ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հադիպումը Քանաքեռ—Զեյթուն համայնքում
23 Մարտի, 2007 00:00Հայաստանի Հանրապետական կուսակցության գերխնդիրն է ապահովել երկրի շարունակական զարգացումը։ Երեւանի Քանաքեռ—Զեյթուն համայնքում երեկ ՀՀԿ ակտիվի եւ զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը նման հավաստիացում արեց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է հասնել նրան, որ տնտեսական աճը գերազանցի մինչ այժմ արձանագրված ցուցանիշները։ «Անելու ենք ամեն ինչ, որ երեխաները մեծանան առողջ, ընտանիքները կարողանան դիմակայել առկա դժվարություններին, եւ աճի բնակչության թիվը»,– ասաց Ս. Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀԿ—ն ձգտում է ուժերի գերլարումով եւ միմիայն օրինական ճանապարհով հասնել հաղթանակի, ստանալ ժողովրդի առավելագույն քվեն։ Դրա համար կուսակցությունն ունի մարդկային եւ նյութական ներուժ, որին պետք է գումարվի աշխատանքը։ Ս. Սարգսյանի հավաստիացմամբ՝ պետության ուշադրության կենտրոնում գտնվող ամենակարեւոր հիմնախնդիրներից է աշխատատեղերի հարցը։ Առաջիկա ժամանակահատվածում աշխատանքները հենց այդ ուղղությամբ են տարվելու։
Համայնքային խնդիրներով մտահոգ բնակիչներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Լուծվում են Քանաքեռ—Զեյթուն համայնքի ճանապարհային բարեկարգման խնդիրները, կապիտալ հիմնանորոգվել է Դրոյի փողոցը, այս տարվա ծրագրում են Ազատության պողոտան եւ Ուլնեցու փողոցը։ Հարցեր էին բարձրացվում ապօրինի կառուցված բնակարանների օրինականացման, բնակարանային ապահովվածության տարաբնույթ հարցերի մասին։
Քանաքեռ—Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը նշեց, որ նախարարի հոգածությամբ համայնքի 13 ընտանիքներ ապրիլի 25—ին նոր բնակարաններ կունենան։
Պատասխանելով մայրաքաղաքի կարգավիճակին եւ Երեւանի քաղաքապետի ընտրովի լինելու մասին հարցին՝ Ս. Սարգսյանը նշեց, որ կողմ է քաղաքապետի ընտրովի լինելուն, ուղղակի թե միջնորդավորված՝ միեւնույնն է, հարցը պետք է լուծվի քննարկումների արդյունքում։
Ըստ Ս. Սարգսյանի՝ քաղաքապետը պետք է ընտրվի, իսկ թաղային համայնքների ղեկավարները նշանակվեն նրա կողմից։ Դա առավել կառավարելի, վերահսկելի կդարձնի թաղապետերի գործունեությունը, քաղաքապետը պատասխանատվություն կստանձնի նրանց գործունեության նկատմամբ։ Իսկ այսօր քաղաքապետարանը խորհրդակցական մարմին է թաղապետարանների համար։
Պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին հարցին ի պատասխան նա նշեց, որ դրա համար մեծ միջոցներ են անհրաժեշտ։
Փոքրաթիվ բնակչությամբ պետություններում դա դժվար խնդիր է, քանի որ պահեստազորի հարցը բարդություն է առաջացնում։ «Հարցը միայն երկու տարի ծառայելն ու սահմանը պահելը չէ, ծառայությունից հետո զինվորը ձեռք է բերում կոնկրետ զինվորական մասնագիտություն եւ հաշվառվելով պահեստազորում՝ ռազմական գործողությունների ժամանակ զորակոչվում է։ Մոտակա ժամանակներս Հայաստանը չի կարող ամբողջությամբ անցնել պրոֆեսիոնալ բանակի սկզբունքներին, մեր երկրի ճանապարհն է համադրել պրոֆեսիոնալներին եւ ժամկետային զինծառայողներին»,–ասաց նա՝ տեղեկացնելով, որ ՀՀ զինված ուժերում այսօր 8 հազարից ավելի շարքային եւ սերժանտական կազմի պայմանագրային զինծառայողներ կան, 10 հազարից ավելի սպայական, 5 հազարից ավելի ենթասպայական կազմ։
Համայնքի ազատամարտիկներին մտահոգում էին բնակարանային ապահովության եւ բնակարանային պայմանների բարելավման խնդիրները։ Նախարարը տեղեկացրեց, որ այդ աշխատանքները կավարտվեն 2008թ. վերջին։ Ի դեպ, համայնքի ազատամարտիկները նշեցին, որ խորհրդարանական ընտրություններում սատարելու են ՀՀԿ—ին։
Ս. Սարգսյանի խոսքերով՝ մի բան հստակ է՝ նախընտրական շրջանում եւ ընդհանրապես բանակը պետք է զերծ լինի ցանկացած, այդ թվում՝ քաղաքական ազդեցությունից։