Ս.Օհանյանը մասնակցեց ՀՀ զինդատախազությունում հրավիրված խորհրդակցությանը

30 Հուլիսի, 2008 00:00
Ս.թ. հուլիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց ՀՀ զինվորական դատախազությունում հրավիրված 2008թ.-ի 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցությանը` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ զինվորական դատախազության և ՊՆ քննչական վարչության անձնակազմերը, որոնց ուղղված ողջույնի խոսքում ՀՀ գլխավոր դատախազը խոսեց հետագա գործունեությանն ուղղված խնդիրների վերաբերյալ: Ապա ամփոփիչ մանրակրկիտ զեկույցով հանդես եկավ ՀՀ զինվորական դատախազ Ա. Խաչատուրյանը` իր զեկույցում ներկայացնելով 2008թ.-ի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները և տեղ գտած թերությունները, զորքերում կատարված տարաբնույթ հանցագործությունների և խախտումների թվային և տոկոսային պատկերը: Ամփոփիչ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Հարությունյանը, որը խոսեց նաև առկա խնդիրների մասին` տալով դրանց վերաբերյալ առաջարկներ: Առաջարկներով հանդես եկավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որն իր խոսքում` կարևորելով զինված ուժերում օրինականության մակարդակի բարձրացումը, մասնավորապես նշեց. «Այս տարիների ընթացքում դատախազության համակարգի հետ համագործակցության ընդհանուր եզրեր են ընդգծվել, սակայն անելիքները դեռ շատ են: 2008թ-ի կարգապահական վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացության, որ արտակարգ պատահարները զինված ուժերում ավելի շատ հետևանք են անձնակազմի հաշվառման և միջանձնային հարաբերությունների ցածր մակարդակի: Զինվոր-զինվոր հարաբերություններում հանցագործությունների պատճառները կարծես պարզ են. երիտասարդներ են, ինքնահաստատման, դրսևորման պահեր են ունենում: Մինչդեռ կրկնակի ցավալի է, երբ հանցագործություն է կատարվում սպա-զինվոր հարաբերություններում, ինչը արդյունք է հրամանատարի ցածր մակարդակի. լուրջ աշխատանք ունենք կատարելու հրամանատարի իրավագիտական պատրաստության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Հրամանատարի` դրական առումով հեղինակության բացակայությունը բերում է երիտասարդների շրջանում բացասական իմաստով «հեղինակությունների» առաջացմանը, որոնք էլ զորամասում դառնում են «գիշերային հրամանատարներ»: Ասել է թե, զորքերում պետք է բարձրացնել զինծառայողների իրավագիտակցությունը և իրավական պատրաստության մակարդակը»: Անդրադառնալով ՀՀ զինվորական դատախազ Ա.Խաչատուրյանի ծավալուն ամփոփիչ զեկույցում բերված զինվորական հանցագործությունների և իրավախախտումների թվաքանակային վերլուծությանը, ինչպես նաև դրանց կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Ս.Օհանյանն իր խոսքում առաջարկեց նաև. 1. դատախազության աշխատակիցներին մասնակից դարձնել զորամասերում գործող իրավական ակտիվի աշխատանքներին, 2. զինհանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև զինծառայողների պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով զորքերում առավել հաճախակի կիրառել «դատախազական նախազգուշացում» պրակտիկան, 3. բանակում գործող հրամանների հրապարակման համակարգի նմանությամբ, ըստ որի զորքին ներկայացվում և հրամցվում է այս կամ այն հրամանը, զորքերում իրականացնել նաև առանձնակի հնչեղություն ունեցող դատավճիռների քննարկումներ, ինչը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը և զինծառայողների իրավագիտակցության կամ իրավական պատրաստության մակարդակի բարձրացմանը, 4. մեթոդական օգնություն ցուցաբերել զորամասերում գործող սպայի պատվի դատարանների հետաքննչական խմբերին (այդ դատարանները նպատակ են հետապնդում փրկել սպայի պատիվը` ուղղություն տալ նրան` կանխելով պատվի հետագա արատավորումը, 5. ոչ վտանգավոր, թեթև վնասվածքների դեպքերի առիթով քրեական գործ չհարուցել, այլ հետաքննություն իրականացնել զորամասում` հրամանատարի միջնորդությամբ. վերջինիս համապատասխան միջնորդության դեպքում նոր միայն հարուցել քրեական գործ, այլապես հրամանատարը հնարավորություն չի ունենում պարզել կատարված հանցագործության դրդապատճառները, ինչը նպաստում է նույն հանցագործության` նույն դրդապատճառներով ռեցիդիվին, 6. արտակարգ դեպքերի և պատահարների, զինվորական հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու նպատակով կալանավորված և մեկուսարանում գտնվող, սակայն քննության ընթացքում մեղավորությունը չհաստատված զինծառայողների կալանքի օրերը հաշվել որպես զինվորական ծառայության ժամկետ, 7. զորամասերում իրականացնել արտագնա դատեր, դատավարություններ` ապահովելով այն զինծառայողների ներկայությունը, որոնք հաճախակի են խախտում կարգը, կանոնադրությունը և այլն: «Արտակարգ, դժբախտ պատահարների և զինհանցագործությունների չնվազման հիմնական պատճառն այն է, որ խորությամբ չեն ուսումնասիրվում և վեր հանվում տվյալ հանցագործության դրդապատճառները, իսկ վեր հանվելիս էլ` հիմնովին չեն վերացվում»,-եզրափակեց նախարարը` կոչ անելով համատեղ աշխատել սպայի դերի բարձրացման ուղղությամբ: Խորհրդակցությունը եզրափակեց ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, որը շնորհակալություն հայտնեց նախարարին այցի, ինչպես նաև հետաքրքիր և բովանդակալից խոսքի համար` փաստելով, որ առաջարկված աշխատանքային սկզբունքները միանգամայն ընդունելի են: ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրեց նաև, որ հետայսու ևս հետամուտ կլինեն զինված ուժերում հանցավորության կրճատմանը, կանխարգելմանը, բանակի մարտունակության բարձրացմանը, հանցագործություն կատարած զինծառայողների նկատմամբ արդարացի պատժի իրականացմանը:
  • Տարածել