ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների հետ
27 Հունվարի, 2010 00:00Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ հունվարի 27-ն ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հերթական բրիֆինգը: Բրիֆինգին մասնակցում էին 18 կցորդ, որոնց թվում` 11-ը ՆԱՏՕ-ի, 1-ը` ՀԱՊԿ անդամ երկրներից, և 1 դիտորդ` Շվեյցարիայից: Հերթական հանդիպման կապակցությամբ ողջունելով մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ անցած տարվա ռազմաքաղաքական հիմնական զարգացումներին և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված պաշտպանական քաղաքականությանը:
Իր ելույթում Ս. Օհանյանը մասնավորապես նշեց.
«Հարգելի գործընկերներ
Ձևավորված ավանդույթի համաձայն, ուրախ եմ հերթական անգամ ողջունել ձեզ մեր հունվարյան հանդիպման կապակցությամբ: Այսօր ես հակիրճ ձեզ կներկայացնեմ անցած տարվա հիմնական ռազմաքաղաքական զարգացումները և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված պաշտպանական քաղաքականությունը:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Նախ ցանկանում եմ նշել, որ միջազգային անվտանգության միջավայրի փոփոխություններն անմիջականորեն ազդում են Հայաստանի և նրա մերձատարածքի վրա: Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի ձևավորման գործընթացը շարունակվում է ուղեկցվել անկայունության, անվստահության, հակադիր շահերի բախման, անվտանգության վերաբերյալ տարբեր պատկերացումների, էթնիկ հակամարտությունների հրահրման և սպառազինությունների մրցավազքի դրսևորումներով:
Ռազմաքաղաքական առումով Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող հիմնական գործոնները 2009թ. ընթացքում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմականացման քաղաքականությունը, այդ երկրի կողմից ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի ձգտումը: Ընդհանուր առմամբ կարող եմ նշել, որ չնայած այս բոլոր հարցերում դրական տեղաշարժեր արձանագրելու Հայաստանի Հանրապետության կողմից վարվող նախաձեռնողական քաղաքականությանը, դրանք իրական արդյունքների չեն հանգեցրել և չեն նպաստել ռազմաքաղաքական իրադրության լիցքաթափմանը: Ընդհակառակը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում անտեղի ձգձգումները, ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի անհանդուրժողական դիրքորոշումը և ռազմատենչ քաղաքականությունը նվազեցրել են տարածաշրջանային մակարդակով դրական տեղաշարժեր արձանագրելու Հայաստանի Հանրապետության ակնկալիքները: Կարծում եմ` սա մտածելու տեղիք պետք է տա ոչ միայն տարածաշրջանային պետություններին, այլ նաև միջազգային հանրությանը : Որպես տարվա դրական ձեռքբերում կարող եմ նշել միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումը տարածաշրջանային խնդիրների վրա: Միջազգային հանրության կողմից գործադրվող համատեղ ջանքերը նվազեցրել են արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանային պետությունների մանևրելու հնարավորությունները` նրանց մղելով իրատեսական քաղաքականության որդեգրման: Դա հույս է ներշնչում, որ 2010թ. մենք այս ուղղությամբ առաջընթաց կարձանագրենք:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հայաստանի Հանրապետության համար արդիական է դարձել անվտանգության և պաշտպանության ոլորտում նոր` համարժեք մոտեցումներ որդեգրելու խնդիրը: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող պաշտպանական քաղաքականությունը 2009թ. ընթացքում նպատակաուղղվել է գերազանցապես ՀՀ ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը, պաշտպանական կարողությունների զարգացմանը և ԶՈՒ միջազգային ինտեգրմանը:
Այդ նպատակով շարունակվել են ռազմական համագործակցության ընդլայնման միտումները ինչպես ՀՀ համար կարևորագույն անվտանգության համակարգերիª Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության շրջանակներում, այնպես էլ այդ կազմակերպությունների անդամ պետությունների և Հայաստանի մյուս գործընկերների հետ: Հիմքեր են ստեղծվել միջազգային ռազմական համագործակցության աշխարհագրության ընդլայնման համար:
1.Պաշտպանական բարեփոխումներ
Արդյունավետ կերպով իրականացվել են պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները: 2009թ. հունվարին ՀՀ Նախագահին է ներկայացվել առաջին փուլի ընթացքում մշակված ՀՀ անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթուղթը: ՀՀ Նախագահի կարգադրությամբ իրականացվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլի աշխատանքները, որոնց արդյունքում մշակված պլանավորման ղեկավար փաստաթղթերը նույնպես հաստատվել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներում ՀՀ պաշտպանության նախարարությանը մեթոդաբանական խորհրդատվություն են տրամադրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լատվիայի, ՆԱՏՕ-ի փորձագետները:
2009թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեփոխումներ են իրականացվել ՀՀ ԶՈՒ փոխգործունակության կարողությունների ընդլայնման, կադրերի կառավարման, ռազմակրթության և այլ ոլորտներում, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման ուղղությամբ: Մշակվել է ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագիրը, որը ներառում է բարեփոխումների ենթակա բոլոր ոլորտները` կատարման հստակ ժամանակացույցով:
2. ԶՈՒ միջազգային ինտեգրում և փոխգործունակ կարողությունների ընդլայնում
2009թ. ընթացքում Հայաստանը ձեռնամուխ է եղել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի ուղղությամբ փոխգործունակ կարողությունների ընդլայնմանը: Մասնավորապես, 2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նստաշրջանի ընթացքում որոշում է կայացվել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ. իսկ հունիսի 14-ին կայացած ՀԱՊԿ-ի ՀԱԽ հերթական նստաշրջանի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ստորագրվել է համապատասխան համաձայնագիրը: ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման առումով կարևոր իրադարձություն էր ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային վաշտի մասնակցությունը Ղազախստանում տեղի ունեցած «Փոխգործակցություն-2009» զորավարժությանը: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել նաև Բելառուսում տեղի ունեցած ռազմավարական «Զապադ-2009» զորավարժությանը: Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն ունի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմական կարևոր նշանակություն: Այն նախատեսում է այնպիսի ուժերի ստեղծում, որոնք պետք է դառնան ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովման համակողմանի խնդիրների կատարման արդյունավետ գործիք` սկսած ՀԱՊԿ անդամ պետությունների դեմ ագրեսիայի դիմագրավումից մինչև հակաահաբեկչական գործողությունների իրականացումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:
Միաժամանակ շարունակվել է ՀՀ խաղաղապահ բրիգադի համալրման և միջազգային կայունացման գործողություններին ՀՀ մասնակցության ընդլայնման գործընթացը: Մասնավորապես, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 1 հրաձգային գումարտակ ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում անցել է ինքնագնահատում: Տարվա ընթացքում կրկնապատկվել է Կոսովոյում հայ խաղաղապահների թվաքանակը` հասնելով 70-ի, սակայն Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի ընդհանուր կրճատման պատճառով նրանց թիվը կրկին նվազեցվել է: Հոկտեմբերի 21-ին Հայաստանը ճանաչվել է նաև որպես Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերին զորախումբ տրամադրող երկիր և նոյեմբերի 23-24-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած Աֆղանստանում Անվտանգության աջակցման ուժերի հյուսիսային շրջանի հրամանատարությանը զորքեր տրամադրող երկրների ԶՈՒ ԳՇ պետերի 3-րդ տարեկան համաժողովին: ՆԱՏՕ-ի և Գերմանիայի հետ համապատասխան իրավական կարգավորումներից հետո հայ խաղաղապահները, Գերմանիայում վարժանք անցնելուց հետո, առաջիկա օրերին կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը Աֆղանստանի Կունդուզ նահանգի օդանավակայանում` Գերմանիայի հրամանատարության ներքո:
3. Համագործակցությունը միջազգային անվտանգության կազմակերպությունների հետ
Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում զարգացման և ինտեգրման գործընթացներին: Կազմակերպության շրջանակներում լուրջ քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ հավաքական պաշտպանության գործուն մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև սկսվել է ՕԱՀՈՒ-ի հրամանատարի նշանակման կարգի, ՕԱՀՈՒ-ի կիրառման որոշումը ընդունելու կարգի, ՕԱՀՈՒ-ն որպես ռազմական բաղադրիչ ԱՊՀ շրջանակներում առկա հակամարտությունները լուծելու համար օգտագործելու կարգի և նմանատիպ այլ խնդիրների փոխհամաձայնեցման ակտիվ գործընթացը: ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները մասնակցել են ՀԱՊԿ և ԱՊՀ տարբեր մակարդակի և ձևաչափի միջոցառումներին: Տեղի են ունեցել ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը, որոնք ապահովել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական բարձր մակարդակի երկխոսություն:
2009 թվականը արդյունավետ է եղել նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության համար: ԱԳԳԾ շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում այդ համագործակցությունն ստացել է բովանդակային նոր որակներ: Բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը, աշխատանքային հանդիպումները ապահովել են անհրաժեշտ պայմաններ ռազմաքաղաքական ակտիվ երկխոսության համար: ՀՀ-ՆԱՏՕ երկխոսության առումով կարևոր էր ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությունը մայիսին Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան ձևաչափով հանդիպմանը, հունիսին Բրյուսելում տեղի ունեցած ԵԱԳԽ պաշտպանության նախարարների ամենամյա նիստին, Աստանայում տեղի ունեցած ԵԱԳԽ ֆորումին, հոկտեմբերին Բրատիսլավիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Հիշատակման արժանի են նաև ապրիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կ. Բիզոնյերոյի, իսկ նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռ.Սիմոնսի գլխավորած պատվիրակությունների այցերը ՀՀ:
Ակտիվորեն շարունակվել է համագործակցությունը նաև մյուս միջազգային կազմակերպությունների հետ: ԵԱՀԿ-ի, ԿԽՄԿ-ի հետ համատեղ կազմակերպվել և իրականացվել են մի շարք միջոցառումներ, սեմինարներ, դասընթացներ: ՀՀ պաշտպանության նախարարությունն ակտիվացրել է նաև իր համագործակցությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ:
Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, ով հավատարիմ է մնացել նաև սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը: Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի (ԵՍԶՈՒ) և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանն ընդունել է 7 տեսչություններ, որոնց ընթացքում միջազգային տեսուչների կողմից ՀՀ ԶՈՒ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների խախտումներ չեն արձանագրվել:
4. Երկկողմ պաշտպանական համագործակցությունը
Շարունակել է զարգանալ պաշտպանական համագործակցությունը ՀՀ ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության հետ: Երկկողմ ձևաչափով Ռուսաստանի հետ իրականացված միջոցառումները ուղղված են եղել երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության ամրապնդմանը, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը: 2009թ. ընթացքում ՀՀ և ՌԴ ՊՆ ու ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչների աշխատանքային բազմաթիվ հանդիպումները ապահովել են 2009թ. համար նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Համաձայնություն է ձեռք բերվել` 2010թ-ին ռուս փորձագետների կողմից ռազմավարական պլանավորման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ: Զգալի առաջընթաց է արձանագրվել բարեկամ ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները քննարկվել են Կանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Թ.Բանթինգի հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում: ՀՀ կողմից մեծապես կարևորվում է ԱՄՆ-ի ցուցաբերած խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադին և ականազերծման կենտրոնին, ինչպես նաև պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ խորհրդատվությունը: Ոչ պակաս կարևոր է նաև ռազմական նշանակության ապրանքների արտահանման ու ներմուծման վերահսկողության խնդիրների շուրջ ԱՄՆ-ի տրամադրած խորհրդատվությունը: 2009թ. ընթացքում աշխատանքներ են տարվել ռազմակրթական և հետազոտական համագործակցության հետագա զարգացման համար:
Փոխշահավետ համագործակցություն է ծավալվել Չինաստանի և Հնդկաստանի հետ: Հատկանշական է եղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այցը Չինաստան, որի ընթացքում քննարկվել են հայ-չինական ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Իրանի և Վրաստանի հետ շարունակվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդատվություններն ու քննարկումները:
Զարգացել է ակտիվ համագործակցությունը նաև եվրոպական պետությունների հետ, ինչպիսիք են Հունաստանը, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Բալթյան երկրները, մասնավորապես` Լիտվան: Հայաստան-Հունաստան ավանդական ռազմական համագործակցությունն արդյունավետորեն իրականացվել է համագործակցության տարեկան պլանի շրջանակներում: Լավ նախադրյալներ են ստեղծվել 2010թ. այն ավելի ընդլայնելու համար:
Նոր որակ է ստացել հատկապես Հայաստան-Գերմանիա ռազմաքաղաքական երկխոսությունը, նախանշվել և իրականացվել են մի շարք ծրագրեր: Շարունակվել է ակտիվ երկխոսությունը Բուլղարիայի հետ: Սեպտեմբերին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի այցը Բուլղարիա:
Նոյեմբերին Հայաստան է ժամանել Լեհաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Իրականացված պաշտպանական քաղաքականության արդյունքում ընդլայնվել է պաշտպանության բնագավառի իրավապայմանագրային դաշտը, մասնավորապես, ստորագրվել է 10 միջազգային համաձայնագիր, ՀՀ ԱԺ կողմից վավերացվել է 4-ը, ուժի մեջ են մտել ևս 4-ը, համաձայնեցման գործընթացում են գտնվում ևս 14 միջազգային համաձայնագրեր, մշակման փուլում է գտնվում 5 միջազգային համաձայնագիր:
ԱՄՓՈՓՈՒՄ
2009թ. ընթացքում ՀՀ կողմից իրականացրած պաշտպանական քաղաքականության արդյունքում ընդլայնվել է ռազմական համագործակցությունը գործընկեր պետությունների և անվտանգության կազմակերպությունների հետ, միջազգային ասպարեզում ավելի թափանցիկ ու ընկալելի է դարձրել ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, ամուր հիմքեր են ստեղծվել ՀՀ բանակաշինության համար միջազգային աջակցության ապահովելու և միջազգային փորձը ներդնելու համար: ՀՀ պաշտպանական քաղաքականության իրականացման գործում մեծ ներդրում ունեն Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները և ռազմական ներկայացուցիչները: Պաշտպանության նախարարության կողմից վարվող բաց, նախաձեռնողական և պատրաստակամ պաշտպանական քաղաքականությամբ մենք փորձել ենք ռազմական կցորդների և ներկայացուցիչների համար ապահովել գործունեության առավելագույն նպաստավոր պայմաններ, որոնց արդյունքները տեսանելի են: Չեմ կարող չնշել նաև ռազմական կդորդների ասոցիացիայի տարեկան ծրագրով իրականացված միջոցառումները: Շնորհակալություն հայտնելով բոլորին` արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի համար, ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ 2010թ. մեզ համար կլինի նոր ձեռքբերումների և նոր բարձրունքների հաղթահարման տարի»:
Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը պատասխանեց ռազմական կցորդների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ պաշտպանական բարեփոխումների շարունակականությանը, ֆինանսական ներկայիս ճգնաժամի պայմաններում ռազմական բյուջեի պլանավորմանը, զինված ուժերում քաղաքացիական տարրի ներդրման գործընթացին և այլ թեմաների:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն