Երևանում աշխատանքն է սկսել «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսը
29 Մարտի, 2018 11:33Ցուցահանդեսի բացման առիթով կազմակերպված մշակութային ծրագիրը և հատուկ նշանակության ջոկատի ցուցադրությունը դիտելուց հետո Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսում:
«ԱրմՀայԹեք-2018»-ը նպատակ ունի երկխոսության արդյունավետ հարթակ դառնալու մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև: Կազմակերպիչների հավաստմամբ, ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Հանրապետության Նախագահը ծանոթացել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում ինչպես հայկական կազմակերպությունների նվաճումներին, այնպես էլ արտերկրյա կազմակերպությունների արտադրատեսականուն:
«ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև գիտագործնական ծրագիր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 10 երկրների պատվիրակություններ և ՀԱՊԿ-ի պատվիրակությունը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը
Իր ելույթում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Պաշտպանական արդյունաբերության բնագավառում, նորարարական և բարձր տեխնոլոգիական մշակումները վերջին տարիներին առանձնահատուկ տեղ են գրավել Հայաստանի գիտության և արդյունաբերության զարգացման գործում։ Կարճ ժամանակահատվածում մշակվել և ԶՈՒ սպառազինությունը համալրել են ռազմական նշանակության արտադրանքի ժամանակակից նմուշներ, որոնցից մի մասին կարող եք ծանոթանալ այս ցուցահանդեսի տաղավարներում։ Պաշտպանական արդյունաբերության զարգացումը մեր երկրի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից է։ Արդեն իսկ ընդունվել է 2018-24 թվականների ռազմաարդյունաբերական զարգացման պետական ծրագիրը, որի գլխավոր նպատակն է մասնագիտական սպառազինության և ռազմական տեխնիկայի բարձր տեխնոլոգիական նմուշների արտադրության մեջ ներդնելը և դուրս գալ արտասահմանյան շուկաներ։ Վստահ եմ, որ «ԱրմՀայԹեք-2018»-ը մասնակից երկրների զինվորականների գիտական և գործարար շրջանակների միջև արդյունավետ երկխոսության հարթակ կդառնա, ինչպես նաև խթան` միջազգային համագործակցության հետագա ընդլայնման համար։»
Այնուհետև ներկաներին ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ով նշել է, որ ուրախ է մեկ հարկի ներքո տեսնել կազմակերպության անդամ երկրների ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներին, ինչպես նաև Բուլղարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի և մյուս երկրների պատվիրակություններին։ «Ժամանակակից մարտահրավերների պայմաններում, որոնք երբեմն արտահայտվում են ահաբեկչական գործողություններով, անհրաժեշտություն է դառնում հավաքական անվտանգության պայմանագիր անդամ երկրների անվտանգությունը և սպառազինության համալրումը ժամանակակից տեխնոլոգիաներով։Կարևորագույն այդ խնդրի լուծումը մեծապես կախված է յուրաքանչյուր պետության ռազմաարդյունապերական համալիրի զարգացվածությունից»։
Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող սարքեր և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժիններ:
Բացի ծավալուն ցուցադրական մասից, «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն նաև բազմազան գործարար ծրագիր, գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար: