Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

14 Նոյեմբերի, 2018 18:23
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Քլեր Մեյթրոին:

Շնորհավորելով տիկին Մեյթրոին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել ՀՀ ՊՆ և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն որակակական է՛լ ավելի բարձր մակարդակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:

Զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:

Դավիթ Տոնոյանը և Քլեր Մեյթրոն անդրադարձել են նաև ս.թ հուլիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, կարևորել կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով Երևանում և Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակների համակարգված աշխատանքը:

  • Տարածել