ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
19 Սեպտեմբերի, 2018 20:09Հանդիպումից առաջ տեղեկանալով, որ ՀՀ հյուսիսարևելյան սահմանին հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, պաշտպանության նախարարը այդ մասին տեղեկացրել է ՀՀ-ում ԳԴՀ դեսպանին, նշելով, որ ՀՀ զինված ուժերը արձագանքելու են համապատասխան գործողություններով:
Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԳԴՀ ռազմական կցորդի գրասենյակը համալրվում է նոր, փորձառու սպաներով: Պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ Գերմանիայի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում և իրականացվում է մի քանի ձևաչափով. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փորձի փոխանակում, ռազմական կրթություն, ինչպես նաև համատեղ մասնակցություն Աֆղանստանում իրականցվող ՆԱՏՕ-ական առաքելությանը:
Դեսպան Քիսլերը նույնպես բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը, նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը:
Հանդիպման ավարտին դեսպան Քիսլերը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայող, փոխգնդապետ Խաչատուր Սահակյանին «Բունդեսվերի ծառայությունների համար» մեդալ է հանձնել: Փոխգնդապետ Սահակյանը 2017 թվականին զբաղեցրել է «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության կազմում Քաբուլում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարի պաշտոնը և ԳԴՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է գերմանական ուժերի հետ արդյունավետ համագործակցության համար: