ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

24 Հոկտեմբերի, 2007 00:00
ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
24 հոկտեմբերի, 2007թ.

Հարգելի գործընկերներ
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին` այս քննարկումներին մասնակցելու համար:

Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագիծը, որը մշակման ինտենսիվ գործընթաց է անցել: Ես կանգ չեմ առնի Ռազմական դոկտրինի նշանակության վրա: Միայն նշեմ, որ բարեփոխումների անցումային այս փուլում հայեցակարգային մոտեցումների որդեգրումը հույժ կարևոր է` դրանք ճիշտ ուղղորդելու, Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովելու և Հայաստանի պաշտպանունակությունն ամրապնդելու համար:

Ընդհանուր առմամբ, Ռազմական դոկտրինը երկրի առջև ծառացած ռազմական սպառնալիքների և դրանց չեզոքացման, պետության պաշտպանության կազմակերպման, զինված ուժերի կառուցվածքի, խնդիրների, նպատակների և գործունեության վերաբերյալ տեսականորեն հիմնավորված պաշտոնական տեսակետների հայեցակարգ է: Ռազմական դոկտրինի հիմնական իմաստը պետության անվտանգության սպառնալիքների սահմանումն ու դրանք կանխելու միջոցների մատնանշումն է: Սակայն դոկտրինը չի սահմանափակվում միայն այդքանով և ավելի ընդգրկուն փաստաթուղթ է, որտեղ ընդհանուր գծերով ուղենշվում են մեր պետության ռազմական անվտանգության համակարգի, զինված ուժերի և պաշտպանության կազմակերպման մյուս բոլոր ուղիները: Ռազմական դոկտրինը համապետական նշանակության փաստաթուղթ է: Այն ուղեցույց է հանդիսանում ռազմական անվտանգության համակարգի համար պատասխանատու բոլոր պետական գերատեսչությունների համար` ապահովելով նրանց միասնական ռազմավարությունը երկրի պաշտպանության գործում: Բացի այդ, ՀՀ Ազգային Ժողովի, կառավարության, պետական և հասարակական այլ օղակների համար փաստաթուղթը ազգային անվտանգության, պաշտպանական քաղաքականության և դրա ֆինանսավորման նպատակով հասարակական աջակցության ապահովման կարևոր գործոն է: Ուստի բոլոր ներկաների տեսակետներն ու նկատառումները չափազանց կարևոր են և ես առողջ, անկեղծ ու արդյունավետ քննարկումներ եմ ակնկալում: Մինչ փաստաթղթին անդրադառնալը, ցանկանում եմ հակիրճ ներկայացնել դրա մշակման գործընթացը: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության Նախագահի` սույն թվականի փետրվարի 7-ի հրամանագրով հաստատվեց Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այդ փաստաթուղթը պաշտպանության նախարարության համար հիմք հանդիսացավ Ռազմական դոկտրինի նախագծի մշակմանը ձեռնամուխ լինելու համար: Անմիջապես Ազգային անվտանգության ռազմավարության հաստատումից հետո, Ռազմական դոկտրինի նախագծի մշակման նպատակով պաշտպանության նախարարության համակարգում ստեղծվեց ներգերատեսչական հանձնաժողով և աշխատանքային խումբ, որում ընդգրկվեցին բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարները և համապատասխան փորձագետներ: Պետք է նշեմ, որ հանձնաժողովն ու աշխատանքային խումբն աշխատեցին արդյունավետ և կարողացան փետրվար-հունիս ամիսների ընթացքում մշակել Ռազմական դոկտրինի նախագծի նախնական տարբերակը: Փաստաթղթի մշակման հաջորդ փուլի համար ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմեց ՀՀ Նախագահին` միջգերատեսչական հանձնաժողով ձևավորելու խնդրանքով: Նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովում ընդգրկվեցին բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր այսօր նույնպես ներկա են այս միջոցառմանը: Միջգերատեսչական հանձնաժողովը երեք ամիս շարունակ ինտենսիվ աշխատանք ծավալեց, գումարվեցին մի շարք նիստեր, ստացվեցին և մշակվեցին 700-ից ավելի առաջարկություններ, ճշգրտվեցին բոլոր սահմանումներն ու հասկացությունները, հստակեցվեցին առկա խրթին և տարբեր մեկնաբանությունների ենթակա կետերը: Արդյունքում ստեղծվեց Ձեզ ներկայացված փաստաթուղթը: Հարկ է նշել նաև, որ դոկտրինի նախագծի մշակման ընթացքում հանգամանորեն ուսումնասիրվեց միջազգային փորձը, բազմաթիվ երկրների համանման փաստաթղթեր: Ընդ որում, մենք ուսումնասիրել ենք այդ փաստաթղթերի ոչ այնքան բովանդակությունը, որքան մեթադաբանությունն ու կառուցվածքը: Սակայն այս նախագծի մշակման ընթացքում մենք նպատակ չենք ունեցել վերցնել և նույնությամբ ներդնել որևէ երկրի մոդել, այլ օգտագործելով առավել արդյունավետ մոտեցումները և մեթոդները, փորձել ենք ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որը առավելագույնս կհամապատասխանի մեր պահանջներին և առանձնահատկություններին` միաժամանակ ընկալելի լինելով միջազգային հանրության համար: Ուստի ձեզ ներկայացված դոկտրինի նախագծում դուք կարող եք որոշ նմանություններ, միաժամանակ հիմնարար տարբերություններ գտնել այլ երկրների համանման փաստաթղթերի հետ: Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա այս առումով նախագիծը մշակվել է բացառապես Հայաստանի և մեր տարածաշրջանի առանձնահատկություններից ելնելով` Ազգային անվտանգության ռազմավարության հիման վրա: Փաստաթղթի կառուցվածքն ու բովանդակությունը պայմանավորված են նաև անցումային փուլի առանձնահատկություններով` նպատակ հետապնդելով ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների և արդիականացման ընթացքը: Այժմ հակիրճ անդրադառնամ Ռազմական դոկտրինի բովանդակությանն ու կառուցվածքին: Ըստ էության, Ռազմական դոկտրինը, Ազգային անվտանգության ռազմավարությունից հետո, մեր երկրի անվտանգության ապահովման ռազմավարական պլանավորման հիմնական փաստաթուղթն է: Եթե Ազգային անվտանգության ռազմավարությունը ներկայացնում է ազգային անվտանգության համակողմանի վերլուծությունը, սահմանում ազգային անվտանգության հիմնարար արժեքները և բացահայտում սպառնալիքները, ապա Ռազմական դոկտրինն առավել մանրամասնում է ռազմական ոլորտի դրույթները, սահմանում պաշտպանական ռազմավարությունը և ռազմական անվտանգության ապահովման համակարգը: Միաժամանակ Ռազմական դոկտրինը նախանշում է Զինված ուժերի բարեփոխումների ուղղությունները և հիմք հանդիսանում ազգային ռազմական ծրագրերի և պլանների մշակման համար, որոնք կվերանայվեն և կլրամշակվեն 2008թ. ընթացքում և հստակորեն կսահմանեն Զինված ուժերի կառուցվածքը, խնդիրները և մարտավարությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հաստատվել է Ռազմական դոկտրինի մշակման ժամանակացույցը: Մասնավորապես, այդ ժամանակացույցի համաձայն, այս քննարկումներին զուգահեռ նախագիծը ներկայացվել է նաև միջազգային փորձագիտական քննարկման Ռուսաստանի Դաշնությունում, ՆԱՏՕ-ում և ԱՄՆ-ում: Մինչև հոկտեմբերի վերջ մենք կստանանք և կուսումնասիրենք նաև դրա արդյունքները, որից հետո, նոյեմբերին, Ռազմական դոկտրինի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարություն, կանցնի լսումներ ՀՀ Ազգային ժողովում և կքննարկվի Ազգային անվտանգության խորհրդում: Արդյունքում, մենք կկարողանանք փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել սույն թվականի դեկտեմբերին: Ռազմական դոկտրինը բաղկացած է Նախաբանից և 4 բաժիններից. 1.Ռազմաքաղաքական հիմնադրույթները, 2.Պաշտպանական ռազմավարությունը, 3. Ռազմական անվտանգության համակարգը և 4. Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումները: Փաստաթղթի նման կառուցվածքը պայմանավորված է մի կողմից այն միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու հանգամանքով, մյուս կողմից անցումային ժամանակաշրջանին հատուկ առանձնահատկությունններով: Այս ամենով հանդերձ, փաստաթուղթն ունի համընդգրկուն բնույթ և ներառում է ռազմական անվտանգության ապահովման բոլոր ասպեկտները: Նախաբանը, ինչպես հատուկ է նմանատիպ փաստաթղթերին, սահմանում է «Ռազմական դոկտրին» հասկացությունը և փաստաթղթի կառուցվածքը, մատնանշում նրա մշակման հիմքերը, մեկնաբանում բնույթը և նպատակը: Այն նաև ներկայացնում է դոկտրինի իրավական հիմքերը և պարզաբանում դրա փոփոխման և հստակեցման կարգն ու իրագործման ձևերը: Սույն նախաբանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն Հայաստանի Հանրապետության` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորը լինելու հստակ հիմնավորումներ է պարունակում, ինչը հիմքեր է ստեղծում ողջ փաստաթղթում այս հանգամանքը հաշվի առնելու համար: Առաջին` «Ռազմաքաղաքական հիմնադրույթներ» բաժինը բաղկացած է երկու ենթաբաժիններից` «Ռազմական անվտանգության միջավայրն ու սպառնալիքները» և «Ռազմական անվտանգության ապահովումը»: Ռազմական անվտանգության միջավայրի ճշգրիտ գնահատումը չափազանց կարևոր է այդ միջավայրից բխող սպառնալիքները վերհանելու և դրանց չեզոքացման ուղիները նախանշելու համար: Հայաստանի Հանրապետության պարագայում այդ միջավայրը ձևավորվում է ներպետական, տարածաշրջանային, արտատարածաշրջանային և ազգային անվտանգության հիմնարար արժեքների վրա ազդող գործոնների ներքո: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա իրենց բնույթից ելնելով, փաստաթղթում դրանք բաժանված են երկու խմբի` արտաքին և ներքին: Արտաքին հիմնական սպառնալիքներն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայությունը և Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստումը, տարածաշրջանում անվերահսկելի սպառազինման գործընթացը, Հայաստանի դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, սահմանակից պետություններում ներքաղաքական միջավայրի ապակայունացումը, միջազգային անվտանգության համակարգերի տարաձայնությունները, Հայաստանի մեկուսացման փորձերը, ինչպես նաև անդրազգային հանցավորությունը: Ներքին սպառնալիքներն են սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, ռազմական անվտանգության համակարգի արդյունավետության նվազումը, անօրինական զինված խմբավորումների ստեղծումը, տնտեսական անվտանգության ցուցանիշների անկումը, բարոյահոգեբանական վիճակի վատթարացումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակները: Նշված սպառնալիքներին զուգահեռ կան մի շարք գործոններ, որոնք դրականորեն են անդրադառնում թե Հայաստանի և թե տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Որպես այդպիսի գործոններ փաստաթղթում մատնանշված են ռազմական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ունակ Զինված ուժերը, միջազգային ինտեգրման գործընթացները, տարածաշրջանային պետությունների միջև զինված հակամարտությունների ու նոր սպառնալիքների հավանականության նվազմանը միտված գործոնները, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ամրապնդմանը նպաստող միջազգային կազմակերպությունների գործունեությունը: Ռազմական անվտանգության ապահովումը ներառում է վերոնշյալ սպառնալիքների ու վտանգների ժամանակին բացահայտումն ու գնահատումը, դրանց հասունացման կանխատեսումը, կանխումը, կասեցումը և չեզոքացումը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական անվտանգությունն ապահովում է իր բոլոր ուժերի, միջոցների և ռեսուրսների համընդհանուր ու ամբողջական կիրառմամբ: Ռազմական անվտանգության երաշխավորված ապահովման համար անհրաժեշտ է համապատասխան երաշխիքների ստեղծումը: Եթե այս առումով ազգային երաշխիք են հանդիսանում մարտունակ և արդիական զինված ուժերը, ապա ռազմական անվտանգության ապահովման միջազգային երաշխիքը միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ համարժեք պարտավորությունների ստանձնումն է` դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հաստատումն ու շարունակական զարգացումը: Ոչ պակաս կարևոր է ռազմական անվտանգության ապահովման ճիշտ ուղիների ընտրությունը: Այդ ուղիներն են պետության պաշտպանական ներուժի զարգացումը և զինված ուժերի բարեփոխումները, համակողմանի պաշտպանական համագործակցության խորացումը, միջազգային արդի ռազմական գիտության վրա հիմնված ուժերի, միջոցների և պաշարների ստեղծումը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը, ռազմական սպառնալիքների բացահայտումն ու դասակարգումը և դրանց արձագանքման միջոցառումների իրականացումը: Փաստաթղթի երկրորդ բաժինը նկարագրում է Հայաստանի Հանրապետության պաշտպանական ռազմավարությունը, որն իրենից ներկայացնում է ռազմական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցների և միջոցառումների ամբողջությունը և ձևավորում է պաշտպանական քաղաքականությունը: Պաշտպանական ռազմավարությունն առաջնորդվում է Հայաստանի պետական զարգացման առաջնահերթություններին համարժեք սկզբունքներով, սահմանում է ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից բխող նպատակներ և հստակեցնում դրանց իրականացման համար առաջադրված խնդիրները: Նախ անդրադառնանք սկզբունքներին, որոնք ընկած են ռազմական անվտանգության ապահովման հիմքում և բխում են ժողովրդավարական, իրավական պետության կառուցման, սոցիալ-տնտեսական բարեփոխւմների իրականացման և քաղաքացիական հասարակության կայացման մեր պետության որդեգրած ուղուց: Առաջինը դաշնակցային և գործընկերային իրավահավասար ու բարիդրացիական հարաբերությունների զարգացման, խաղաղության և կայունության ամրապնդման, ռազմական հավասարակշռության պահպանման և համընդհանուր անվտանգության միջավայրի ձևավորման սկզբունք է: Հաջորդ կարևոր սկզբունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունի իր ռազմական անվտանգության ապահովման գործում հիմնվելով իր պետական շահերի վրա` հաշվի է առնում նաև իր դաշնակիցների և գործընկերների շահերը, ռազմական ոլորտի համընդհանուր սկզբունքները և ստանձնած միջազգային պարտավորությունները: Պաշտպանական ռազմավարության հիմքում դրված կարևոր սկզբունք է նաև նախահարձակ չլինելու սկզբունքը, ինչն ապացուցում է Դոկտրինի պաշտպանողական բնույթը: Սակայն անմիջական զինված հարձակման սպառնալիքի դեպքում Հայաստանն իրեն իրավունք է վերապահում իրականացնել դրանց չեզոքացմանն ուղղված ռազմական գործողություններ, ինչպես նաև դիմել իր դաշնակիցներին և գործընկերներին` համապատասխան օժանդակություն ստանալու համար: Պաշտպանական ռազմավարությունը սահմանում է նաև այն ռազմական նպատակները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձենմխելիության և բնակչության ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովման համար: Այդպիսի նպատակներ են հանդիսանում ռազմական անվտանգության սպառնալիքների կանխարգելումն ու չեզոքացումը, ճգնաժամերի հաղթահարումը, միջազգային հանցավորության դեմ պայքարը, ռազմական կարողությունների ամրապնդրումը, հավասարակշռված ռազմական համագործակցության զարգացումը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը և տեղեկատվական անվտանգության արդի համակարգերի մշակումը: Միաժամանակ, որդեգրված սկզբունքների համաձայն ռազմական նպատակներին հասնելու համար ազգային պաշտպանական ռազմավարությունը առաջադրում է հստակ խնդիրներ, որոնք բաժանված են 3 կատեգորիաների. հուսալի պաշտպանական կարողություն, վերակառուցում և արդիականացում, ռազմական ներգրավում: Հուսալի պաշտպանական կարողությունը ռազմական սպառնալիքներին հակազդելու, դրանց լիակատար չեզոքացմանն ուղղված ռազմական գործողություններ վարելու զինված ուժերի կարողությունների ամբողջությունն է: Սրանով է պայմանավորված զինված ուժերի կառուցվածքը, թվաքանակը և մարտավարությունը: Վերակառուցումն ու արդիականացումն իր հերթին պաշտպանական բարեփոխումների միջոցով զինված ուժերի առկա կարողությունները ռազմական նպատակների իրականացման պահանջներին համապատասխանեցնելն է: Ինչ վերաբերում է ռազմական ներգրավմանը, ապա այն անվտանգության տարբեր կառույցների և միջազգային ուժերի գործողություններում զինված ուժերի մասնակցության ընդլայնումն է: Դոկտրինի 3-րդ բաժինը սահմանում է Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համակարգը: Ռազմական անվտանգության համակարգը ՀՀ պետական լիազոր մարմինների ու պաշտոնատար անձանց, զինված ուժերի և ռազմարդյունաբերական համալիրի, ռազմական անվտանգության խնդիրների լուծման համար նախատեսված հաստատությունների և կազմակերպությունների ամբողջությունն է: Ռազմական անվտանգության համակարգի` ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը ներառում է զինված ուժերը, Հայաստանի Հանրապետության տարածքը, հասարակությանը և տնտեսությունը պաշտպանությանը նախապատրաստող միջոցների և միջոցառումների ողջ ամբողջությունը: Ինչ վերաբերում է Զինված ուժերին, ապա նրանց ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ Նախագահը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և կառավարությունն` իր լիազորությունների շրջանակներում: Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զինված ուժերը ռազմական անվտանգության համակարգի հիմքն են կազմում և կազմակերպորեն բաղկացած են կենտրոնական մարմիններից, զորամիավորումներից, զորատեսակներից և կենտրոնական ենթակայության զորամասերից: Պատերազմական ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո են անցնում նաև այլ զորքերը, որոնք են` Ոստիկանության զորքերը, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը և այլ զինված ստորաբաժանումները: Զինված ուժերի հիմնական գործառույթներն ուղղված են Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և անվտանգության զինված պաշտպանությանը: Հայաստանի Հանրապետության տարածքում Զինված ուժերը տեղաբաշխվում են հաշվի առնելով տվյալ ռազմավարական ուղղությամբ ռազմական սպառնալիքի հավանականությունը և չափերը, հակառակորդի հավանական գործողությունների բնույթը և ուղղությունները, հատուկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների, շրջանների և միջանցքների առկայությունը, անհրաժեշտ տրանսպորտային ուղիների տեղաբաշխումը և այլն: Զինված ուժերի օգտագործման հիմնական ձևերն են մարտավարական, օպերատիվ, ռազմավարական և հատուկ գործողությունները, սահմանադրական կարգին սպառնացող վտանգների վերացման գործողությունները, դաշնակցային պարտավորություններից բխող գործողությունները, միջազգային խաղաղապահ գործողությունները և տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ գործողությունները: Ռազմական դոկտրինը սահմանում է նաև ռազմական անվտանգության համակարգի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական ապահովումը: Ռազմական անվտանգության համակարգի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական ապահովման խնդիրն այդ համակարգը ֆինանսական, արդիական ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և այլ միջոցներով ապահովելն է: Այն իրականացվում է հստակ սկզբունքներով, խնդիրներով և ուղղություններով: Ռազմական դոկտրինի 4-րդ բաժինը նվիրված է ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման և պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից ռազմական անվտանգության համակարգի ստեղծումն է, որն ի զորու կլինի արդյունավետորեն ապահովելու Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունը, պաշտպանելու ազգային անվտանգության հիմնարար արժեքներն ու ապահովելու Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը: Բարեփոխումներն ուղղված են նաև ռազմական անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանը, Զինված ուժերում օրինականության ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների, այդ թվում` ռազմական անվտանգության ապահովման խնդիրներին համապատասխան այլընտրանքային ծառայության իրավունքի երաշխավորմանը: Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումների կարևոր առաջնահերթություններ են Զինված ուժերում գործող ռազմական չափանիշների կատարելագործումը, անվտանգության ապահովման առաջատար համակարգերի և դաշնակից երկրների պաշտպանական համակարգերի ու Զինված ուժերի հետ համատեղելիության և փոխգործակցության, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքելու կարողությունների զարգացումը: Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումները նախատեսում են իրականացնել այդ համակարգի ռազմավարական վերանայում և դրա հիման վրա` տարբեր ոլորտներում բարեփոխումների գործնական իրականացում: Բարեփոխումների ենթակա հիմնական ոլորտներն են հանդիսանում ղեկավարման համակարգը, անձնակազմի կառավարման համակարգը, պահեստազորային ոլորտը, ռազմական կրթության ոլորտը, պլանավորման և բյուջետավորման համակարգը, թիկունքային ապահովման բնագավառը և այլն: Առանձին ոլորտներով փաստաթղթում ներկայացված բարեփոխումների ծրագրերը ուղղորդող-կողմնորոշիչ բնույթ ունեն, որոնք մշակվել են միջազգային փորձի ուսումնասիրման, տարբեր միջազգային ծրագրերով ստանձնած պարտավորությունների և անհրաժեշտությունների հիման վրա: Այժմ ներկայացնեմ առանձին ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների հիմնական նպատակները: Ռազմավարական վերանայման հիմնական նպատակն է ՀՀ ռազմական անվտանգության ապահովման համար Զինված ուժերի առկա կարողությունների ու պահանջվող կարիքների հստակեցումը: Ղեկավարման համակարգի բարեփոխումներն ուղղված են Զինված ուժերի ղեկավարման շղթայի, այդ թվում ՊՆ և ԶՈՒ ԳՇ գործառույթների հստակեցմանը: Անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների նպատակն է զինվորական և քաղաքացիական անձնակազմի կառավարման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների մշակումն ու զարգացումը: Պահեստազորային համակարգի բարեփոխումների նպատակը Զինված ուժերի պահեստազորային հնարավորությունների արդյունավետ կիրառման մեխանիզմների ստեղծումն է: Զինված ուժերի համար զինվորական և քաղաքացիական կադրերի պատրաստման և վերապատրաստման ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսվում է իրականացնել ռազմական կրթության համակարգի արդիականացում: Պլանավորման և բյուջետավորման ոլորտում բարեփոխումներն ուղղված են Զինված ուժերի քանակական և որակական չափանիշների սահմանման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների պլանավորման կարողություններ ունեցող առավել թափանցիկ ու արդյունավետ համակարգի ներդրմանը: Ինչ վերաբերում է թիկունքային բարեփոխումներին, ապա այստեղ հիմնական խնդիրը հուսալի, ճկուն, տնտեսապես շահավետ, արագ մատակարարումների և ծառայությունների մատուցման ապահովումն է: Բարեփոխումներ են նախատեսվում նաև փոխգործակցելիության ընդլայնման ուղղությամբ` տարբեր անվտանգության համակարգերի և առանձին պետությունների հետ համատեղելի ստորաբաժանումների ստեղծման համար: «Ռազմական անվտանգության համակարգի բարեփոխումներ» բաժնում է ներառված նաև «Միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն» գլուխը, քանի որ բարեփոխումների անցումային փուլում միջազգային ռազմական համագործակցությունն ամբողջությամբ ծառայեցվում է հենց Զինված ուժերի արդիականացման, մարտունակության բարձրացման նպատակին: Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային ռազմական համագործակցությունն իրականացնում է ռազմական անվտանգության համակողմանի ապահովման, ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդման, տարածաշրջանում ռազմաքաղաքական դաշինքների հարաբերական հավասարակշռության պահպանման, միջազգային փորձն ու օժանդակությունը զինված ուժերի արդիականացման գործին ծառայեցնելու, զինված ուժերի պահանջները բավարարելու և մի շարք այլ նպատառումներից ելնելով: Միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթ ուղղություններն են համարվում ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, ակտիվ և գործնական մասնակցությունը ՀԱՊԿ-ի ծրագրերին, երկկողմ ռազմական համագործակցությունը հատկապես ԱՄՆ-ի և Հունաստանի հետ, համագործակցությունը ՆԱՏՕ-ի և նրա անդամ պետությունների, ինչպես նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն պետությունների հետ, որոնց քաղաքականությունը չի հակասում ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքներին: Հարգելի գործընկերներ Ես փորձեցի հակիրճ ներկայացնել Ռազմական դոկտրինի կառուցվածքն ու բովանդակությունը: Սակայն մինչ քննարկումներին անցնելը կցանկանայի նշել մեկ կարևոր հանգամանք ևս. պետք չէ մոռանալ, որ Ռազմական դոկտրինը ոչ թե զուտ ռազմական, այլ ռազմաքաղաքական բաց փաստաթուղթ է: Այն չի մանրամասնում, օրինակ, Զինված ուժերի խնդիրները մարտավարական մակարդակում, այլ զուտ հայեցակարգային հիմնավորումներ է ապահովում դրանց մշակման համար: Ինչ վերաբերում է մարտավարական պլաններին, ապա դրանք կմշակվեն դոկտրինի հաստատումից հետո, 2008թ. ընթացքում` պաշտպանության նախարարության ուժերով և կամբողջացնեն այս փաստաթուղթը: Այս առումով Ռազմական դոկտրինը` որպես բաց փաստաթուղթ, ոչ միայն հայեցակարգային, այլ նաև հռչակագրային բնույթ ունի, ուստի փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի է առնվել այս հանգամանքը: Գործուն փաստաթուղթ դառնալու համար Ռազմական դոկտրինում հաշվի է առնվել նաև պետության և հասարակության զարգացման տրամաբանությունը, քանի որ բանակը հասարակության մի մասնիկն է և չի կարող զարգանալ նրանից անկախ:
  • Տարածել