Ազգ-բանակ» հայեցակարգային դրույթների շրջանակում «Հայրենիքի պաշտպանի ձևավորման գաղափարական-ուսումնադաստիարակչական միջոցառումների ուրվագծի» համաձայն` մարտական ուսուցման պարապմունքների հետ համադրմամբ ու ներդաշնակմամբ ծրագրային միջոցառումների իրականացման վերահսկում,
- զինված ուժերում կրթամշակութային գործունեությունը խթանելու, զինծառայողների հայրենագիտական ու իրավական գիտելիքների տարածմանը նպաստելու, ազգային հոգեկերտվածքն ամրապնդելու նպատակով Հայ Առաքելական եկեղեցու հետ սերտ համագործակցությամբ հոգևոր-բարոյական դաստիարակության իրականացում, կրթամշակութային ակումբների, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների և ՀԿ-ների հետ համագործակցություն, համաբանակային մրցախաղերի կազմակերպում և անցկացում:
Հոգեբանական աշխատանք.
- անձնակազմի հոգեբանական պատրաստության, հոգեկան կայունության ապահովման, նյարդահոգեկան լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում,
- զինծառայողների անհատական-հոգեբանական առանձնահատկությունների համակողմա-նի, մանրակրկիտ ուսումնասիրում ու հոգեբանական ուղեկցում,
- «Ինթրա» հոգեկան առողջության պահպանման կենտրոնի և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ զինծառայողների հոգեբանական կայունությանն ու հոգեկան առողջության պահպանմանը, սպա-հոգեբանների վերապատրաստմանն ուղղված ծրագրերի իրականացում,
- զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու երևույթների պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծում, դրանց կանխարգելման նպատակով համապատասխան սեմինարների և կոնֆերանսների անցկացում
- հոգեբանական օգնության կետերի գործունեության կազմակերպում,
- առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջարկությունների մշակում:
Զինվորական-սոցիալական (սոցիալ-իրավական) աշխատանք.
- զինծառայողների իրավունքների ու սոցիալական երաշխիքների պաշտպանության և ապահովման միջոցների ձեռնարկում, խախտված իրավունքների վերականգնում, իրավական գիտելիքների մակարդակի բարձրացում, կազմակերպչական և կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ` զինվորական կարգապահության և կանոնադրական կարգուկանոնի, ամրապնդում,
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ զինծառայողների իրավական պատրաստության մակարդակի բարձրացմանն ու զինծառայողների մասնագիտական կողմնորոշմանը և համապատասխան խորհրդատվության տրամադրմանն ուղղված ծրագրերի իրականացում:
Մշակութաժամանցային աշխատանք.
- անձնակազմի լիարժեք հանգստի ու ժամանցի անցկացման համար համապատասխան պայմանների ապահովում, զինծառայողների հոգեկան լարվածության թուլացմամբ և զգացմունքային կայուն վիճակի պահպանմամբ զինվորական կոլեկտիվներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման համար միջոցների ձեռնարկում,
- զինվորական պարտքի, հայրենական ավանդույթների նկատմամբ հավատարմության դաստիարակում, մշակութա-գեղարվեստական սպասարկում, պետական և տարածքային մշակութային մարմինների հետ համագործակցություն, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների հաղորդակցում ազգային և համամարդկային մշակութային արժեքներին,
- ԶՈՒ երգի և պարի համույթի մասնակցությամբ տարաբնույթ համերգային-ժամանցային միջոցառումների իրականացում:
Զորքերի (ուժերի) պաշտպանություն հակառակորդի տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունից.
- դրված առաջադրանքների, խնդիրների պարզաբանում, տեղեկատվական իրավիճակի վերլուծությամբ հոգեբանական ներազդեցության ու քարոզչության, հոգեներգործուն միջոցների կիրառման կանխատեսում, կանխարգելման, խափանման և հետևանքների վերացման աշխատանքների իրականացում:
Տեղեկատվության և դաստիարակության տեխնիկական միջոցներով ապահովում.
- դաստիարակության տեխնիկական միջոցների և գույքի ձեռք բերման, հաշվառման ու բաշխման գործընթացի համակարգում, սարքինության վիճակի ապահովում և նպատակային օգտագործում: