Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյան

Ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5(18)-ին ք. Թիֆլիս: Անվանի աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ 1934թ. Լենինգրադի համալսարանում հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1934-41թթ. եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1939թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, 1953թ.՝ իսկական անդամ։ 1947թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի նախագահ և ապա վերընտրվել մինչև 1993թ., որից հետո դարձել է պատվավոր նախագահ։ 1946թ. հիմնադրել է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1988թ.։ 1961-64թթ. եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ, 1968-70 և 1970-72թթ. ընտրվել Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Մահացել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։ Հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների և գրքերի։ 1950-90թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1989թ. ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական Պատգամավորների Համագումարի պատգամավոր։ Ընտրվել է 20-ից ավելի ակադեմիաների պատվավոր անդամ, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։ Արժանացել է Ստալինյան մրցանակի (2), Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի և ԽՍՀՄ ԳԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալի: Արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման (2), պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։ Սահմանվել է Վ. Համբարձումյանի անվան ՀՀ միջազգային մրցանակ աստղագիտության բնագավառում: Հայաստանի Ազգային Հերոս (11.10.1994): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիք շքանշանով: