ՊԱՀՀ-ի Գիտահրատարակչական կենտրոն
ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի Գիտահրատարակչական կենտրոնը ՊԱՀՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից է: Կենտրոնը տարին 4 անգամ բաց հրապարակմամբ լույս է ընծայում «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսը` գերազանցապես հայերեն լեզվով և կից հոդվածների ռուսերեն ու անգլերեն ամփոփումներով, ինչպես նաև հրատարակում է ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ում մշակված գիտահետազոտական-վերլուծական նյութեր` առանձին պրակների («Աշխատանքային տետրեր») և պարբերական հրատարակությունների տեսքով:
Գիտահրատարակչական կենտրոնի նպատակն է նպաստել ՀՀ ԶՈՒ-ում առաջավոր ռազմագիտական մտքի, գիտելիքների ու փորձի տարածմանը, ՊԱՀՀ-ում կատարվող ռազմավարական հետազոտությունների արդյունքների հրապարակմանը, ՀՀ ԶՈՒ-ում գիտական կադրերի պատրաստմանը, բանակ–հասարակություն կապի սերտացմանը, հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակմանը:
«Հայկական բանակ»
ռազմագիտական հանդես
ՀՀ ՊՆ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսն ստեղծվել է 1994 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով` Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի առաջարկությամբ: Հանդեսի ստեղծման աշխատանքը հանձնարարված էր քաղաքական գիտությունների դոկտոր, գնդապետ (ներկայումս` պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր) Հայկ Սարգսի Քոթանջյանին:
«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նպատակն է նպաստել.
- ՀՀ ԶՈՒ-ում հայրենական ու համաշխարհային առաջավոր ռազմագիտական մտքի, գիտելիքների ու փորձի տարածմանը,
- ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի մասնագիտական զարգացմանը, բարոյահոգեբանական ու զինվորական դաստիարակությանը, հայրենասիրության վեհ զգացմունքի սերմանմանը,
- ՀՀ ԶՈՒ-ում գիտական կադրերի պատրաստմանը,
- ԱՌՀԻ-ում կատարվող ռազմավարական հետազոտությունների արդյունքների ձևակերպմանն ու ներկայացմանը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների ղեկավարներին,
- բանակ-հասարակություն կապի սերտացմանը,
- հայերենի ռազմագիտական տերմինաբանության մշակմանը, հասկացութենական-տերմինաբանական ապարատի զարգացմանը:
Եռալեզու (հայերեն` ռուսերեն և անգլերեն ամփոփումներով) «Հայկական բանակ» հանդեսը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի դոկտորական պարբերականների ցուցակում է և իր ուրույն տեղն է գրավում այլ գիտական պարբերականների շարքում:
Հանդեսի թեմատիկ ընդգրկումը լայն է. դրանում զետեղվում են գիտական հրապարակումներ, որոնք վերաբերում են ռազմական գործի ամենատարբեր ոլորտներին: Հանդեսի գոյության ավելի քան 20 տարվա ընթացքում նրան հեղինակել են ավելի քան 400 մասնագետ ինչպես ԶՈՒ-ից, այնպես էլ այլ ուժային կառույցներից, քաղաքացիական ոլորտի գիտական ու բուհական, այդ թվում` արտասահմանյան հաստատություններից:
Հանդեսի համարներն առաքվում են ՀՀ-ում օտարերկրյա և արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբ և Ջ. Մարշալի անվան Անվտանգային հետազոտությունների եվրոպական կենտրոն: Հանդեսի հեղինակների թվում են ռազմագետ-փորձագետներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից և այլ պետություններից, նրանց հոդվածներն ամբողջությամբ են հրապարակվում նաև բնագրի (ռուսերեն կամ անգլերեն) լեզվով:
2008 թվականից հանդեսի յուրաքանչյուր համար նվիրված է լինում ԶՈՒ-ի կենսագործունեության կոնկրետ ոլորտում իրագործվող պաշտպանական բարեփոխումներին, ընդսմին այդ փորձագիտական-վերլուծական նյութերը ներառվում են զորքերի մարտական պատրաստման ծրագրերում: Հանդեսի վերջին համարները նվիրված են «Ազգ–բանակ» հայեցակարգի համակողմանի մշակման ու ներդրման հարցերի լուսաբանմանը:
Խմբագրությունը, համագործակցելով Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի հետ, 2012 թ. լույս է ընծայել պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն բառարանը (մոտ 3000 պարզ և բաղադրյալ տերմիններ), իսկ 2015 թ.` ավելի մեծ ծավալով (14000 պարզ և բաղադրյալ տերմիններ):
Խմբագրությունը հրատարակել է անվտանգային քաղաքագիտության և ռազմական հոգեբանության գծով 6 մենագրություն և 1 փորձագիտական-ուսումնական ձեռնարկ:
«Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիրներն են եղել. 1994–1998 թթ.` գնդապետ Հայկ Քոթանջյանը (ներկայումս` գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող), խմբագրական խորհրդի նախագահ), 1998–2005 թթ.` տեխնիկական գիտությունների դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի և ՌԴ ռազմական ակադեմիայի ակադեմիկոս, գնդապետ Արկադի Սարգսյանը: 2005 թ. առ այսօր «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի Գիտահրատարակչական կենտրոնի պետ, գնդապետ (պաշտոնաթող) Դավիթ Չիլինգարյանը:
«Աշխատանքային տետրեր»
հավելված
ՊԱՀՀ-ի Գիտահրատարակչական կենտրոնը տարին 4 անգամ լույս է ընծայում «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի «Աշխատանքային տետրեր» հավելվածը, որը կոչված է երկրի ղեկավարությանը և մասնագիտական շրջաններին հասցնելու Համալսարանի վերլուծական կենտրոնի փորձագետների կիրառական մշակումները` նվիրված Հայաստանի անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների հետազոտական մշտազննմանն ու ռազմավարական պլանավորման խնդիրներին:
«Աշխատանքային տետրերն» ունեն բավական լայն ընդգրկում` ներառելով նաև տարածաշրջանի պետությունների անվտանգային բնագավառի ուսումնասիրություններ, մասնագիտական մշակումներ` կապված հայկական Սփյուռքի, տեղեկատվական անվտանգության և այլ հարցերի հետ: «Աշխատանքային տետրերի» մշակումներում ընդգրկվում են նաև մասնագետներ ՊԱՀՀ-ի շրջանակներից դուրս:
Առաջին իսկ հրատարակությունից հավելվածն արժանացել է ՀՀ և ԱՀ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հոգևոր, հասարակական ոլորտերի ներկայացուցիչների, արտերկրի առանձին գիտակրթական ու վերլուծական կենտրոնների, մասնավորապես` Ջ. Մարշալի անվան Անվտանգային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ԱՄՆ-ի Պաշտպանության ազգային համալսարանի մասնագետների դրական արձագանքի: