Ամփոփվել են եռամսյակում իրականացված աշխատանքները
16 Հոկտեմբերի, 2018 11:41Զեկույցներում նշվել է, որ զորամիավորումում և ենթակա զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ. գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ: Մեծ ուշադրություն է դարձվել դաշտային կառավարման կետերին՝ դրանց ծավալմանը ու անխափան գործունեությանը: Առանձնացվել են ռեսուրսների ուսումնասիրության և համալրման ուղղությամբ իրականացված այն միջոցառումները, որոնք դրական ազդեցություն են ունեցել զորամասերի մարտունակության բարձրացման և խնդիրների հաջող կատարման ընթացքի վրա:
Ներկայացվել է նաև սպառազինության և տեխնիկայի վիճակը: Դրանք մարտունակ պահելուց զատ, որպես կարևորագույն խնդիր, նշվել են սպառազինության և տեխնիկայի ձմեռային սեզոնի անցման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականացված միջոցառումները:
Ուսումնական տարվա երրորդ եռամսյակում զորամիավորման զորամասերի հրամանատարական կազմի գործունեությունը ուղղված է եղել անձնակազմի դաստիարակչական, սոցիալական, մշակութաժամանցային, ռազմահայրենասիրական և հոգևոր դաստիարակության, հոգեբանական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:
Ամփոփելով հնչած զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանն ընդգծել է, որ եռամսյակի ընթացքում բոլոր ուղղություններով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, շնորհակալություն հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար: Հետագա աշխատանքների կազմակերպման, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և այլ միջոցառումների կատարման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:
Նիստի ավարտին խրախուսվել են ուսումնական տարվա երրորդ եռամսյակի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողներ: