Զինված ուժերը մարտունակության բարձր աստիճան ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները

30 Հունիսի, 2016 18:50
Հունիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված միջոցառումների արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկմանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման, ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու ուղղությամբ իրականացված միջոցառումների վրա:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ հաշվետու ժամանահատվածում պատշաճ կերպով իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, որոնց արդյունքների վերլուծությունը ևս մեկ անգամ հավաստում է, հայկական զինված ուժերը մարտունակության բարձր աստիճան ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Անդրադառնալով ինժեներական, ամրաշինական և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքներին և ընդգծելով, որ հունիս ամսվա ընթացքում սահմանագոտում լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է, Սեյրան Օհանյանը որոշակի խնդիրներ է առաջադրել հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Հաշվի առնելով եղանակային պայմանները` ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, ՀՀ պաշտպանության նախարարը հրահանգել է ձեռնարկել համալիր միջոցառումներ զինանձնակազմի արևահարման, միջատների խայթոցների հետևանքով ի հայտ եկող կամ սննդային թունավորման դեպքերը նվազագույնի հասցնելու, զորամասերն անհրաժեշտ դեղորայքային ու կանխարգելիչ միջոցներով ապահովելու, ինչպես նաև մատակարարվող սննդամթերքի որակն ու պահպանման պայմանները խիստ վերահսկելու համար:

  • Տարածել