Պաշտպանության նախարարն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն
3 Մարտի, 2017 19:30Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ շեշտելով, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների պայմաններում այս տարիների ընթացքում պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում հաջողությամբ իրականացվել են և շարունակվում են իրականացվել տարբեր ծրագրեր:
«Հայկական խաղաղապահ ուժերի ուսումնական կենտրոնը մեր ամերիկյան գործընկերների օժանդակության շնորհիվ առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին կվերակառուցվի և նոր տեսք կստանա: Սա պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ակտիվ և արդյունավետ համագործակցության հերթական վկայություններից մեկն է: Մեր խաղաղապահները «Զառ» ուսումնական կենտրոնի հիմնավերանորոգումից և տեխնիկական վերազինումից հետո հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելություններին նախապատրաստությունն իրականացնել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում»,- ասել է նախարարը՝ երախտագիտություն հայտնելով ամերիկյան կառավարությանը, ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության ինժեներական կորպուսին, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը պաշտպանական համագործակցության, ռազմական կցորդի գրասենյակներին` որոնց անմնացորդ ջանքերի շնորհիվ իրականություն է դարձել նախագիծը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն իր հերթին նշել է, որ ծրագիրը հայ-ամերիկյան երկարամյա սերտ բարեկամության վերջին դրսևորումներից մեկն է: «Այս տարի մենք տոնում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Այս բարեկամության առանցքային անկյունաքարերից մեկը մեր ռազմական համագործակցությունն է և մեր պաշտպանական կառույցների միջև վստահության հիմքի վրա ձևավորված կապերը, որոնք նշանավորելու համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ»,- ասել է դեսպանը:
«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները և վերապատրաստումը:
«Զառ» ուսումնական կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով: Առաջին փուլում հիմնովին վերանորոգվելու է «Զառ» ուսումնական կենտրոնի եռահարկ հիմնական մասնաշենքը: Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի ճաշարանի, պարսպի կառուցումը:
ՀՀ ՊՆ ֆինանսավորմամբ իրականացվելու են հետևյալ աշխատանքները` գազամատակարարում, ջրամատակարարում, էներգահամակարգի վերակառուցում, կոյուղու և սեպտիկ հորի կառուցում: