Տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը
9 Սեպտեմբերի, 2021 17:11Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները հնարավորություն կընձեռեն մշակել զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ ավանդույթներ: Բանակի գեներալը նաև շեշտել է, որ «Արևմուտք 2021» զորավարժությունները կրում են միմիայն պաշտպանողական բնույթ:
«Արևմուտք 2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: ՌԴ և Բելառուսի տարածքում ընթացող զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ: Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը: