Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՏՊԱԳՐՎԱԾ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ

22 Փետրվարի, 2010 00:00
ՀՀ ԶՈՒ 50869 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Սահակի Հակոբյանը զորակոչվել է Աշոցքի զինկոմիսարիատից 2009թ. գարնանային զորակոչին: 2009թ-ի մայիսի 19-ին հանրապետական հավաքակայանի հանձնաժողովի կողմից N 18-26 արձանագրությամբ հետ է վերադարձվել զինկոմիսարիատ հետազոտության և փորձա-քննության նպատակով, քանի որ հավաքակայանում գանգատվել է ձախ ուսահոդի և թիակի շրջանի ցավերից:

Մայիսի 21-ից 25-ը Գ.Հակոբյանը հետազոտվել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որտեղից տրվել է առողջական վիճակի հետազոտության ակտ` հետևյալ ախտորոշումով` «Ողնաշարի կրծքագոտկային հատվածի կողմնային ծռվածություն, թևաձև թիակներ, առանց ֆունկցիայի խանգարման: Երկկողմանի խորակամար ոտնաթաթեր քայլքի աննշան աստիճանի խանգարումով»: Հիմք ընդունելով վերոհիշյալ փորձագիտական ախտորոշումը` Գ. Հակոբյանը զորակոչվել է «Պիտանի է շարային ծառայության» ՀՀ ՊՆ 06-378 հրամանի 35Դ, 37Ե, 42Դ հոդվածների 1-ին սյունակի համաձայն: Ըստ զորակոչիկի անձնական գործի` Գրիգոր Հակոբյանը որևէ այլ գանգատ չի ունեցել (հիմք` նրա ստորագրությունները ուսումնասիրման թերթիկում): 2009թ.-ի օգոստոսի 26-ին զինծառայողի ծնողի ՀՀ զինդատախազությանն ուղղված դիմումի քննարկման նպատակով Գրիգոր Հակոբյանը ԿՌԲՀ գրությամբ մասնագիտացված հետազոտության և փորձաքննության նպատակով հոսպիտալացվել է Սիսիանի կայազորային հոսպիտալ, ապա տեղափոխվել ԿԿԶՀ: Հետազոտության ընթացքում կատարվել են քիթ-կոկորդ-ականջաբանի, դիմածնոտային վիրաբույժի, թերապևտի, նյարդաբանի, նեյրովիրաբույժի, վնասվածքաբանի, հոգեբույժի կոնսուլտացիաներ, տարբեր գործիքային քննություններ, որոնց արդյունքում ԿԿԶՀ-ի ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հաստատվել է ախտորոշում` «Ձախ ուսահոդի աննշան արտահայտված հետտրավմատիկ գերշարժունություն, քայլքի չափավոր խանգարում` երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր: Քթի միջնապատի թեքում առանց քթային շնչառության խանգարման: Չափավոր արտահայտված ՆՑԴ սրտային տիպի: Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի, 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով: Հիսի խրձի աջ ոտիկի մասնակի պաշարում: Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նևրոտիկ համախտանիշ», և ներկայացվել է ԿՌԲՀ նիստին` մասնագիտացված հետազոտման նպատակով Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխման որոշումով: Հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու հիմք և պատճառ է հանդիսացել ԿԿԶՀ-ի առաջատար մասնագետների եզրակացությունը, որի մեջ հատկապես նշված էր նյարդաբանների եզրակացությունը, այն է` «Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նևրոտիկ համախտանիշ», ինչի կապակցությամբ փորձագիտական եզրակացություն կարող են տալ հոգեբուժական բաժանմունքում: Այդ իսկ պատճառով ԿՌԲՀ կողմից հաստատվել է ԿԿԶՀ ՌԲՀ-ի որոշումը, և զինծառայողը տեղափոխվել է ԿԿԶՀ հոգեբուժական բաժանմունք 11.11.09թ.: Հոգեբուժական բաժանմունքում հսկողության, զննման, պրոֆեսորական կրկնակի կոնսուլտացիաների արդյունքում ժխտվել է «Սոմատոգեն պայմանավորված ասթենո-նևրոտիկ համախտանիշ» ախտորոշումը, և Գ. Հակոբյանը ճանաչվել է «Հոգեպես առողջ»: ԿԿԶՀ-ում և ԵԿԶՀ-ում կատարված հետազոտությունների արդյունքներով ԿՌԲՀ-ի թիվ 2079 առ 24.11.09թ. որոշումով զինծառայող Գրիգոր Սահակի Հակոբյանի մոտ հաստատվել է «Հոգեպես առողջ: Աննշան արտահայտված ձախ ուսահոդի հետտրավմատիկ գերշարժունություն: Երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր` քայքի չափավոր խանգարումով: Քթի միջնապատի ծռվածություն առանց քթային շնչառության խանգարման: ՆՑԴ կարդիալ տիպ: Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով» ախտորոշումը և Գ. Հակոբյանը ճանաչվել է` «Պիտանի է ոչ շարային ծառայության» ՀՀ ՊՆ 06-378 հրամանի 39Բ, 25Դ, 42Գ հոդվածների 1-ին սյունակով: Նույն որոշման հատուկ նշումների բաժնում ԿՌԲՀ կողմից նշվել է, որ անհրաժեշտ է զորամասում իրականացնել բուժծառայության հսկողություն, խիստ պահպանել ոչ շարային ծառայության ռեժիմը, ծառայությունը կազմակերպել նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում: Դուրս գրվելուց հետո զորամասում գտնվելով ընդամենը 20 օր` շարքային Գ. Հակոբյանը իրեն ածելիով ինքնավնասումներ է հասցնում, ինչի պատճառով նրան 19.12.09թ-ին տեղափոխում են ԵԿԶՀ հոգեբուժական բաժանմունք: 19.12.09թ-ից մինչև 13.01.10թ կրկնակի մանրամասն հետազոտություններից հետո հիվանդի ինքնախեղումը գնահատվել է որպես նպատակային գործողություն, և նրա մոտ ախտորոշվել է «Հոգեկան խանգարման նշաններ չեն հայտնաբերվել, տարել է կարճատև իրավիճակային ռեակցիա նպատակային բնույթի»: ԿՌԲՀ թիվ 11 առ 12.01.10թ. որոշմամբ հիվանդը ԵԿԶՀ-ից տեղափոխվել է ԿԿԶՀ վերջնական փորձագիտական որոշում կայացնելու նպատակով: ԿՌԲՀ փորձագետների կողմից ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են Գրիգոր Հակոբյանի բոլոր հոսպիտալիզացիաների արդյունքում ընթացքում կատարված հետազոտությունները, տարբեր նեղ մասնագետների տրված եզրակացությունները (պրոֆեսորներ` նյարդաբան Գ.Ա. Հովհաննիսյան, հոգեբույժ` Ս.Հ. Սուքիասյան, թերապևտ` Ս.Գալստյան), տարբեր նեղ մասնագիտացված բաժինների առանձին-առանձին տված եզրակացությունները (վնասվածքաբանական, նյարդաբանական, թերապևտիկ, հոգեբուժական), անձնական գործում առկա տվյալները, զորամասից ստացած ծառայողական և բժշկական բնութագրերը: Արդյունքում Գ. Հակոբյանի մոտ հաստատվել է. «Ձախ ուսահոդի հետտրավմատիկ աննշան արտահայտված գերշարժունություն: Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով: Երկկողմանի սնամեջ ոտնաթաթեր, քայլքի ֆունկցիայի աննշան խանգարումով: Քթի միջնապատի ծռվածություն, առանց քթային շնչառության խանգարման: Հոգեկան հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվում, տարել է կարճատև իրավիճակային ռեակցիա` նպատակային բնույթի: Թեթև արտահայտված վեգետո-անոթային դիստոնիա» և կրկին ճանաչվել է 39Բ, 10Գ, 42Դ, 7Դ հոդվածներով` «Պիտանի է ոչ շարային ծառայության»: Հանրագումարի բերելով ամբողջը` ԿՌԲՀ եզրակացնում է, որ շարքային Գ. Հակոբյանի մոտ ծառայության ընթացքում որևէ հիվանդություն չի առաջացել և ունեցած որևէ հիվանդություն չի զարգացել: «Պիտանի է շարային ծառայության» զորակոչվելու հանգամանքը պայմանավորված է զորակոչի ընթացքում նրա մոտ հայտնաբերված հիվանդություններով: ԿՌԲՀ կողմից նրա «Պիտանի է ոչ շարային ծառայության» ճանաչելը կապված է հետազոտությունների ընթացքում զինծառայողի մոտ հայտնաբերված հիվանդություններով, այն է` «Միտրալ փականի պրոլապս 1-ին աստիճանի, 1-ին աստիճանի ռեգուրգիտացիայով» 25Դ հոդված և ուսահոդի հետ կապված պրոբլեմի վերագնահատմամբ, ինչի արդյունքում 35Դ հոդվածը վերափոխվել է 39Բ հոդվածի: Գ. Հակոբյանը զորակոչվել է ճիշտ, նա կարող է շարունակել զինծառայությունը ոչ շարային պայմաններում, իսկ նրա անընդհատ հոսպիտալներում հետազոտվելը և փորձաքննվելը պայմանավորված է միայն ծառայության նկատմամբ ինչ-ինչ պատճառով նրա խուսափողական և անպատասխանատու դիրքորոշմամբ, առողջական վիճակի աննշան խնդիրները շահարկելու, բժշկական և հրամանատարական օղակների համար նպատակադրված խնդիրներ ստեղծելու (ինքնախեղում, չհիմնավորված գանգատներ, ծառայությունից հրաժարվելու հայտարարություններ), ինչը չի կարող հիմք հանդիսանալ ԿՌԲՀ կողմից նրան ոչ պիտանի ճանաչելու համար: ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
  • Տարածել