ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ռազմական ակադեմիայի բակալավրիատի և լրացուցիչ կրթության (մեկամյա) սպայական դասընթացների դիմորդների անձնական գործերի ձևակերպումը քաղաքացիական անձանց համար կատարվում է ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատներում, իսկ զինծառայողների համար՝ զորամասերում:
Դիմորդները կենտրոնացված միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար www.dimord.am կայքում լրացնում են ընդունելության դիմում-հայտը:
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
– դիմում ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատի զինկոմի (զորամասի հրամանատարի) անունով,
– անձնական թերթիկ (անկետա),
– մասնագիտական ընտրության քարտ,
– ինքնակենսագրություն,
– բնութագիր,
– բժշկական քարտ՝ ֆլյուրոգրաֆիկ, ուլտրաձայնային և բժշկական այլ հետազոտությունների վերաբերյալ նշումներով, «ԱՎԱՆ» հոգեկան առողջության կենտրոնից (հոգեբուժական դիսպանսեր) և ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնից տեղեկանքներ,
– ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատի զինկոմի (զորամասի հրամանատարի) հաստատած՝ անձնագրի և ծննդյան վկայականի պատճենը երկու օրինակից (զինծառայողները՝ նաև զինվորական գրքույկ),
– բնակության վայրի՝ ոստիկանության բաժնում հաշվառված չլինելու մասին տեղեկանք,
– որդուն (դստերը) ուսման ուղարկելու վերաբերյալ ծնողների համաձայնագիր՝ նոտարական հաստատմամբ (մինչև 18 տարեկան քաղաքացիների համար),
– ատեստատ՝ միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթ (պատճենը) (մեկամյա սպայական դասընթացների դիմորդները՝ դիպլոմ),
– տեղեկանք ընտանիքի կազմի մասին,
– սոցիալական քարտի պատճենը (տեղեկանք՝ հանրային ծառայությունների համարանիշ ներկայացնելու մասին),
– գունավոր 4 լուսանկար (3x4 սմ չափսի),
– միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմներ,
– ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր:
Ընդունելության (ընտրության) համար դիմորդների հետ անցկացվում է ընդհանուր գիտելիքների և զարգացվածության աստիճանի թեստավորում՝ համակցված թեստային առաջադրանքների կատարմամբ, կամ հանձնում են «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից քննություններ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստատած ծրագրերին և գնահատման չափորոշիչներին համապատասխան, միասնական չափորոշիչների հիման վրա՝ միասնական քննությունների «Բ» տարբերակով, իսկ «Հայոց լեզու» առարկայի քննությունը՝ ավարտական քննությունների «Ա» տարբերակով:
Միասնական քննությունները հանձնած դիմորդները (քննություններից դրական միավորներ ստանալու դեպքում) ակադեմիայում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ենթարկվում են բժշկական զննության: Դիմորդի առողջական վիճակի մասին ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում միայն դիմորդին թույլատրվում է մասնակցել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայի քննությանը և մասնագիտական կողմնորոշման համար՝ ընդհանուր զարգացվածության մակարդակի ու հոգեբանական պիտանիության թեստավորմանը:
Դիմորդները «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից քննությունը հանձնում են ակադեմիայում. արական սեռի դիմորդները՝ «Ձգումներ պտտաձողի վրա» (իգական սեռի դիմորդները՝ «Համալիր ուժային վարժություն»), «Վազք 100 մ» և «Վազք 1000 մ» վարժաձևերից: Մրցութային քննություններից ստացած դրական միավորների (քննություններից միայն դրական միավորներ ստանալու դեպքում) գումարով և մասնագիտական կողմնորոշման թեստավորման դրական եզրակացությամբ դիմորդը մասնակցում է հայտագրված համապատասխան մասնագիտությունների մրցույթներին և ընդունող հանձնաժողովի նիստին:
Մրցույթով անցած դիմորդները նորակոչիկների պատրաստության փուլն ավարտելուց և զինվորական երդում ընդունելուց հետո համարվում են կուրսանտ՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ուսումնառության ընթացքում կուրսանտներն ապահովվում են անվճար սննդով, համազգեստով և հանդերձանքով, քնելատեղով, օգտվում են «ՀՀ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող արտոնություններից. անվճար բժշկական օգնություն, անվճար տրանսպորտային ապահովում: Կուրսանտները ուսումնառության, ինչպես նաև հետուսումնական սպայական ծառայության ընթացքում օգտվում են մինչև 40 000 000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի և մինչև 150 ձ/ուժ հզորությամբ շարժիչով մեկ ավտոմեքենայի գույքահարկ չվճարելու արտոնություններից:
Ուսումնառության ընթացքում կուրսանտները ստանում են 15000-ից մինչև 175000 դրամ կրթաթոշակ՝ ըստ ուսումնառության կուրսերի և առաջադիմության համար սահմանված գործակիցների արտադրյալի համագումարի:
Ուսումնառությունը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում սահմանված ցանկից ինքնուրույն ընտրել հետագա ծառայության վայրը:
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և զորքերում սպայական պաշտոնի նշանակված շրջանավարտները օգտվում են պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագրից (գումարը լիովին փոխհատուցում է պետությունը):
Ուսման ավարտական փաստաթղթերի հետ շրջանավարտներն անվճար ստանում են նաև B, C կարգի վարորդական վկայական:
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ակադեմիայի շրջանավարտներն ապահովվում են ՀՀ զինված ուժերում կայուն և երկարաժամկետ աշխատանքով և ֆինանսական կայունությամբ, օգտվում են սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից, «ՀՀ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող արտոնություններից. ծառայողական բնակարանային ապահովում, անվճար բժշկական օգնություն (այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամները), առողջարանային հանգիստ, անվճար տրանսպորտային ապահովում, մինչև 40 000 000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի և մինչև 150 ձ/ուժ հզորությամբ շարժիչով մեկ ավտոմեքենայի գույքահարկ չվճարելու արտոնություններ, երկարամյա ծառայողական կենսաթոշակ:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներն օգտվում են պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագրից:
Պետական աջակցությամբ հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիրը և հիպոթեկային վարկավորման պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:
Կնքված հիպոթեկային վարկավորման ընթացքում մինչև զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալը (ուսումը ներառյալ՝ 20 տարի) զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերի, դադարում են պետական աջակցությամբ հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագիրը և հիպոթեկային վարկավորման կնքված պայմանագրով իրականացվող պետական աջակցությունը, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողը պարտավոր է եռամսյա ժամկետում պետական բյուջե վճարել հիպոթեկային վարկավորման պայմանագրի կնքման օրվանից մինչև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրը հիպոթեկային վարկավորման պայմանագրի հիման վրա պետական բյուջեի հաշվին իրականացված վճարումների ամբողջ գումարը:
Պետական աջակցությամբ հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագրի շրջանակում կնքվող հիպոթեկային վարկավորման պայմանագրում պարտադիր է հիպոթեկային վարկավորման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի ձեռք բերած բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարանի կամ բնակելի տան գնման իրավունքի օտարման հնարավորության սահմանափակման վերաբերյալ պայմանի նախատեսումը:
Հավելյալ տեղեկությունների և ծրագրին մասնակցելու համար դիմել ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատներ։
Հաճախակի տրվող հարցեր եվ պատասխաններ
1․ Ի՞նչ մասնագիտությամբ կարող եմ սովորել:
Ռազմական ակադեմիայում առկա են հետևյալ մասնագիտությունները՝
ա. Ցամաքային զորքերի ինստիտուտ
Որակավորումը՝ Ստորաբաժանումների կառավարման բակալավր
Ուսման տևողությունը՝ 4 տարի, անվճար
Ընդունելությունը` ընդհանուր զարգացվածության թեստավորմամբ
Մասնագիտությունները`
– Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում
– Հրետանային ստորաբաժանումների կառավարում
– Խոշոր տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումների կառավարում
– Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում
– Հետախուզական ստորաբաժանումների կառավարում
– Տանկային ստորաբաժանումների կառավարում
– Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառավարում
– Հատուկ նշանակության ստորաբաժանումների կառավարում
Ուսման տևողությունը՝ 5 տարի, անվճար
Որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր
Ընդունելությունը` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությամբ
Մասնագիտությունը`
– Ռազմական կապի տեխնիկա
բ. Ռազմաօդային ուժերի ինստիտուտ
Ուսման տևողությունը՝ 5 տարի, անվճար
Որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր
Ընդունելությունը` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությամբ
Մասնագիտությունները`
– Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ/ուղղաթիռ)
– Ավիացիոն սպառազինություն
– Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ
– Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ
– ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ (Օսա-ԱԿ)
– ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ (Ս-300)
– ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ
Ուսման տևողությունը՝ 4 տարի, անվճար
Որակավորումը՝ ճարտարագիտության բակալավր
Ընդունելությունը` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությամբ
Մասնագիտությունները`
– Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ/ուղղաթիռ)
– Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում
– ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ
2․ Որքա՞ն է ռազմական ակադեմիայում ուսման վճարը:
Կրթությունը ռազմական ակադեմիայում անվճար է:
Ուսումնառության ընթացքում կուրսանտներն ապահովվում են անվճար սննդով, համազգեստով և հանդերձանքով, քնելատեղով:
Ուսումնառության ընթացքում կուրսանտները ստանում են 15000-ից մինչև 175000 դրամ կրթաթոշակ՝ ըստ ուսումնառության կուրսերի և առաջադիմության համար սահմանված գործակիցների արտադրյալի համագումարի:
3․ Քանի՞ տարի է կրթությունը:
Կրթությունը 4 կամ 5 տարի է՝ կախված մասնագիտությունից:
ա. 4 տարի կրթությամբ մասնագիտություններն են`
– Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում
– Հետախուզական ստորաբաժանումների կառավարում
– Հրետանային ստորաբաժանումների կառավարում
– Խոշոր տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումների կառավարում
– Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում
– Տանկային ստորաբաժանումների կառավարում
– Սահմանապահ ստորաբաժանումների կառավարում
– Հատուկ նշանակության ստորաբաժանումների կառավարում
– Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ/ուղղաթիռ)
– Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում
– ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ
բ. 5 տարի կրթությամբ մասնագիտություններն են`
– Ռազմական կապի տեխնիկա
– Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ/ուղղաթիռ)
– Ավիացիոն սպառազինություն
– Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ
– Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ
– ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ (Օսա-ԱԿ)
– ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ
4․ Ի՞նչ որակավորում է տրվում ակադեմիայի շրջանավարտներին:
Կրթության ավարտին ակադեմիայի շրջանավարտները ձեռք են բերում բակալավրի որակավորում:
5․ Ի՞նչ զինվորական կոչում է շնորհվում ակադեմիայի շրջանավարտներին:
Կրթության ավարտին ակադեմիայի շրջանավարտներին շնորհվում է լեյտենանտի սպայական կոչում:
6․ Ինչպե՞ս է որոշվում երիտասարդ սպայի հետագա ծառայության վայրը:
Ակադեմիայի շրջանավարտները վիճակահանության սկզբունքով նշանակվում են համապատասխան սպայական պաշտոնների։
Ուսումնառությունը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում սահմանված ցանկից ինքնուրույն ընտրել հետագա ծառայության վայրը:
7․ Ո՞ր տարիքից կարող եմ ընդունվել ռազմական ակադեմիա:
Ռազմական ակադեմիա ընդունվում են միջնակարգ (լրիվ) ուսումը (ավագ դպրոցը կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (քոլեջ) և վարժարաններ) ավարտելուց հետո, իսկ դիմորդների առավելագույն տարիքը 23 տարեկանն է:
9-ամյա կրթությամբ ռազմական ակադեմիա չեն կարող դիմել:
8․ Ինչպե՞ս կարող եմ մասնակցել ընդունելությանը:
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մոտենալ ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատներ՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար։
Դիմորդները կենտրոնացված միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար www.dimord.am կայքում լրացնում են ընդունելության դիմում-հայտը:
Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառավարում մասնագիտության դիմորդները, նշվածից բացի՝ պարտադիր ներկայանում են Սահմանապահ զորքերի կադրային ստորաբաժանում` ընդունելության համար դիմելու և համապատասխան փաստաթղթերը լրացնելու համար:
9․ Ի՞նչ քննություններ է պետք հանձնել ռազմական ակադեմիա ընդունվելու համար:
ա) Միասնական քննության գնահատականը չպահանջող մասնագիտություններ
– Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում
– Հետախուզական ստորաբաժանումների կառավարում
– Հրետանային ստորաբաժանումների կառավարում
– Խոշոր տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումների կառավարում
– Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում
– Տանկային ստորաբաժանումների կառավարում
– Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառավարում
– Հատուկ նշանակության ստորաբաժանումների կառավարում
մասնագիտությունների ընդունելության համար դիմորդների հետ ռազմական ակադեմիայում անցկացվում է ընդհանուր գիտելիքների և զարգացվածության աստիճանի թեստավորում, իսկ «Հայոց լեզու» առարկայի քննությունը՝ ավարտական քննությունների «Ա» տարբերակով, կամ դիմորդները կարող են հանձնել «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից միասնական քննություններ:
Առողջական վիճակի մասին ռազմաբժշկական հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում թույլատրվում է մասնակցել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայի քննությանը:
«Ֆիզիկական պատրաստություն» առարկայից արական սեռի դիմորդները քննություն են հանձնում «Ձգումներ պտտաձողի վրա» (իգական սեռի դիմորդները՝ «Համալիր ուժային վարժություն»), «Վազք 100 մ» և «Վազք 1000 մ» վարժաձևերից:
Մրցութային քննություններից ստացած դրական միավորների (քննություններից միայն դրական միավորներ ստանալու դեպքում) գումարով և մասնագիտական կողմնորոշման թեստավորման դրական եզրակացությամբ դիմորդը մասնակցում է հայտագրված համապատասխան մասնագիտությունների մրցույթներին ու ընդունող հանձնաժողովի նիստին:
Մրցույթով անցած դիմորդները նորակոչիկների պատրաստության փուլն ավարտելուց և զինվորական երդում ընդունելուց հետո համարվում են կուրսանտ՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
բ) Միասնական քննության գնահատականը պահանջող մասնագիտություններ
– Ռազմական կապի տեխնիկա
– Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ/ուղղաթիռ)
– Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ/ուղղաթիռ)
– Ավիացիոն սպառազինություն
– Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ
– Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ
– Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում
– ՀՕՊ մասնագիտություններ
մասնագիտությունների ընդունելության համար դիմորդները «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների քննությունները հանձնում են միասնական քննությունների «Բ» տարբերակով, իսկ «Հայոց լեզու» առարկայի քննությունը՝ ավարտական քննությունների «Ա» տարբերակով։
Առողջական վիճակի մասին ռազմաբժշկական հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում թույլատրվում է մասնակցել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայի քննությանը:
«Ֆիզիկական պատրաստություն» առարկայից արական սեռի դիմորդները քննություն են հանձնում «Ձգումներ պտտաձողի վրա» (իգական սեռի դիմորդները՝ «Համալիր ուժային վարժություն»), «Վազք 100 մ» և «Վազք 1000 մ» վարժաձևերից:
Մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով (քննություններից միայն դրական միավորներ ստանալու դեպքում) և մասնագիտական կողմնորոշման թեստավորման դրական եզրակացությամբ դիմորդը մասնակցում է հայտագրված համապատասխան մասնագիտությունների մրցույթներին և ընդունող հանձնաժողովի նիստին:
Մրցույթով անցած դիմորդները նորակոչիկների պատրաստության փուլն ավարտելուց և զինվորական երդում ընդունելուց հետո համարվում են կուրսանտ՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
10․ Ի՞նչ արտոնություններ ունեն կուրսանտները:
Ուսումնառության ընթացքում կուրսանտներն ապահովվում են անվճար սննդով, համազգեստով և հանդերձանքով, քնելատեղով, օգտվում են «ՀՀ զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող արտոնություններից՝ անվճար բժշկական օգնություն, անվճար տրանսպորտային ապահովում: Կուրսանտներն ուսումնառության, ինչպես նաև հետուսումնական սպայական ծառայության ընթացքում օգտվում են մինչև 40 000 000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի և մինչև 150 ձ/ուժ հզորությամբ շարժիչով մեկ ավտոմեքենայի գույքահարկ չվճարելու արտոնություններ:
Ուսումնառության ընթացքում կուրսանտները ստանում են 15000-ից մինչև 175 000 դրամ կրթաթոշակ՝ ըստ ուսումնառության կուրսերի և առաջադիմության համար սահմանված գործակիցների արտադրյալի համագումարի:
Ուսումնառության ընթացքում կուրսանտներին տրվում է տարեկան 6-շաբաթյա արձակուրդ: 1-ին և 2-րդ կուրսերի կուրսանտներին շաբաթ և կիրակի օրերին հատկացվում է ազատ արձակում, իսկ 3-5-րդ կուրսերի և ամուսնացած կուրսանտներն օգտվում են ամենօրյա ազատ ելքի իրավունքից:
11․ Կուրսանտն ունի՞ արտասահմանում ուսումը շարունակելու հնարավորություն:
Ռազմական ակադեմիայի լավագույն կուրսանտները 2-րդ կուրսից հնարավորություն ունեն ուսումնառությունը շարունակելու արտասահմանի առաջատար ռազմաուսումնական հաստատություններում:
12․ Շրջանավարտն ունի՞ հնարավորություն՝ ընտրելու ծառայության վայրը կամ զորամասը:
Ուսումնառությունը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում սահմանված ցանկից իր ցանկությամբ ընտրել հետագա ծառայության վայրը:
13․ Ինչպե՞ս է լուծվում ակադեմիայի շրջանավարտների՝ բնակարանով ապահովելու հարցը:
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և զորքերում սպայական պաշտոնի նշանակված շրջանավարտներն օգտվում են պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիպոթեկային վարկավորման նպատակային ծրագրից (գումարը լիովին փոխհատուցում է պետությունը):
14․ Որտեղի՞ց կարող եմ ծանոթանալ ընդունելության քննությունների ժամանակացույցին:
Ռազմական ակադեմիայի ընդունելության քննությունների մասին կարող եք տեղեկանալ ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատներից, ինչպես նաև սոցիալական հարթակներում ռազմական ակադեմիայի Facebook և Instagram էջերից:
«Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ www.dimord.am կայքից:
15․ Եթե ունեմ առողջական սահմանափակումներ, խրոնիկական հիվանդություններ, կարո՞ղ եմ դիմել ռազմական ակադեմիա:
Ռազմական ակադեմիայի դիմորդները ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ենթարկվում են պարտադիր բժշկական զննության: Դիմորդի առողջական վիճակի մասին ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում միայն դիմորդին թույլատրվում է մասնակցել ընդունելության գործընթացին:
16․ Օտարերկրյա քաղաքացի եմ, կարո՞ղ եմ դիմել ռազմական ակադեմիա:
Ռազմական ակադեմիա կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
17․ Ունեմ երկքաղաքացիություն, կարո՞ղ եմ դիմել ռազմական ակադեմիա․
Կարող եք, եթե հանդիսանում եք նաև ՀՀ քաղաքացի: Ռազմական ակադեմիա կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
18․ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորները կարո՞ղ են դիմել ռազմական ակադեմիա:
Այո՛: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորները ռազմական ակադեմիա դիմելու համար պետք է զեկուցագրով դիմեն զորամասի հրամանատարությանը:
19. 1-ամյա սպայական դասընթացների մասին
Ավարտել եմ քաղաքացիական բուհ (ՀՀ-ում կամ արտասահմանում), ունեմ բակալավրի (մագիստրոսի) որակավորում, կարո՞ղ եմ ընդունվել ռազմական ակադեմիա:
Քաղաքացիական բուհերի շրջանավարտների համար լրացուցիչ կրթության ծրագրի շրջանակում ռազմական ակադեմիան իրականացնում է 1-ամյա սպայական դասընթացներ՝ «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» և «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտություններով:
Կարող եք դիմել ՀՀ ՊՆ տարածքային զինկոմիսարիատներ՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար։
Իսկ զորակոչին մասնակցող դիմորդների հավաքագրումն իրականացնում են մեր մասնագետները, որոնք գտնվում են կենտրոնական հավաքակայանում:
Դասընթացների շրջանավարտներին շնորհվում է լեյտենանտի սպայական կոչում և համապատասխան զինվորական մասնագիտություն: Շրջանավարտները վիճակահանության սկզբունքով նշանակվում են համապատասխան սպայական պաշտոնների երկու տարի ժամկետով:
20․ Վ․ Սարգսյանի անվ․ ռազմական ակադեմիայի բակալավրիատում ուսանելու նպատակով կարո՞ղ են դիմել իգական սեռի ներկայացուցիչները:
Ռազմական ակադեմիայի բակալավրիատում ուսանելու նպատակով կարող են դիմել թե՛ արական, թե՛ իգական սեռի ՀՀ քաղաքացիները։
Լրացուցիչ տեղեկությունների կամ այլ հարցեր, պարզաբանումներ ստանալու համար երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից 17:30-ը (ընդմիջում՝ 14:00-15:00), կարող եք զանգահարել 010 66 22 02 հեռախոսահամարով:
Հայերեն
English
Русский