ԱՆՆԱԽԱԴԵՊ ՇՐՋԱՅՑ ՍԱՀՄԱՆՈՒՄ

12 Հուլիսի, 2008 00:00
Ս.թ. հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը շրջայց կատարեց Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների պաշտպանությունն իրականացնող ՀՀ Տավուշի մարզի Իջևանի մարտական դիրքեր:

Շրջայցն աննախադեպ էր, քանզի մեր նորանկախ պետության պատմության մեջ առաջին անգամ էր նման կազմով այց կազմակերպվում զորամաս, մարտական դիրքեր. շրջայցին մասնակցում էին ՀՀ Կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ Կառավարության անդամները ոչ միայն «առանց փողկապի» էին, այլև ավելին` զինվորական դաշտային համազգեստով: Շրջայցի մասնակիցները նախ եղան Իջևանի քաղաքային ակումբում, որտեղ նրանք արժանացան իջևանցիների ջերմ ընդունելությանը, ապա ներկա գտնվեցին «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով շնորհանդեսային միջոցառմանը, որին ներկա էին նաև բարձրաստիճան այլ այրեր և սպաներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ծնողներ: Սա արդեն այս խորագրի ներքո զորքերում իրականացվող երկրորդ միջոցառումն է` ՀՀ վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ, որն անցկացվում է, ի դեպ, ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում` հետապնդելով մեկ նպատակ. բանակ-հասարակություն կապի սերտացում, զինծառայողների ծնողների, նրանց հարազատների և հասարակական կազմակերպությունների առողջ համագործակցության ամրապնդում, հայոց հաղթանակած բանակի հրամանատարների դրական կերպարի ձևավորում հասարակության գիտակցության մեջ, զորամասերի ավանդույթների թափանցիկություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, բարիդրացիական հարաբերությունների ձևավորում: Միջոցառման ընթացքում Իջևանի գնդի հրամանատար, փոխգնդապետ Արայիկ Մադաթյանը մանրամասը ներկայացրեց իր կենսագրական տվյալները, ձեռքբերումները, անցած ճանապարհը, ինչպես նաև զորամասի անցած մարտական ուղին: Ապա, համերգային ելույթներով հանդես եկան փոքրիկ «Նժդեհիկները», Իջևանի գնդի ուրախների և հնարամիտների ակումբը, ինչպես նաև անվանի երգչուհի Շուշան Պետրոսյանը: Հատկանշական էր նաև այն փաստը, որ միջոցառումը երջանիկ պատահականությամբ համընկել էր զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արայիկ Մադաթյանի ծննդյան տարեդարձի օրվան: Միջոցառման ավարտին փոխգնդապետ Ա.Մադաթյանը պատասխանեց ծնողներին հուզող հարցերին, որից հետո հավաքվածներին շնորհավորական խոսք հղեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որն իր խոսքում մասնավորապես ասաց. «Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հայրենակիցներ, Այս օրը առանձնահատուկ է, քանզի նման միջոցառումների շնորհիվ սերտացնում ենք կապը բանակի և հասարակության միջև: Հանրաճանաչ խոսք կա. եթե բանակն ու ժողովուրդը միասնական են, ապա նրանք անպարտելի են: Այս ձեռքբերումն ունեցել ենք մեր ողջ պայքարի` ազգային ազատագրական շարժման ընթացքում. պատերազմն անմիջապես իրենց ուսերի վրա են զգացել Արցախը, Հայաստանի սահմանամերձ շրջանները` այդ թվում նաև Տավուշի մարզը, որն ունի շուրջ 21 սահմանամերձ բնակավայր և որոնք դեռ զգում են պատերազմի ազդեցությունը: Կարող եմ վստահեցնել, որ հայոց բանակն իր առջև դրված խնդիրները կատարել և կատարելու է` մշտապես անառիկ պահելով մեր սահմանները: Շնորհավորում եմ զորամասին այս տոնի, ինչպես նաև զորամասի հրամանատարին` ծննդյան տարեդարձի առթիվ, ցանկանում առողջություն, անձնական և ընտանեկան բարեկեցություն»: Այնուհետև շրջայցի մասնակիցները այցելեցին ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղ, որտեղ, ավանդական «աղ ու հացով» ընդունելության արժանանալուց հետո, զրուցեցին գյուղացիների հետ, ծանոթացան առկա խնդիրներին, պատասխանեցին նրանց հարցերին: Այգեքաղից ՀՀ Կառավարությունը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի ուղեկցությամբ ուղևորվեց առաջնային գիծ. եղան խրամուղիներում, դիտեցին հակառակորդի մարտական դիրքերը, ընդ որում որոշ դիտակետերից հակառակորդի դիրքերը երևում են նույնիսկ անզեն աչքով, տեղում ծանոթացան մարտական հերթապահության իրականացմանը, ինչպես նաև զինծառայողների` զինծառայության և սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող խնդիրներին: Ինչպես նաև զրուցեցին անձնակազմի հետ, խոսեցին բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Այսպես իր տպավորությունները լրագրողներին փոխանցեց ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը. «Ես տեսա այն ամենը, ինչ տեսաք դուք և կարծում եմ կկարողանաք մեր հեռուստադիտողին, հասարակությանը օբյեկտիվ ցույց տալ իրավիճակը, մեր զինվորի պատրաստվածությունը, առօրյան»: Համազգեստի առնչությամբ հնչած հարցին վարչապետը պատասխանեց, որ վերջին անգամ այն կրել է խորհրդային բանակում ծառայության ժամանակ, իսկ ներկայիս համազգեստը, նրա իսկ խոսքով, շատ հարմար է: Տ. Սարգսյանը նաև պարզաբանեց, որ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ վերջիններս բարձրացրել են կենցաղային, գյուղատնտեսական տեխնիկայի, ոռոգման ջրի, ճանապարհի և դպրոցի վերականգնման խնդիրներ` նշելով, սակայն, որ իրենց պաշտպանված են զգում: Վարչապետը նշեց նաև, որ ստանձնած բոլոր պարտավորություններն օպերատիվ լուծում են ստանում. «Այս նախաձեռնության իմաստը կայանում է հետևյալում. բոլորս գիտենք, որ բանակը, առավել քան հասարակական, պետական որևէ ինստիտուտ, վայելում է հասարակության վստահությունը: Սակայն մենք չենք կարող բավարարվել նրանով, ինչ ունենք այսօր. մեզ համար չափազանց կարևոր է բանակում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի զինվորները չկտրվեն հասարակական կյանքից: Զինվորը պետք է հնարավորություն ունենա ծառայության ընթացքում կրթվել, սովորել, օգտվել անհրաժեշտ ուսումնական գրականությունից, նաև` համակարգչից, որպեսզի բանակից վերադառնալիս խզվածություն չզգա իր և դպրոցը նոր ավարտածների միջև` կարողանալով հընթացս ընդունվել բուհ: Բոլոր զորամասերը պետք է ունենան համապատասխան ուսումնական սենյակներ, համակարգիչներ: Սա շատ կարևոր է»: Զինվորի առօրյայի մասին առավել լայն պատկերացում կազմելու նպատակով, լրագրողների հետ ճեպազրույցից հետո Կառավարության անդամներին զինվորական դաշտային խոհանոցից նաև ճաշ մատուցվեց` մեկ զինվորին հասանելիք չափաբաժնով: Սահմանագծից ՀՀ Կառավարության անդամներն ուղևորվեցին հրաձգարան, ներկա եղան «Սպառազինություն և ռազմական տեխնիկա» թեմայով ցուցահանդեսին, ապա նրանց հնարավորություն տրվեց փորձել իրենց կրակային ունակությունները շարժվող թիրախների վրա` տարբեր տրամաչափի զենքերից: Զինվորների կողմից Կառավարության անդամներին ցուցադրվեցին նաև մարտավարա-կրակային դրվագներ: Կրակային պատրաստությունից գերազանց արդյունք ցույց տալով ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին. Լրագրող- Պարոն նախարար, ի՞նչ չափով են մեր Կառավարության անդամները տիրապետում զենքին: Ս.Օհանյան - Այսօրվա մեր այցելության նպատակը բանակ- հասարակություն և ժողովուրդ-իշխանություն կապի ամրապնդումն է: Մասնակցեցինք «Պատիվ ունեմ ներկայանալու» խորագրով շնորհանդեսին, որտեղ զորամասի հրամանատարը ներկայացրեց իր և զորամասի անցած մարտական ուղին: Եղանք մարտական հենակետում, ուսումնասիրեցինք մարտական հերթապահության իրականացման կարգը, ընթացքը, ճաշեցինք զինվորների հետ, ի դեպ, շատ համեղ ճաշ էր: Այցելեցինք նաև տվյալ զորամասի հրաձգարան, որտեղ Կառավարության անդամները մասնակցեցին հրաձգությանը` ևս մեկ անգամ հիշելով իրենց` ծառայության տարիները: Ասեմ, որ մեծ մասի մոտ հիմնականում պահպանվել են կրակային ունակությունները: Լրագրող - Տավուշի մարզի այս հատվածը հակառակորդի կողմից առավել հաճախ գնդակոծվող հատվածն է: Ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական այս սահմանահատվածի պաշտպանությունը: Ս.Օհանյան - Մեր պաշտպանության աստիճանն ապահովում է զինվորների անվտանգ ծառայությունը, այսինքն ինժեներական սարքավորումներն այն աստիճանի են կահավորված, որ մեր զինվորները կարողանում են թե ծառայություն տանել և թե դիտարկում իրականացնել` անվտանգ տեղաշարժվելով խրամուղիներում: Ինքներդ նկատեցիք, թե ինչպիսի կենցաղային պայմաններ են ապահովված մեր զինված ուժերում: Իհարկե ստուգումների ընթացքում հայտնաբերվում են թերություններ, որոնք սակայն շատ կարճ ժամանակում վերացվում են: Լրագրող- Մեկ օր` զինվորական համազգեստում. ինչպե՞ս կգնահատեք Կառավարության անդամների զինվորական ունակությունները և կարգապահությունը: Ս.Օհանյան - Մենք մեկ օր չէ, որ զինվորի դերում ենք. յուրաքանչյուր զինվոր պետք է ձգտի գեներալ դառնալ, իսկ յուրաքանչյուր գեներալ չպետք է դադարի ոգով զինվոր լինել: Շրջայցի մասնակիցները բարձր կարգապահություն և կազմակերպվածություն դրսևորեցին: Իսկ նրանց կրակային ունակությունների վերաբերյալ նշեմ, որ ուղղակի երկար ժամանակ չեն կրակել, ինչը հնարավոր է շտկել: Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ցուցումներ տվեց իրականացվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ և Կառավարությունը վերադարձավ Երևան:
  • Տարածել