Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը

6 Նոյեմբերի, 2006 00:00
Ո՞րն է մշակման մեթոդաբանությունը Ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) մշակմամբ զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը տեղեկացրել է Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Բրյուսելի առաջատար մասնագիտական կենտրոններում ԱԱՌ-ի նախագծի փորձարկման ավարտի մասին: Երկրի գլխավոր քաղաքական փաստաթղթի մեթոդաբանությունը եւ նախապատրաստման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը դիմել է միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին:

- Հարգելի դոկտոր Քոթանջյան, խնդրում եմ պարզաբանեք Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման մեթոդաբանությունը: - ՀՀ պաշտպանության նախարարությունը այս ոլորտում աշխատանքներ է տանում սկսած 1992 թվականից, անկախ Հայաստանի զինված ուժերի ստեղծման գրեթե սկզբից՝ սերտորեն համագործակցելով առաջատար փորձագետների հետ, որոնք իմաստավորել են վերակառուցումից հետո ժողովրդավարական Ռուսաստանի անցումային քաղաքական գործընթացներում ռազմավարությունը: Դրվատանքի են արժանի ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների հետազոտման մեթոդաբանության կենտրոնի, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարման ակադեմիայի ռուս կոլեգաները, որոնք այդ շրջանում համագործակցում էին Հարվարդի եւ Յեյլի համալսարանների գործընկերների հետ՝ անցումային գործընթացների քաղաքագիտության ոլորտում: Օգտակար էին շփումները ազգային եւ միջազգային անվտանգության ռուսական հիմնադրամի, ինչպես նաեւ Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի փորձագետների հետ: Պաշտպանության նախարարության ծառայողական՝ «ՀՀ ռազմական քաղաքականության հիմունքները. ազգային անվտանգության ռազմաքաղաքական տեսանկյունը» փաստաթղթի նորացումը ծավալվեց 2000 թվականից, Սերժ Սարգսյանի՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո: Լավ կողմնորոշվելով ազգային անվտանգության հայեցակարգի մշակման ռուսական մեթոդաբանության մեջ՝ Հայաստանի պաշտպանության նախարարը հեռատեսորեն որոշեց ընդլայնել ազգային անվտանգության ոլորտում մեր գերատեսչության տեսական-մեթոդաբանական գիտելիքների հորիզոնը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առաջատար հետազոտական կենտրոններում: ՀՀ ՊՆ մասնագետի ակադեմիական վերապատրաստման միջոցով նաեւ արեւմտյան ծրագրեր յուրացվեցին ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանում, ՌԵՆԴ կորպորացիայում եւ Ջ. Մարշալի անվան կենտրոնում. «Ազգային անվտանգության ռազմավարության ձեւակերպումը», «Պաշտպանական- անվտանգության վերլուծության նոր տեխնիկաները 21-րդ դարում», «Անհամաչափ սպառնալիքները ազգային անվտանգության համակարգում ՀՀ արտաքին անվտանգության միջավայրի տրանսֆորմացման ինտենսիվացման կապակցությամբ յուրացվեց նաեւ ՆԱՏՕ-ի շտաբային սպաների «ՆԱՏՕ-ի տրանսֆորմացիայի ռազմավարությունը միջազգային անվտանգության համակարգում» ծրագիրը: Նշանակո՞ւմ է դա, որ հայկական փաստաթուղթը պատճենահանված է ամերիկյան կամ ռուսական բնօրինակից: - Տվյալ հարցը սկզբունքային է: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյակ է՝ ինչպիսի դժվարությունների առաջ կանգնեց Կենտրոնական Եվրոպայի երկրներից մեկը այն բանից հետո, երբ այնտեղ փաստացի բանաքաղեցին ամերիկյան փաստաթուղթը: Մենք առաջին ձեռքից տեղեկացված ենք նաեւ այն մասին, որ որոշ ետխորհրդային երկրների համար ազգային անվտանգության հայեցակարգեր գրել են արտասահմանյան մասնագետները: Այնուհետեւ տեքստերը թարգմանվել են երկրի ազգային լեզվով, իսկ փաստաթղթի միջգերատեսչական մշակման գործընթացը նմանակվել է: Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը ընդունեց անվիճելիորեն ճիշտ որոշում: Նա ելնում էր այն փաստից, որ ապահով միջավայրը, ազգային շահերն ու նպատակները, դրանց կիրառման ռեսուրսներն ու գերակայությունները ազգային անվտանգության ապահովման նպատակներով ցանկացած երկրի համար առանձնահատուկ են: Այդ պատճառով էլ մեր հանձնաժողովը, օգտվելով աշխարհի առավել առաջադեմ մեթոդաբանական մշակումներից, Ռուսաստանի եւ Արեւմուտքի առաջատար մասնագիտական դպրոցների խորհրդատվություններից, ծավալեց ազգային անվտանգության փաստաթղթի միակ ճշմարիտ՝ ինքնուրույն մշակումը: - Մամուլում փաստաթուղթն անվանում են տարբեր կերպ. ազգային անվտանգության հայեցակարգ կամ ռազմավարություն: Գոյություն ունե՞ն արդյոք տվյալ տարընթերցումը բացատրելու ավանդույթներ: - Եվրոպական ավանդույթը ենթադրում է ազգային անվտանգության գլխավոր քաղաքական փաստաթղթերի երկքայլանի մշակումը: Առաջին փուլում մշակվում է հայեցակարգը, որը, ինչպես վկայում են եվրոպական փորձագետները, առավելապես պատասխանում է «ի՞նչ» հարցին: Այնուհետեւ կոնցեպցիայի հիման վրա մշակվում է ռազմավարությունը, որը կոչված է պատասխանել «ինչպե՞ս» հարցին: Ազգային անվտանգության ռազմավարության մշակման ժամանակակից մեթոդաբանական ենթադրում է համակարգային մոտեցում երկու՝ «ի՞նչ» եւ «ինչպե՞ս» հարցերի պատասխանները փնտրելուն: Հայաստանն ընտրել է ազգային անվտանգության ռազմավարությունը մշակելու այդ դինամիկ մոդելը, որը ուղղված է ոչ միայն հայացքները համակարգելուն եւ սպառնալիքների ու դրանց կասեցման ուղղությունների գաղափարների շուրջ տեսաբանմանը, այլ նաեւ նրա գործողությանը եւ գերակայություններին՝ հայ հասարակության անվտանգ զարգացումը ժողովրդավարական բարեփոխումների միջոցով ապահովելու ուղղությամբ: - Ո՞րն է Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովի արգասիքի առանձնահատկությունը: - Բովանդակության տեսանկյունից փաստաթղթի առանձնահատկությունը ռազմավարության ուղղվածությունն է անվտանգության կողմնորոշումների բազմավեկտոր բալանսին, ինչպես նաեւ հասարակության տրանսֆորմացիան՝ ժողովրդավարական բարեփոխումների եւ միջազգային հանրությանը ինտեգրվելու ճանապարհով: Մյուս կարեւոր առանձնահատկությունն այն է, որ հանձնաժողովը զուգահեռ մշակում է երկու փոխպայմանավորված «արտադրանք». ազգային անվտանգության ռազմավարություն եւ ազգային անվտանգության ռազմավարության իրականացումը ՀՀ կենսագործունեության բոլոր ոլորտներում ապահովող գերատեսչական ծրագրերի փաթեթ: - Ի՞նչ է ընկած փաստաթղթի նախագծի միջգերատեսչական մշակման հիմքում: - Նախապատրաստական փուլում՝ ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ բազմամյա ծառայողական մշակումների արդյունքների համակարգում, ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանի ազգային անվտանգության դպրոցում պաշտպանած տեսական մեթոդաբանական բնույթի մեր մենագրություն-հետազոտությունը՝ «ՀՀ ազգային անվտանգության մշակումը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում»: Իսկ փաստաթղթի միջգերատեսչական մշակման հիմքն է դարձել ՀՀ պաշտպանության նախարարի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները» զեկույցը: Մոսկվայից, Վաշինգտոնից եւ Բրյուսելից փորձագետների կողմից նախարարի զեկույցը գնահատվել է որպես հիմնարար մասնագիտական փաստաթուղթ եւ երաշխավորված է իբրեւ բազային տեքստ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակման համար: - Որպես միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար՝ ինչպե՞ս կբնութագրեք նրա գործունեությունը: - Արդյունավետ: Առաջին նիստի ժամանակ իր որոշիչ ճեպազրույցում նախագահը հանձնաժողովին կողմնորոշեց պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության եւ ժողովրդավարության՝ փաստաթղթի մշակման գործընթացում: Հատուկ նշանակություն տրվեց 18 տարբեր գերատեսչություններ, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ ներկայացնող հանձնաժողովի անդամների մեթոդաբանական համատեղելիությունն ապահովելու ոչ հեշտ խնդիրը լուծելուն: Այդ խնդրի լուծման գործում մեծ դեր խաղացին ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիայի փորձագետների հետ խորհրդակցությունները: Անգնահատելի օգնություն ցույց տվեցին ամերիկացի գործընկերները. մեր խնդրանքով Երեւանում ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանի բարձրակարգ մասնագետների կողմից միջգերատեսչական հանձնաժողովի անդամ փոխնախարարների եւ համարժեք պաշտոնատար անձանց համար անցկացվեց մեթոդաբանական սեմինար: Համաձայն ինտերնետում տարածված նիստերի օրացույցի՝ նախագծի բաժինները քննարկվեցին երկու անգամ՝ ինչպես զեկույցի հիմնական տեքստում ներառված առաջարկությունների խճանկարի փուլում, այնպես էլ չխմբագրված նախագծի համախմբման փուլում: Այդ գործընթացը իրականացվում էր ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների եւ փաստաթղթայնացման ավանդական մեթոդների օգտագործմամբ: 7 նիստերի անցկացման ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվեց 615 առաջարկություն: Դրանց վերլուծությունը եւ տեքստի մեջ ներառումը անցկացվում էին հանձնաժողովի անդամների հետ կոլեկտիվ փորձագիտական խորհրդատվությունների արդյունքում: Ես կնշեի հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը եւ որակյալ կոլեկտիվ արդյունք ստանալու համար անձնական պատասխանատվությունը: Պետք է արժանին մատուցել նախագահի հանդուրժողականությանը եւ համախմբող ջանքերին կարծիքների բազմազանության նկատմամբ, որոնք հաճախ արտացոլում էին գերատեսչությունների միջեւ շահերի օբյեկտիվ հակամարտություն: - Հանձնաժողովի աշխատանքների ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության մեջ հաղորդվում էր արտասահմանյան առաջատար կենտրոններում նախագծի՝ ծրագրվող փորձարկումների մասին: Կարո՞ղ եք պատմել դրանց մասին: - Հանձնաժողովի նախագահը նախընտրեց մասնագիտական բաց քննարկումների ժամանակակից ձեւաչափը առավել հեղինակավոր մասնագիտական կենտրոններում: Խոսքը փորձարկումների ընդհանուր տեսքի ընտրության մասին է, որոնք ամբողջությամբ են արտացոլում Հայաստանի բազմավեկտոր անվտանգության քաղաքականության էությունը՝ ե՛ւ Մոսկվա, ե՛ւ Վաշինգտոն, ե՛ւ Բրյուսել: Ընդ որում, փորձարկման ընտրված բարդ մոդելի մասին նախօրոք տեղեկացված էին մեր բոլոր գործընկերները՝ Մոսկվայից, Վաշինգտոնից եւ Բրյուսելից: Մեծ բավականությամբ պետք է նշել, որ մեր հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի՝ արտաքին փորձարկումներ կազմակերպելու պաշտոնական խնդրանքներին պատրաստակամությամբ արձագանքեցին ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: Գնահատականների համառոտ տեսությունը այսպիսին է. ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանի ակադեմիական կոմիտե. «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական գործընթացը եւ նրա արդյունքը համապատասխանում են ժամանակակից մեթոդաբանական չափանիշներին», ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ազգային անվտանգության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնների համատեղ փորձագիտական խումբ. «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը միջգերատեսչական հանձնաժողովի համակարգված ջանքերի հասուն արդյունք է», ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների՝ անվտանգության հարցերով միջազգային խորհրդականների խումբ. «Փաստաթղթի նախագիծը գիտականորեն բազմակողմանի հիմնավորված է»: Մեծ արժեք են ներկայացնում տվյալ մասնագիտական դպրոցների կողմից հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները: Կարեւոր է նշել, որ առաջարկները կատարվում էին առաջարկությունների ձեւով, այն բանի ըմբռնումով, որ ազգային քաղաքական փաստաթղթի մշակումը Հայաստանի իշխանությունների պատասխանատվության գործն է: -Որպես պաշտպանության նախարարության ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար ինչպե՞ս եք գնահատում նրա դերը տվյալ գործընթացում: - Վերջերս ստեղծված՝ գեներալ Դրաստամատ Կանայանի անվան ինստիտուտը կատարում է միջգերատեսչական հանձնաժողովի վերլուծական-համակարգող եւ խմբագրական օղակի դերը: Հենց այստեղ են Հայաստանի Հանրապետության ազգային շահերի դիրքերից վերլուծվում եւ ընդհանրացվում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առաջարկությունները՝ հանձնաժողովին առաջարկներ ներկայացնելով: Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակումը լավագույն գործիքն է ազգային ռազմավարական հետազոտությունների ոլորտում ինստիտուտի ապագա գործունեության տրամաչափը որոշելու համար: -Ինչպիսի՞ն են ազգային անվտանգության ռազմավարության նախագծի առաջխաղացման հետագա քայլերը: - Նոյեմբերին ենթադրվում է ազգային անվտանգության ռազմավարության նախագծի փորձարկումը ԵՊՀ գիտխորհրդի եւ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստերում՝ ակադեմիական հասարակության եւ ոչ կառավարական կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ: Հանձնաժողովի նախագահ Ս. Սարգսյանը համապատասխան խնդրանքով դիմել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին եւ ԳԱԱ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Մինչեւ դեկտեմբեր ենթադրվում է նաեւ փաստաթղթի նախագծի բաց խորհրդարանական քննարկում: Այդ բաց քննարկումների արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովը նախագիծը կներկայացնի կառավարության հաստատմանը: ՏԵՂԵԿԱՆՔ: Նախագծի գիտական ղեկավար Հայկ Քոթանջյանը, լինելով ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը, ունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի առաջատար գիտական կենտրոններում ձեռք բերած գիտելիքներ: Նա արժանացել է ազգային անվտանգության քաղաքագիտության ոլորտում բարձրագույն գիտական որակավորման՝ Ռուսաստանի կառավարման ակադեմիայի, ՌԴ ԱԳՆ-ին առընթեր դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մեթոդաբանական հետազոտման կենտրոնի, ինչպես նաեւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ռազմաքաղաքական գիտությունների ամբիոնի հովանու ներքո: Քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հակաահաբեկչության հարցերով գիտական փորձագետ է դարձել ԱՄՆ պաշտպանության ազգային համալսարանի ազգային անվտանգության դպրոցում: Նա Ջ. Մարշալի անվան՝ անվտանգության ոլորտում հետազոտությունների եվրոպական կենտրոնի գեներալական կուրսերի, ինչպես նաեւ ամերիկյան հետազոտական ՌԵՆԴ կորպորացիայի մագիստրական դպրոցի պաշտպանական-անվտանգության վերլուծության ծրագրի շրջանավարտ է:
  • Տարածել