ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ

5 Հունիսի, 2008 00:00
Ս.թ. հունիսի 5-ին, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության մամուլի սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀՀ ՊՆ մամլո ծառայության պետ-պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ս.Շահսուվարյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Ա.Կարապետյանի մասնակցությամբ` ս.թ. ապրիլ ամսին հայ-ադրբեջանական սահմանն անցած և Նախիջևանում հայտնված, ներկայումս ադրբեջանական անվտանգության մարմիններում գտնվող չորս հայ քաղաքացիների վերաբերյալ:

Ասուլիսի թեման նախորդ օրը Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած այն լուրն էր, թե իբր Նախիջևանի տարածքում հայտնված չորս հայ քաղաքացիներն իրականում դիվերսանտներ են: Այս առնչությամբ ՀՀ ՊՆ մամլո ծառայության պետ-պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ս.Շահսուվարյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տվյալներ ներկայացրեց վերոնշյալ քաղաքացիների վերաբերյալ` նշելով, որ նրանցից երկուսն ընդհանրապես չեն ծառայել բանակում, մեկը ծառայել է հրետանու զորքերում, մյուսը` Լուսակերտի թիկունքային զորամասում: Ըստ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Ա.Կարապետյանի, քաղաքացի Ղմբոյանը, որին, ի դեպ, ադրբեջանական կողմը սխալմամբ ներկայացնում է որպես Զմբոյան, ծանուցագիր էր ստացել ս.թ. հունիսին տարածքային զինկոմիսարիատ ներկայանալու և ծառայության ուղարկվելու: Մյուսը` քաղաքացի Ենոքյանը, որը Գավառի համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է, ևս պետք է զորակոչվեր. «Սրանք երեխաներ են, իսկ Ադրբեջանն այնքան է ցածրացել, որ արդեն երեխաների դեմ է պայքարում: Մյուս երկու քաղաքացիները ծառայել են թիկունքային զորամասերում և զորացրվել: Նախիջևանի տարածքում ընդհանրապես չունենք խնդիր, որի շրջանակներում անհրաժեշտ լիներ անցկացնել որևէ սադրիչ գործողություն: Մենք այսօր այնքանով ենք տիրապետում իրադրությանը Նախիջևանում, որ կարիք չունենք հին մեթոդներով և այլն, սահման խախտել, սադրանք կազմակերպել: Նույնիսկ ձեռքի տակ փաստաթուղթ ունենք` հասցեագրված ադրբեջանական զինդատախազության բաժնի պետին` Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինդատախազ, արդարատության գնդապետ-լեյտենանտ Յաշար Կազանովից, որտեղ ներկայացվում է իրավիճակը ադրբեջանական զինված ուժերում և, որի մասին նույնիսկ ամաչում եմ բարձրաձայնել»: Ինչպես նշեց գնդապետ Ս.Շահսուվարյանը, լրագրողները նախապես տեղեկացվել էին, որ այդ քաղաքացիները չորսն են այն 13 հոգուց բաղկացած խմբից, և որից 9-ի հանդեպ, խուլիգանական արարք կատարելու համար, հարուցվել է քրեական գործ` խափանման միջոց ընտրելով կալանքը: Քրեական գործ է հարուցված նաև վերոնշյալ չորս քաղաքացիների հանդեպ` նույն հոդվածով: Գնդապետ Ա.Կարապետյանի հավաստմամբ, մինչ օրս հայկական կողմում ինչ-ինչ պատճառներով հայտնված ադրբեջանական զինծառայողները կամ քաղաքացիներն առանց որևէ պայմանի վերադարձվել են. «Եթե փոխում են խաղի կանոնները, ապա մենք ընդունում ենք այդ կանոնները` հավատացնելով, որ պատասխանը շատ ավելի խիստ է լինելու: Հիշենք մարտի 4-ի դեպքերը. թողնելով իրենց` 32 հոգուց բաղկացած հետախուզական վաշտը` նրանք դիմեցին փախուստի` մարտի դաշտում տալով 8 զոհ, որից հետո հոսպիտալում մահացան ևս հինգը: Կարող ենք ներկայացնել ցուցակները: Իսկ մենք մեր հետախույզներին դժվարության մեջ չենք թողնում: Այդ նույն օրը մենք նրանց առաջարկեցինք հետ քաշել իրենց ստորաբաժանումը, ինչին պատասխանեցին, որ նման ստորաբաժանման վերաբերյալ տեղեկություն չունեն: Միայն երեկոյան նրանք տեղեկացան և պատրաստակամություն հայտնեցին քննարկել այդ հարցը, ինչին և պատասխանեցինք, որ առավոտյան կարող են գալ և տանել մարտի դաշտում թողած իրենց դիակները: Եվ, ի գիտություն, իրենց սեղանին ստորագրվող թղթերն ավելի շուտ Երևան են հասնում, քան Բաքու»: Լրագրողի այն հարցին, թե ադրբեջանական կողմը մի պահ կարծես համաձայնվել էր վերադարձնել մեր վերոնշյալ քաղաքացիներին և, թե ի՞նչ տեղի ունեցավ, սակայն, գնդապետ Ա.Կարապետյանը պատասխանեց. «Նախիջևանի ուղղությամբ երբևէ հրադադարի ռեժիմի խախտում չի եղել, ինչն արդեն հավանաբար ձեռնտու չէ իրենց: Ընդունված կարգ է. նման դեպքերում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով կապ էինք հաստատում, իրենք` նույնպես: Հիմա ուղղակի կապի չեն դուրս գալիս: Ըստ մեր ունեցած տվյալների, ֆիզիկական և հոգեբանական մեծ ճնշում է գործադրվում մեր չորս քաղաքացիների նկատմամբ, սակայն չեմ կարծում, որ նրանց կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Դեռևս երեկվա դրությամբ մեր ունեցած տվյալներով նրանք գտնվում են Նախիջևանում: Ասեմ միայն, որ դիվերսիոն գործողություններ իրականացվում են պատերազմական իրավիճակում: Մենք մեր քաղաքացիներին միշտ պաշտպանել ենք և պաշտպանելու ենք: Առայժմ դա անում ենք ընդունված կանոնների համաձայն: Վաղ թե ուշ մեր քաղաքացիներն այստեղ են լինելու, իսկ ադրբեջանական կողմը, նրանց մեղադրանք առաջադրելու հարցում խնդիր ունի, որովհետև ցանկացած մեղադրանք պետք է հիմնավորել: Նրանց հակահետախուզությունն, ըստ երևույթին, շոկի մեջ է. 16 տարվա ընթացքում ոչ մի հայ հետախույզ չի հայտնաբերվել նրանց կողմից: Մարդիկ երևի խնդիր ունեն կոչումներ, շքանշաններ ստանալու, առաջիկայում նախագահական ընտրություններ են և փորձում են ցույց տալ, իբր գործ են անում»: Գնդապետ Ս.Շահսուվարյանն էլ, եզրափակելով ասուլիսը, հավելեց, որ իրենց իսկ կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցված ԱՀ ՊՆ օրենսդրության համաձայն: Սա ևս տարօրինակ նախադասություն է. «Վերջապես կա նախապատմություն. ընդամենը 3 օր զինվորական ծառայության մեջ գտնվող երիտասարդը, զորամասում իր դիրքերն ամրապնդելու համար կանչում է իր ընկերներին և 13 հոգի` երեք մեքենայով, գալիս ու քաշքշուք են ստեղծում զորամասի մուտքի մոտ` «ռազբորկայի» հրավիրելով հրամանատարին: Գումարտակի հրամանատարն էլ օդ է կրակում` նրանց հանդարտեցելու նպատակով: Վերջիններս խուճապահար դիմում են փախուստի` մեքենաներից երկուսը գնում են դեպի Արենի, իսկ մեկը, առանց կողմնորոշվելու` Նախիջևան: Այս դեպքի առթիվ նույն օրն էլ քրեական գործ է հարուցվել: Իսկ թե ինչո՞ւ են առանց որևէ խոչընդոտի կարողացել անցնել սահմանը և հայտնվել Նախիջևանում, ապա ասեմ, որ սահմանին կան տեղադրված հակատանկային միջոցներ, որոնք, սակայն, նախատեսված են ծանր տեխնիկայի համար»:
  • Տարածել