Շախմատային մեծ իրադարձություն Հայաստանում
22 Մարտի, 2007 00:00Մայիսի 4-6-ը Երեւանում կազմակերպվում է մրցախաղ երկու ուժեղագույն գրոսմայստերների` Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ: Մրցախաղի վերաբերյալ «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանին հարցազրույց է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
- Պարոն Սարգսյան, լրատվամիջոցներն արդեն հաղորդել են, որ Երեւանում կազմակերպվում է մրցախաղ երկու ուժեղագույն գրոսմայստերների՝ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի միջեւ։ Ինչպե՞ս եք գնահատում այս մենամարտի նշանակությունը։
- Հիրավի, մենք ականատես կլինենք շախմատի մի իսկական տոնի, քանի որ կմրցեն շախմատային երկու ամենաբարձր տիտղոսներին տիրացած գրոսմայստերները՝ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը եւ աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը։ Հայտնի է, որ ՖԻԴԵ-ն ընդունել է որոշում այն մասին, որ այսուհետեւ աշխարհի գավաթակիրը իրավունք կունենա անմիջականորեն վիճարկելու շախմատային գահը աշխարհի չեմպիոնի հետ։ Ցավոք, այդ որոշումը ուժի մեջ է մտնում միայն հաջորդ տարվանից, հակառակ պարագայում արդեն այժմ Կրամնիկ - Արոնյան մենամարտը կունենար աշխարհի առաջնության կարգավիճակ։ Բայց առանց այդ էլ մրցախաղը, չեմ կասկածում, կդառնա շախմատային տարվա խոշորագույն իրադարձություններից մեկը։ Մարզասերները լավ գիտեն, որ, օրինակ, ֆուտբոլում խաղարկվում է սուպերգավաթ՝ մրցանակ գործող չեմպիոնի եւ գավաթակրի միջեւ։ Ահա երեւանյան մրցախաղն էլ նման մի մենամարտ է, որտեղ աշխարհի չեմպիոնն ու գավաթակիրը կվիճարկեն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մրցանակը։
- Որպես մրցախաղի անցկացման կազմակերպական կոմիտեի նախագահ, ի՞նչ կասեք դրա մանրամասների մասին։
- Մրցախաղը բաղկացած կլինի վեց պարտիայից, կընթանա մայիսի 4-6-ը, եւ այդ երեք օրերի ընթացքում Արոնյանն ու Կրամնիկը կանցկացնեն երկուական պարտիա արագ շախմատի կանոններով։ Յուրաքանչյուր պարտիայում մրցակիցներին կտրամադրվի 25-ական րոպե՝ գումարած 10-ական վայրկյան կատարված ամեն քայլի համար։ Ինչո՞ւ է ընտրվել արագ շախմատի ձեւաչափը։
Նախ, այն անչափ գրավիչ ու դիտարժան է շախմատասերների համար, որոնք խաղի ընթացքում գործնականում առանց դադարի կարող են հետեւել գրոսմայստերների մրցավեճին։ Բացի այդ, արագ շախմատը այժմ կիրառվում է ամենաբարձր մակարդակի մրցախաղերում, ներառյալ հավակնորդների մրցումները եւ աշխարհի առաջնությունները՝ հավասարության դեպքում հաղթողին որոշելու համար։ Այս իմաստով երեւանյան մրցախաղը հրաշալի փորձամրցում կլինի, մասնավորապես, Լեւոն Արոնյանի համար, որն արդեն մայիսի վերջին Էլիստայում պետք է սկսի իր պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումներում։ Վերջապես, ե՛ւ Կրամնիկը, ե՛ւ Արոնյանը հզոր շախմատիստներ են ոչ միայն դասական, այլեւ արագ շախմատում, եւ նրանց մրցավեճը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այս առումով։
- Ակնհայտ է, որ հետաքրքրությունը մրցախաղի նկատմամբ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ամբողջ աշխարհում հսկայական կլինի։ Շախմատասերները ինչպե՞ս կարող են հետեւել պարտիաների ընթացքին։
- Նախատեսվում է մրցախաղն անցկացնել Երեւանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնում, որտեղ մենք արդեն շախմատային խոշոր մրցաշարերի կազմակերպման փորձ ունենք։ Հիշեցնեմ, որ օպերայի լեփ-լեցուն դահլիճում էր անցկացվում, օրինակ, աշխարհի 2001 թ. թիմային առաջնությունը։ Բեմի երկու կողմերում խոշոր ցուցապաստառների վրա անմիջականորեն կվերարտադրվեն գրոմայստերների կատարած քայլերը։ Ցուցատախտակներ կտեղադրվեն նաեւ ճեմասրահներում։ Հավանական է, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը օրվա ընթացքում մի քանի անգամ անմիջական միացումներով կանդրադառնա խաղի ընթացքին՝ հնարավորություն ստեղծելով ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի մոտ ութ տասնյակ երկրներում գտնվող շախմատասերներին դիտելու շախմատային աստղերի մենամարտի մանրամասները։ Պարտիայի ընթացքին աշխարհի հարյուր հազարավոր շախմատասերներ անմիջականորեն կհետեւեն նաեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ինտերնետային կայքի օգնությամբ։ Ի դեպ, աշխարհի շախմատային բոլոր հանրահայտ կայքերը արդեն հրապարակումներ են զետեղել Արոնյան-Կրամնիկ մրցախաղի վերաբերյալ։ Մենամարտը լուսաբանելու նպատակով Երեւան ժամանելու իրենց մտադրությունն են սկսել հայտնել արտասահմանյան լրագրողները։
Մրցախաղի անցկացման կազմակերպական կոմիտեն մշտական կապի մեջ է Վլադիմիր Կրամնիկի եւ Լեւոն Արոնյանի հետ՝ քննարկելով եւ համաձայնեցնելով բոլոր կարեւոր մանրամասները։ Մասնավորապես, երկու գրոսմայստերներն էլ իրենց համաձայնությունը հայտնեցին, որ գլխավոր մրցավարի պարտականությունները կատարի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։
- Օգտվելով առիթից, հետաքրքիր է իմանալ, թե մեր շախմատասերները այս տարի Հայաստանում ականատես կլինե՞ն այլ խոշոր իրադարձությունների։ Եվ, ընդհանրապես, ի՞նչ կարեւորագույն մրցաշարեր են սպասում Հայաստանի շախմատիստներին։
- Այո, Արոնյան-Կրամնիկ մրցախաղը միակը չի լինի 2007 թվականին մեր երկրում անցկացվելիք միջազգային նշանակության միջոցառումներից։ Ամռանը Ջերմուկում եւ Սեւանում կընթանան ավանդական դարձած միջազգային մրցաշարեր, որոնց կազմակերպիչը մեր շախմատային ակադեմիան է։ Իսկ հոկտեմբերին Երեւանում, ինչպես եւ անցյալ տարի, կանցկացվի աշխարհի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությունը։ Ինչ վերաբերում է ընդհանրապես միջազգային իրադարձություններին, ապա արդեն ապրիլի 2-ին Դրեզդենում կմեկնարկի Եվրոպայի անհատական առաջնությունը, իսկ աշնանը Հունաստանի Հերակլիո քաղաքում կանցկացվի աշխարհամասի թիմային առաջնությունը։ Սրանք պատասխանատու մրցաշարեր կլինեն մեր առաջատար շախմատիստների համար։ Բայց ամենակարեւորը, թերեւս, աշխարհի առաջնության մրցաշարքն է Լեւոն Արոնյանի մասնակցությամբ։ Եվ այդ իմաստով Արոնյան - Կրամնիկ երեւանյան մրցախաղը, իսկապես, լրացուցիչ իմաստ ու նշանակություն է ստանում։