«Շանթ-2018» զորավարժություն. Օր 2-րդ

12 Սեպտեմբերի, 2018 16:44
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 12-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը ներկայացրել է զորավարժությունների սցենարով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը։

Պայմանականորեն երկրում իրավիճակը սրվել է, Արդրբեջանը, Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով։ Մարտական գործողություններին և հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերին զուգընթաց, Ադրբեջանը հրետակոծում է մեր բնակավայրերը, կան երկուստեք զոհեր և վիրավորներ։ ՀՀ ԶՈՒ-երը օպերատիվ գործողություններով ճնշում է հակառակորդի կրակակետերը։ ՀՀ ԱԻՆ-ը իրականացնում է լայնածավալ գործողություններ՝ խաղաղ բնակչության տարհանման ուղղությամբ։

Ըստ զորավարժությունների սցենարի՝ շուրջ 400 փախստականներ ՀՀ են ներթափանցել Թուրքիայի սահմանից։ Իրավապահ մարմիններն իրականացնում են հայտնաբերված խմբերի վնասազերծումը։ Գործողությունները խաղարկվում են իրական ռազմական իրավիճակին առավելագույնս համապատասխանեցված պայմաններում։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել սահմանային իրական օպերատիվ իրավիճակին՝ ընդգծելով, որ չնայած վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հաճախակիացել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի գնդակոծման դեպքերը, սակայն հայկական զինուժը ցանկացած դեպքում պատասխան կրակով ճնշում է հակառակորդի կրակակետերը՝ ամբողջությամբ վերահսկելով իրավիճակը և զերծ մնալով հակառակորդի բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ կրակ բացելուց։ Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նաև հավաստիացրել է, որ պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ ևս անհանգստացնող իրավիճակ չկա, լարվածություն չի ակնկալվում։

  • Տարածել