«Ազգ, պետություն, բանակ» թեմայով անցկացվող գիտագործնական կոնֆերանս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում
25 Հունվարի, 2010 00:002010 թվականը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է «Գիտելիքի տարի»: Ուստի ՀՀ ՊՆ ՌՈւՀ-երի սպաների դերի բարձրացման և ուսումնադաստիարակչական աշխատանքների բարելավման նպատակով ուսումնական տարվա սկզբին` հունվարի 21-22-ին, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրավիրել է «Ազգ, պետություն, բանակ» թեմայով գիտագործնական կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցում էին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարական ու դասախոսական կազմը, 4-րդ կուրսի կուրսանտները և Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ներկայացուցիչները (ընդամենը 250 մարդ): Հրավիրվել էին 10 բանախոսներ:
Կոնֆերանսը բացեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը: Բացման խոսքում նա շեշտեց նմանատիպ կոնֆերանսների կարևորությունը ՀՀ զինված ուժերի համար և մասնակիցներին հորդորեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել բարձրացվող հարցերի քննարկումներին: Բանախոսներից «Հայ պետական ծառայություն» հ/կ նախագահ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում ամբիոնի դասախոս Վաչե Քալաշյանը խոսելով ազգային գաղափարախոսության և ազգային արժեհամակարգի շուրջ, փաստեց, որ մերօրյա պետական ուղենիշային դոկտրին մշակելիս հարկ է հիմնվել 3 կարևորագույն սկզբունքների` Ցեղակրոնության, Տարոնականության, Քրիստոնեության վրա:
Անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմի դրսևորումներին, հակազդման ուղիներին ու միջոցներին: Ներկայացնելով հայկական պատմության էջերը, Վաչե Քալաշյանը փաստեց, որ մեր ազգի գոյատևման հիմքը պետք է փնտրել պաշտպանվելու և պատերազմելու բնատուր շնորքի մեջ: Հետաքրքիր էր պատմական գիտությունների թեկնածու, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի զեկույցը: Բանախոսը ցավով նշեց, որ նախկինում երբևէ լուրջ ուսումնասիրություններ չեն իրականացվել հայ ռազմարվեստի պատմության բնագավառում: Առաջին փորձերից մեկն իր ղեկավարած ստեղծագործական խմբի հեղինակած «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի առաջին հատորներն են: 50 հատորից կազմված նկարազարդ մատենաշարը հայկական պատմության փառահեռ էջերը վերհանելուց զատ` նպատակ ունի հակազդել արտասահմանյան նմանաբնույթ մատենաշարերի էջերում հայ մարտիկի կերպարի վիրավորող աշխատություններին:
Որպես հայ մարտիկի փառապանծ անցյալի հանդեպ անտարբերության դրսևորում, նշվեց գյուղական համայնքներում Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողների անմխիթար վիճակը: Այս առումով խիստ կարևորվեց ներքին քարոզչության ակտիվացման անհրաժեշտությունն ու դրա շրջանակներում հայկական ռազմարվեստի պատմության թանգարանի հիմնման անհրաժեշտությունը:
Հետաքրքրությամբ լսվեցին պատմական գիտությունների թեկնածու, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դոցենտ Հրազդան Մադոյանի «Հայ Դատի պաշտպանության ներկա գործընթացները» և «Հայ-վրացական հարաբերությունների արդի վիճակը» զեկուցումները: Հատկապես բուռն քննարկումներ ծավալվեցին պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի «Վարդանանց պատերազմը և Վարդան Մամիկոնյանի կերպարի ժամանակակից ընկալումները» զեկուցման շուրջ: Սուր հարցադրումները հաջորդում էին միմյանց, ապա ծավալվեց բուռն և հուզական բանավեճ ռազմական ինստիտուտի հոգևոր հովիվ Տիգրան սարկավագ Բաղումյանի և բանախոսի միջև: Հաշվի առնելով Հ. Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքի շուրջ ստեղծված հետաքրքրությունը, ռազմական ինստիտուտի պետ գեներալ-մայոր Մ. Կարապետյանն առաջարկեց ս. թ. փետրվարի կեսերին այս թեմայով կազմակերպել նոր քննարկում:
Ուսանելի էր հոգեբանական գիտությունների թեկնածու, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ավագ դասախոս Դավիթ Ջամալյանի «Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ծավալվող հոգեբանական պատերազմի նպատակները և հակազդման ուղիները» թեմայով զեկուցումը: Բանախոսը կարևորեց, Հայաստանի դեմ մղվող հոգեբանական պատերազմի շրջանակներում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերին հակազդելու անհրաժեշտությունը: Գիտագործնական կոնֆերանսում կարդացվեցին շուրջ մեկ տասնյակ զեկուցումներ, իսկ դրանց հաջորդող քննարկումներն ու բարձրացված հարցերի շուրջ առկա երկուստեք հետաքրքրությունը մեկ անգամ ևս փաստեց նման կոնֆերանսների անհրաժեշտությունը:
Ամփոփելով գիտագործնական կոնֆերանսի արդյունքները` ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց այսօրինակ միջոցառումների դերն ու նշանակությունը ռազմաուսումնական հաստատությունների գիտական ներուժի արդյունավետ օգտագործման ասպարեզում, շեշտելով, որ կոնֆերանսը ուսանելի ու բովանդակալից էր և խորհելու, մտորելու բավականին նյութ տվեց:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն