ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼԻԱԶՈՐԱԶԵՐԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ

20 Մարտի, 2008 00:00
ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հարցազրույց ունեցավ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտու­թյուն­­ների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի հետ` խնդրելով գնահատել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի ընդունումից հետո ձևավորվող իրավիճակը:

Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունն այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը չէ և չի կարող Հայաստանի հետ քննարկումների առարկա լինել»: Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել մի խնդրի լուծմանը, որն ակնհայտորեն դուրս է բացառապես իրենց իրավասության սահմաններից: Ադրբեջանի իշխանություններն իրենց գործողություն­նե­րով փորձում են համոզել միջազգային հանրությանը, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ որպես համապիտանի նորմ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների հարգման սկզբունքի կիրառումը Ղարաբաղի հայերի նկատմամբ բացառապես Ադրբեջանի ներքին գործն է: Նրանց նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորազերծումն (դեզավուացում) է և նրա կազմից Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հեռացումը` կապված Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ժամանակ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կիրառման նկատմամբ այդ պետությունների ցուցաբերած համակարգային մոտեցման հետ: Ի՞նչ է դրված Ադրբեջանի նման դիրքորոշման հիմքում: Բանն այն է, որ Բաքվի քաղաքական գործիչները փորձում են միջազգա­յին հանրությանը պարտադրել Ղարաբաղյան հակա­մարտության կարգավորման և լուծման նկատմամբ կիրարկված միջազգային իրավունքի իրենց տեղային-պատեհապաշտական մեկնաբանումը: Եվ դա անում են «օրինաստեղծների ու անառարկելի մեկնաբանողների» գոռոզամտությամբ ոչ միայն իրենց տանը, այլև միջազգային լսարաններում: Հարևան պետության ղեկավարը, ԱԳՆ-ի պաշտոնյաները, հայտարարելով, թե Բաքվի իշխանությունները հավատարիմ են «հակամարտության լուծմանը միջազգային իրավունքի նորմերին խստագույն համապատասխանությամբ», այդ համապատասխանությունը համառորեն հանգեցնում են միջազգային իրավունքի նորմերից միայն մեկին` տարածքային ամբողջականության հայտնի սկզբունքին, և անտեսում են մյուս նորմերը, որոնք կիրառվում են Ղարաբաղյան հակամարտության նման հիմնախնդիրների քննարկման ժամանակ: Այդ համատեքստում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի անտեսումը ունի զուտ ձեռնածության բնույթ: Միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ Բաքվի այդ միակողմանի մոտեցումը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության մասնագիտորեն պայմանավորված դիրքորոշումների վրա: Վերադառնանք հիմնախնդրի իրավական կողմին: Ադրբեջանի օրինակով` ինչպիսի՞ն են պետությունների պարտավորությունները ազգային իրավունքի համակարգում միջազգային նորմերի և ստանդարտների պահպանման գծով: Ադրբեջանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե «Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի ներքին օրենսդրության հիման վրա», և կարգավիճակի վերաբերյալ հակամարտող կողմերի հետ Մինսկի խմբի խորհրդատվությունները իբր ներխուժում են Ադրբեջանի ներքին գործերի ոլորտ: Հատկանշական է Ադրբեջանի Հանրապետության Սահամանադրության անհամապատասխանությունը ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և 1966 թ. Մարդու իրավունքների մասին միջազգային համաձայնագրերով ձևակերպված լիակատար ազատության պայմաններում ազատ կամաարտահայտման միջոցով սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու ժողովուրդների իրավունքի և սկզբունքի միջազգային-իրավական նորմի էությանը: Ինչպես հայտնի է, միջազգային հարաբերությունների համակարգում այդ փաստաթղթերը այն պայմանագրերն են, որոնք ամրագրում են Միջազգային իրավունքի ճանաչված հիմնական սկզբունքներն ու նորմերը պահպանելու և հարգելու պետությունների պարտավորությունները, և առաջին հերթին` մարդու իրավունքներն ու ազատությունները: Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի այն սկզբունքներին, որոնք կազմում են նրա առավել կայուն միջուկը և համապիտանի չափանիշ են պետությունների գործելակերպի միջազգային օրինականության գնահատման համար: Կիրառելով միջազգային հանրության կողմից ճանաչված օրինականության չափանիշները` Դուք ինչպե՞ս կգնահատեիք Ղարաբաղյան կարգավորման նկատմամբ Ադրբեջանի գործելակերպի համապատասխանությունը իր միջազգային պարտավորություններին: «Ադրբեջանի ամբողջ բնակչության շրջանում հանրաքվեի միջոցով տարածքի փոփոխման մասին» Ադրբեջանի Սահմանադրության նորմը հա­կա­սում է այդ փաստաթղթի մեկ այլ նորմի, որը ձևակերպված է «Պետության գերագույն նպատակը» հոդվածում: Ըստ այդ ձևակերպման` «սույն Սահմանադրության մեջ թվարկված մարդու և քաղաքացու իրա­վունքներն ու ազատությունները կիրառվում են համապատասխան այն միջազգային պայմանա­գրերին, որոնց կողմն է Ադրբեջանի Հանրապետու­թյունը»: Տվյալ դեպքում խոսքը պետք է վերաբերի վերը հիշատակված միջազգա­յին պայմանագրերին: Այսպիսով` Ադրբեջանի իշխանությունների այն պնդումները, թե իրենք Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում հավատարիմ են մի­ջազ­գային իրավունքին, չեն համապատասխա­նում իրականու­թյանը: Սահմանադրության մեջ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունք­ների և նորմերի ամբողջո­վին ար­տա­ցոլման տեսանկյունից, ինչպես նաև Ղարաբաղյան հա­կա­­մարտության կարգավորման պրակտիկայում Ադրբեջանի գործելա­կերպը չի համապատաս­խանում միջազգային օրինականու­թյան չափանիշին: Ի՞նչ կարծիքի եք Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առաջ քաշված Ղարաբաղյան բանաձևի դեմ Մինսկի խմբի անդամների քվեարկության մասին: Դատելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններից, որոնք արվել են Գլխավոր ասամբլեայից առաջ և հետո, կարող ենք եզրակացնել, որ նրանք դեմ են քվեարկել այն պատճառով, որ Ադրբեջանի նախագիծը հակասում էր, նախ, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաև դրանց կիրառման միջազգային օրինականության չափանիշին: Երկրորդ. Ադրբեջանի գործելակերպը չի համապատասխանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լուծման գործում միջազգային իրավունքի սկզբունքների համակարգի կիրառման նկատմամբ Մինսկի խմբի հավասարակշռված մոտեցմանը: ՄԱԿ-ի հարյուր ձեռնպահ անդամները փաստորեն ըմբռնողականություն դրսևորեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կշռադատված դիրքորոշման նկատմամբ: Ինչպե՞ս Դուք կբացատրեք ՄԱԿ-ի այն 39 անդամների շարժառիթավորումը, որոնք քվեարկեցին հօգուտ բանաձևի: Այդ պետությունները, որոնք հիմնականում ներկայացնում են Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը և ՎՈՒԱՄ-ը, հանդես եկան հօգուտ Ադրբեջանի այն դիրքերից, որոնք ավելի բնորոշ են սառը պատերազմի ժամանակներին, այն է` բլոկային համերաշխության սկզբունքով: Ցավոք սրտի, Ադրբեջանի միակողմ նախաձեռնությունը պաշտպանած պետություներից մի մասը հանդիսանւմ է միջազգային ահաբեկչության հավաքատեղի: Ադրբեջանը քվեարկության արդյունքներով սպառնում է վերանայել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նկատմամբ իր վարած քաղաքականությունը: Ինչպե՞ս կարելի է բացատրել Ադրբեջանի անհարգալից վերաբեր­մունքը խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ունեցած ներդրմանը և Բաքվի ագրեսիվությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ: Ադրբեջանը եվրոպական էներգետիկական քաղաքականության մեջ իրեն նախանշանակված դերն ընկալում է որպես Ռուսաստանի հետ աշխարհատնտեսական և աշխարհառազմավարական մրցակցության «պատմական» առաքելություն: Շահարկելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի ռազմավարական շահերը` Ադրբեջանը փորձում է առավելագույնս բարձրացնել իր խաղադրույքներն այնպես, որ կարողանա այդ ռեսուրսն օգտագործել Ղարաբաղյան կարգավորման գործում իր շահերի ուժային հակաիրավական առաջմղման համար: Այդ նպատակով Ադրբեջանն արդեն իսկ իրեն իրավունք է վերապահում շանտաժի ենթարկելու և’ Ռուսաստանին, և’ ԱՄՆ-ին, և’ Ֆրանսիային, և’ Մինսկի խմբին ամբողջովին: Մի շարք միջազգային փորձագետների կարծիքով` Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը:
  • Տարածել