Զինված ուժերի պրոֆեսիոնալ սերժանտական կազմը համալրվում է
3 Մարտի, 2014 00:00Մարտի 1-ին ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում տեղի է ունեցել ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացված մեկշաբաթյա դասընթացի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր:
Շնորհավորելով ուսումնական դասընթացի մասնակիցներին դրանց հաջող ավարտի կապակցությամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դասընթացը սերժանտական կազմի համար մասնագիտական հմտությունների զարգացման և կատարելագործման կարևոր քայլ է: Զինված ուժերի բարեփոխումների համատեքստում կարևորելով այլ երկրների հետ գործակցությունը ռազմական կրթության ոլորտում՝ Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ դասընթացի մասնակիցները, համալրելով զինված ուժերի պրոֆեսիոնալ սերժանտական կազմը, այսուհետև կլինեն առավել բանիմաց, ավելի բարձր մակարդակով կկատարեն իրենց առջև դրված խնդիրները, իրենց գիտելիքներն օգտագործելով ի նպաստ զինված ուժերի զարգացմանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր խոսքում կարևորելով Հայաստանի զինված ուժերի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններում, հույս է հայտնել, որ մեկշաբաթյա դասընթացի ընթացքում ամերիկյան հրահանգիչների դասավանդած առանցքային թեմաները հայ զինծառայողներին կօգնեն իրենց կառավարման և մարտական կարողությունները առավել կատարելագործելու ուղղությամբ:
Դասընթացն անցկացվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության չորսամսյա ծրագրի շրջանակներում: Փետրվարի 24-ից անցկացված մեկշաբաթյա դասընթացին մասնակցել են ՀՀ ԶՈւ 46 զինծառայողներ, այդ թվում նաև` ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի սերժանտներ: Դասընթացն անցկացվել է ԱՄՆ ցամաքային ուժերի Անվտանգության աջակցության ուսուցումների կառավարման կազմակերպության և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից: