Ամփոփվել են «Ընկերակցության մարտիկ» մրցույթի արդյունքները
3 Օգոստոսի, 2018 18:41Մրցույթի մասնակիցներին ուղղված իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արել է հնարավորը՝ միջոցառումը հետաքրքրիր, բովանդակալից ու հիշվող դարձնելու համար:
«Հայաստանում մրցույթն առաջին անգամ է անցկացվել, դրա շնորհիվ ընդլայնվել է նախագծի աշխարհագրությունը, նաև մեր երկիրը դարձել է նմանատիպ միջոցառումների անցկացման ճանաչված հարթակ: Մասնակիցներից շատերն առաջին անգամ էին Հայաստանում և հույս ունեմ, որ նրանց հաջողվել է մոտիկից ծանոթանալ մեր ժողովրդի պատմությանն ու ավանդույթներին: Ռազմամարզական միջոցառումները միշտ եղել են ընկերության, գեղեցկության, ֆիզիկական կատարելագործման ձգտման յուրահատուկ խորհրդանիշ: Այսօր չունենք պարտվողներ, դուք բոլորդ հաղթողներ եք, հաղթողների ժառանգներ եք, ձեր հերոսական նախնիների հաղթական ավանդույթների շարունակողներն եք»,-ասել է Դավիթ Տոնոյանը:
Ռազմական վարպետության մրցույթի մասնակիցներին ողջունել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը:
««Ընկերակցության մարտիկ» մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր-2018 մրցախաղի» շրջանակներում: Մրցախաղին, որն այս տարի անցկացվում է 7 պետության տարածքում, մասնակցում են 32 պետությունների 168 թիմերի ներկայացուցիչներ: Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկը» մրցախաղի 28 մրցույթներից մեկն է: Այս շատ գեղեցիկ ու կարևոր միջոցառումը համագործակցության, ընկերության և եղբայրության դպրոց է բոլորիս համար: Շնորհակալ եմ հայկական կողմին հիանալի կազմակերպման և ավանդական հայկական ջերմ հյուրընկալության համար»,-ասել է գեներալ-գնդապետը:
Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով «Ընկերակցության մարտիկ» մրցույթում թիմային հաշվարկով երրորդ մրցանակային տեղն զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիմը, երկրորդ տեղը՝ Բելառուսի զինված ուժերի թիմը, իսկ մրցույթի հաղթող է ճանաչվել Ղազախստանի զինված ուժերի հավաքական թիմը:
Պարգևատրվել են նաև անհատական մրցաձևերում լավագույն արդյունքներ գրանցած տարբեր թիմերի զինծառայողները: «Ընկերակցության մարտիկ» պատվավոր անվանակարգում կանանց մեջ առաջին տեղը գրավել է ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ Արմինե Գրիգորյանը: Տղամարդկանց մրցույթում հաղթողը Ղազախստանի ԶՈՒ ներկայացուցիչ Սեյթկարիմ Նուրսեյթկոժան էր:
Հուլիսի 28-ին մեկնարկած մրցույթին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մրցումներն անցկացվել են Երևանում, Դիլիջանում և Իջևանում:
Մասնակից պետությունների թիմերն ուժերը չափել են ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: