ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի հաշվետու զեկույցը ԶԼՄ ներկայացուցիչներին` պաշտպանության բնագավառի 2007թ.-ի արդյունքների և 2008թ.-ի հիմնական խնդիրների վերաբերյալ
18 Հունվարի, 2008 00:00Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ Այսօր հաշվետու զեկույցով ներկայացնում եմ պաշտպանության բնագավառում 2007թ.-ի արդյունքները և 2008թ.-ի հիմնական խնդիրները:
Մեկ տարին, իհարկե, մեծ ժամանակահատված չէ: Այլ բան է բանակային մեկ տարին. այստեղ յուրաքանչյուր ժամ իր նշանակությունն ունի: Որքան էլ փաստենք պատերազմի անհավանականությունը, միևնույն է, բանակն ապրում է իր կյանքով` տեսական և գործնական գիտելիքների, ինչպես նաև մարտական, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության ձեռքբերումներով:
2007 թվականը մեր զինված ուժերի համար խորհրդանշական էր. տարին սկսեցինք` նշելով բանակի 15-ամյակը: Եվ այն հանգամանքը, որ արդեն ունենք տասնհինգամյա պատմություն, իր կնիքն է դրել մեր գործունեության վրա:
Մեզ հաջողվեց զինել բանակը նորագույն սպառազինությամբ, համալրել օդուժը, ավարտեցինք գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը` այն համալրելով նորագույն համակարգով, որը հնարավորություն կտա հուսալիորեն պաշտպանվել օդուժի հարձակումներից: Այս համակարգն այսօր արդեն մարտական հերթապահության է կանգնած:
Կուտակեցինք զինամթերքի, նյութական և տեխնիկական ժամանակակից միջոցների, վառելիքի պահուստային զգալի պաշար: Շարունակվում է զինված ուժերի` տեխնիկայի և սպառազինության արդիականացման գործընթացը:
ՀՀ զինված ուժերի մարտունակության ամրապնդման վրա մեծ ազդեցություն են ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ և հրամանատարաշտաբային զորախաղերը, մարտավարական զորավարժությունները, ինչի արդյունքում բարձրացել են պաշտոնատար անձանց գործնական ունակությունները ղեկավարման ուղղությամբ:
2007թ.-ի նշանակալի միջոցառումների շարքին են դասվում նաև զորքերի կառուցվածքային փոփոխությունները. մասնավորապես, մշակվել են խաղաղապահ բրիգադի հաստիքացուցակները, կազմավորվում է շտաբը և ևս մեկ գումարտակ: Պայմանագրային հիմունքներով կազմավորվել են ինժեներասակրավորային և հետախուզական նոր վաշտեր, հրաձգային գումարտակներ: Ընթացքում է անձնակազմի` պայմանագրային զինծառայողներով, սերժանտներով ու հատուկ քաղաքացիական ծառայողներով, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրման գործընթացը, հակաօդային պաշտպանության հետախուզության համակարգի արդիականացումը:
Կատարելագործվել է թվային հեռախոսացանցը, զինված ուժերի նյութատեխնիկական բազան, կատարվել են կապիտալ շինարարության և նորոգման ծրագրով իրականացված աշխատանքները, լուծվել են սոցիալական որոշ խնդիրներ: Բարելավվել են զինվորների կենցաղային պայմանները, կառուցվել են նոր, հարմարավետ զորանոցներ, ճաշարաններ, բուժկետեր, պահակատներ, բաղնիք-լվացքատներ և այլն:
Ինժեներական առումով մարտական դիրքերում երկարաժամկետ կրակակետերի, դիտակետ կրակակետերի սարքավորումը, խրամատների, խրամուղիների, հաղորդակցման ուղիների երեսպատումը, առկա ամրաշինական կառույցների կատարելագործումը, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավումը` նոր քարե կացարանների և ճաշարանների կառուցումը, նախկինում կառուցվածների վերանորոգումը, փոս ճանապարհների, հողաթմբերի, նոր ճանապարհների սարքավորելը, առկա ճանապարհների և կամուրջների վերանորոգումը նպաստել են նաև մարտական դիրքերում հերթապահության որակի բարձրացմանը:
Թիկունքային ապահովման պլանով նախատեսված միջոցառումները ևս ամբողջությամբ կատարվել են. մշակվել և գործողության մեջ են դրվել սննդի ապահովման նոր նորմաներ: Մարտական հենակետերում սննդամթերքի պահպանումը կազմակերպելու նպատակով ձեռք են բերվել հերմետիկ պահարաններ, իսկ որոշ սննդամթերքներ (կարագ, շաքարավազ, երշիկ) անձնակազմին հատկացվում են անհատական փաթեթավորմամբ:
2008թ.-ին նախատեսվում է ավարտել բոլոր ճաշարանների համալրումը ժամանակակից սարքավորումներով: Այս տարի, որպես նորամուծություն, 2 զորամասերի ճաշարաններ վարձակալական հիմունքներով շահագործման կհանձնվեն հասարակական սննդի քաղաքացիական կազմակերպությունների:
2007թ.-ին ՀՀ տարածքում կառուցվել է 11 բնակելի շենք, արդյունքում զինծառայողներին է հանձնվել 346 ծառայողական բնակարան (ԼՂՀ տարածքում 6 շենք` 132 բնակարան): 2008թ.-ին նախատեսվում է դրանց թիվը հասցնել 475-ի, իսկ ԼՂՀ- ում 150-ի, շահագործման հանձնել նաև, կապիտալ վերանորոգված 233 բնակարան:
Պետական բյուջեից պաշտպանական կարիքների համար նախատեսված ընդհանուր հատկացումները կատարվել են 100%-ով և ծախսվել նպատակին: 2007թ. ֆինանսական տարվա ընթացքում անձնակազմին կատարվող վճարումների չափն ավելացել է 20%-ով, իսկ նյութատեխնիկական բազայի համալրման և պահպանման, ինչպես նաև կապիտալ շինարարության և շենքերի, շինությունների հիմնական նորոգումների ծախսերի գծով ընդհանուր հատկացումներն աճել են 30%-ով:
Այս տարի ևս 10 տոկոսով կբարձրանա զինծառայողի դրամական բավարարումը, քաղծառայողների աշխատավարձը` այսպիսով սպայի միջին ամսական դրամական բավարարումը հասցնելով մոտ 180.000 դրամի, ենթասպայինը` 109.000 դրամի, պայմանագրային զինծառայողինը` 91.000 իսկ ծառայողինը` 57.000 դրամի: 2008թ.-ից կսկսվի բանակի համալրումը պրոֆեսիոնալ սերժանտական կազմով, որի միջին ամսական դրամական բավարարումը կկազմի 125.000 դրամ: (Համեմատության համար նշեմ, որ 2006թ.-ին սպայի միջին ամսական դրամական բավարարումը կազմել է մոտ 137.000 դրամ, իսկ 2007թ.-ին` 165.000): Կառավարության ծրագրի համաձայն 2008թ.-ի հունվարի 1-ից զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակված կենսաթոշակի չափն ավելացել է 60%-ով:
Զոհված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամ զինծառայողների 448 անօթևան ընտանիքների` բնակարան ձեռք բերելու համար 2007թ.-ին հատկացվել է 3 միլիարդ դրամ փոխհատուցում, ևս 3 միլիարդ դրամ Կառավարությունը նախատեսել է հատկացնել 2008թ.-ին: Ծրագիրը շարունակական բնույթ է կրում:
2007թ.-ի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, հասարակական կազմակերպություններին ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 421 միլիոն դրամ ֆինանսական օգնություն:
2007թ մենք լուրջ քայլեր կատարեցինք զինված ուժերում կարգուկանոնն ամրապնդելու ուղղությամբ: Դրա վկայությունը հանցագործությունների և մահացության դեպքերի նվազումն է: Պաշտպանության նախարարության ենթակա զորամասերում և զինվորական կազմակերպություններում 2007թ.-ին հանցագործությունների թիվը նախորդ տարվա դիմաց, նվազել է 16 %-ով, զորամասն ինքնակամ լքելու դեպքերը նվազել են 27, իսկ պատահարները 17,2 %-ով:
2007թ.-ին ժամկետային զինծառայողների զոհվելու կամ մահվան դեպքերի թիվը 31-ն է, որից 2-ը կապված չեն ծառայության հետ (երկու դեպքում էլ զինծառայողները գտնվելիս են եղել արձակուրդում). 2006թ.-ի համեմատությամբ այն նվազել է 2-ով: Սա ամենացածր ցուցանիշն է բանակի կազմավորման օրից ի վեր: Ասել, թե սա ձեռքբերում է` չի կարելի, քանզի, ինչպես բազմիցս նշել եմ, մեզ համար նույնիսկ 1 զոհն արդեն շատ է: Զորքերում հանցավորության և իրավախախտումների դեմ աստիճանաբար ստեղծվում է անհանդուրժողականության մթնոլորտ` նպաստելով կանոնադրային բարքերի և հարաբերությունների ամրապնդմանը:
Դատա-իրավական բարեփոխումների արդյունքում պաշտպանության նախարարության համակարգում ստեղծվեց քննչական վարչություն, որն աշխատելու է այս և նման այլ խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ` այսուհետ ևս ապահովելով բանակում վերոնշյալ դեպքերի քննության թափանցիկությունը:
Ուրախացնող է այն փաստը, որ էապես փոխվում է հասարակության վերաբերմունքը բանակի հանդեպ: Այդ մասին են վկայում զորակոչի սահուն, կանոնավոր ընթացքը, օրեցօր ամրապնդվող բանակ-հասարակություն կապը, ինչպես նաև մեր բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: 2007թ.-ին Երևանի կենտրոնում կանգնեցրինք ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կիսանդրին: Մեծ շուքով նշեցինք մեր ազգային հերոսներից մեկի` Մոնթե Մելքոնյանի ծննդյան 50 ամյակը. Հաղթանակ զբոսայգում կանգնեցված նրա կիսանդրին հիմնաքար դարձավ հերոսների պուրակի ստեղծման: Ազգի հերոսների ոգով է դաստիարակվում մեր այսօրվա և վաղվա զինվորը:
Տարվա ձեռքբերումներից էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակումը և դրա հաստատումը ՀՀ Նախագահի հրամանագրով, որի հիման վրա ստեղծվեց Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը:
Կատարելագործվում է օրենսդրական դաշտը, զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ, ինչի արդյունքում կհստակեցվեն պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթներն ու լիազորությունները, կներդրվի քաղաքացիական հատուկ ծառայությունը (2008թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կմշակվի վերջինիս վերաբերյալ իրավական ակտերի փաթեթ, իսկ բուն գործընթացը կսկսվի նոյեմբերին): Ներկայումս մշակվում է պաշտպանության նախարարության նոր կառուցվածքի վերաբերյալ փաստաթուղթ, որի արդյունքում կհստակեցվեն նաև հատուկ քաղաքացիական ծառայության պաշտոնները:
ՀՀ զինված ուժերում ընդլայնվել են օտար լեզվի ուսուցման հնարավորությունները, ներդրվել է թեստավորման միջազգային համակարգ, ուսումնասիրվել և մշակվել են համապատասխան ուսումնական ծրագրեր սերժանտական կազմի համար, հասարակության տեղեկացման նպատակով մշակվել է հասարակական իրազեկման ռազմավարություն: Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհուրդ, որի գործունեությունը նպատակաուղղվելու է զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, թերությունների բացահայտմանը: Սահմանվում են վերջինիս գործունեության մեխանիզմները:
Շարունակելու ենք հետևողականորեն կատարել պաշտպանական բարեփոխումների աշխատանքային ծրագիր-ժամանակացույցով նախատեսված միջոցառումները` ուշադրություն դարձնելով օրենսդրական փոփոխություններին, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը: Ուշադրություն ենք դարձնելու նաև ՀՀ զինված ուժերի կառուցվածքային կատարելագործմանն ու քաղաքացիական հատուկ ծառայության և պայմանագրային սերժանտական համակարգի ներդրմանը: Նախատեսվում է «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը:
2007թ. շարունակվել է ՀՀ զինված ուժերի ակտիվ գործունեությունը միջազգային խաղաղապահ գործընթացին: Տարվա ընթացքում իրականացվել են Իրաքում և Կոսովոյում ՀՀ զորախմբերի հերթափոխերը: Դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել 1 տարով երկարաձգել Իրաքում ՀՀ զորախմբի մանդատը: Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Հայաստանի խաղաղապահ գործունեությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ. նախատեսվում է 2008թ.-ին Կոսովոյում կրկնապատկել հայ խաղաղապահների թիվը` զորախմբի թվաքանակը դասակի մակարդակից հասցնելով վաշտի մակարդակի:
Շարունակվել են ռազմական համագործակցության ընդլայնման միտումները ինչպես երկու կարևորագույն անվտանգության համակարգերի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի կազմակերպության շրջանակներում, այնպես էլ այս կազմակերպությունների անդամ պետությունների և Հայաստանի մյուս գործընկերների հետ: Համագործակցությունն ուղղորդվել է Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման, զինված ուժերի մարտունակության և նրա փոխգործակցելիության հնարավորությունների ամրապնդմանը:
Շարունակվել է արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական դաշինքի ամրապնդման, առկա իրավա-պայմանագրային դաշտի արդիականացման, ռազմական համագործակցության ծրագրերի գործնական իրականացման ուղղությամբ. իրականացված միջոցառումներն ուղղված են եղել երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդմանը, հակաօդային պաշտպանության համատեղ հերթապահության, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական բնագավառներում համագործակցության ընդլայնմանը:
Հայաստանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Անկախ Պետությունների Համագործակցության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` որպես միջազգային անվտանգության կազմակերպությունների կայացման և ամրապնդման գործընթացում: Այս ուղղությամբ տարվա ընթացքում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ:
2007 թվականի ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցությունը զարգացել է ռազմաքաղաքական և ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի ուղղությամբ:
Միաժամանակ համագործակցություն է իրականացվել ՆԱՏՕ-ի` որպես Եվրոպական անվտանգության երաշխավոր կառույցի հետ` 26+1 ձևաչափով: Վերջնականապես ճշգրտվել և համաձայնեցվել են ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի` ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող նպատակները և դրանց իրականացման եղանակները: 2007թ. ընթացքում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ մասնակցել են ՆԱՏՕ/Գործընկերություն Հանուն Խաղաղության ծրագրի շուրջ 100 միջոցառումների:
Իրականացված ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության արդյունքում ընդլայնվել է պաշտպանության բնագավառի իրավա-պայմանագրային դաշտը, ստորագրվել է 10 միջազգային պայմանագիր:
Արդյունավետ համագործակցություն է իրականացվել նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ: 2007թ.-ին հաջողությամբ ավարտվեց Եվրոպայի անվտանգության խորհրդի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից համատեղ իրականացված մելանժի վերամշակման ծրագիրը, որի արդյունքում ստացվել է շուրջ 5000 տոննա հեղուկ պարարտանյութ և անվճար տրամադրվել ազգաբնակչությանը` ապահովելով վերջինիս և շրջակա միջավայրի անվտանգությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն արտաքին հարաբերությունների ոլորտում ձգտել է իր նպաստը բերել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման գործին` չնայած վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարությունների: Իրականացված վերոնշյալ միջոցառումները թույլ են տալիս արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են մարտունակությունը, պատվով կատարել իրենց գլխավոր խնդիրը: Հավաստիացնում եմ, որ մեր զինված ուժերը պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հանդեպ, քանզի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում այս տարի Հայաստանում անց են կացվելու «Ռուբեժ-2008» (հուլիս-սեպտեմբեր) և ՆԱՏՕ-ի ծրագրով նախատեսված «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր - 2008» (սեպտեմբեր-հոկտեմբեր) մարտավարական զորավարժությունները, որոնց գլխավոր խնդիրն է զինծառայողների անհատական պատրաստությունը, բարոյահոգեբանական բարձր որակների և մարտական ոգու ձևավորումը:
2008թ.-ին շարունակվելու են սպառազինության, տեխնիկայի, ռազմատեխնիկական պահեստամասերի և գույքի պաշարների կուտակման ու դրանց շահագործման, նաև զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, զորահավաքային ռեսուրսների պատրաստությունը, ղեկավարման համակարգի կատարելագործումը, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը: Ընդլայնվելու են նաև հակաօդային պաշտպանության, հետախուզության և կապի միջոցների մշակումներն ու հայրենական արտադրությանն ուղղված աշխատանքները: Օգտագործելով Օպերատիվ կարողությունների հայեցակարգի սկզբունքները, մշակվում են նոր չափանիշներով ուսումնական ծրագրեր: Հստակեցվում են նաև աղետների և ճգնաժամի ժամանակ զինված ուժերի խնդիրները, մասնակցությունը իրավիճակային կենտրոնի աշխատանքներին:
Զինված ուժերում կադրային և կրթական քաղաքականություն իրականացնելիս շարունակելու ենք համակարգը համալրել տեսական և գործնական գիտելիքներով օժտված զինծառայողներով:
Թափուր պաշտոնները համալրվելու են միայն համապատասխան ռազմական կրթություն և մասնագիտական հմտություն ունեցող սպաներով, բարձրացվելու է բոլոր օղակների հրամանատարների անմիջական պատասխանատվությունը կադրային նշանակումների նկատմամբ:
ՀՀ զինված ուժերի 2008թ.-ի հիմնական խնդիրն է նաև բարձրացնել բոլոր օղակների հրամանատարների և շտաբների կարգապահական և կատարողական պատասխանատվությունը, հմտորեն օգտագործել գործող հասարակական օղակների` կոլեգիայի, ռազմական խորհրդի, սպայական ժողովների, սերժանտական և հասարակական խորհուրդների, որակավորման հանձնաժողովների, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովների, սպայական պատվի դատարանների աշխատանքների արդյունավետությունը, բարելավել զորքերի ծառայությունը:
Բարձրացնել մարտական հերթապահության կրման որակը, մարտական դիրքերի պաշտպանական տեղամասերում մարտակարգերի բոլոր տարրերի ինժեներական կահավորման աստիճանը:
Մարտական պատրաստության գլխավոր խնդիրը համարել` զինծառայողների անհատական պատրաստության և մարտավարական զորավարժությունների միջոցով զորքերի ներդաշնակման, նրանց դաշտային վարժվածության կատարելագործումը, բարոյահոգեբանական բարձր որակների, մարտական ոգու ձևավորումը:
Շարունակել հրթիռների, զենքի, զինամթերքի, պահեստամասերի և ռազմատեխնիկական գույքի պաշարների կուտակման և դրանց շարակարգման, սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման, ռեգլամենտային և նորոգման աշխատանքները: Ուսումնասիրել և վերլուծել զինծառայողների սոցիալական պաշտպանության ուղղությամբ առկա, բայց դեռևս լուծում չստացած առավել կարևոր հիմնախնդիրները:
Այս և նման միջոցառումներն, ինչ խոսք, կնպաստեն ՀՀ զինված ուժերի մարտունակության էլ ավելի բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը:
ՀՀ զինված ուժերի 2008թ.-ի կարգախոսն է.«ՀՀ զինված ուժերի պատրաստությանը` նոր որակ, բարեփոխումներին` հաստատուն ընթացք»: