Ս.Օհանյանն ընդունեց Ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայման փորձագիտական խմբին
31 Հուլիսի, 2008 00:00Ս.թ. հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ս.թ. հուլիսի 28-ից աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՄՆ ռազմաքաղաքացիական հարաբերությունների կենտրոնի, ինչպես նաև օժանդակող երկրների` Մեծ Բրիտանիայի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների փորձագետների խմբին` Մոնտերեյում տեղակայված ԱՄՆ ռազմաքաղաքացիական հարաբերությունների կենտրոնի փորձագետ, գիտությունների դոկտոր Անոնիուս Բերնարդսի գլխավորությամբ:
Փորձագիտական խմբի կազմում էին նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության փորձագետ, պաշտոնաթող գեներալ-մայոր Ջոն Դրիվիենկեվիչը, Բուլղարիայի պաշտպանության նախարարության փորձագետ Իլիա Նալբանտովը, Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Տոդոր Տանևը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբսթերը, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության ռազմական կցորդ (նստավայրը` Մոսկվա), գնդապետ Պեեր Շվանը:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց փորձագիտական խմբին` սեմինարի ընթացքում ներկայացված արժեքավոր և սպառիչ խորհրդատվության համար, որն առավել արդյունավետ կօգտագործվի պաշտպանության ռազմավարական վերանայման, մասնավորապես` անվտանգության միջավայրի գնահատման ընթացքում:
Նախարարը նշեց նաև, որ այս գործընթացի իրականացումը թելադրված է տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխության հետևանքով պաշտպանական բարեփոխումներ իրականացնելու և այդ միջավայրում արդյունավետ գործելու ունակ զինված ուժեր ունենալու հրամայականով:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ նման գործոնները շատ են և վերաբերում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, տնտեսական, սոցիալական և մյուս ոլորտներին, որոնք միասին կազմում են տարածաշրջանային հետագա անվտանգության պատկերը` հավանական սպառնալիքներով հանդերձ:
Կողմերը փաստեցին նաև ռազմավարական վերանայման գործընթացում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին ներգրավելու անհրաժեշտության մասին:
Նախարարը նշեց նաև, որ պաշտպանության նախարարության համակարգում պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացով զբաղվելու համար նախատեսվում է ընդլայնել պլանավորման օղակների հնարավորությունները, իսկ անհրաժեշտության դեպքում` ստեղծել նոր կառույցներ` հույս հայտնելով, որ հաջորդ այցելության ժամանակ փորձագիտական խումբն արդեն հնարավորություն կունենա աշխատել միջգերատեսչական աշխատանքային մարմնի և պլանավորման օղակների փորձագետների հետ:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծեցին Հայաստանում և Ադրբեջանում ռազմավարական վերանայման գործընթացը զուգահեռաբար անցկացնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերանայման քայլերը պետք է լինեն թափանցիկ և միջազգային հանրությանը տեսանելի, ինչը թույլ կտա իրականացնել անվտանգության միջավայրի վերաբերյալ երկու երկրների պատկերացումների համադրում` առավելագույնս հստակեցնելով հնարավոր սպառնալիքներն ու ռիսկերը: Սա կստեղծի նաև որոշակի վստահության միջավայր` առկա հակասությունները հարթելու, հակամարտությունները լուծելու և տարածաշրջանային անվտանգության միջավայրն ամրապնդելու համար:
Նշենք, որ ԱՄՆ ռազմաքաղաքացիական հարաբերությունների կենտրոնի (Մոնտերեյ, Կալիֆորնիա) և ՆԱՏՕ-ի փորձագետների աջակցությամբ ս.թ. հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Երևանում անց է կացվում Ռազմական անվտանգության համակարգի ռազմավարական վերանայման մեթոդաբանության վերաբերյալ սեմինար և փորձագիտական խորհրդակցություն, որի նպատակն է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի մեթոդաբանական ուղեցույցի ուրվագծումը:
Միջոցառմանն ընդգրկված են նաև ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի, Ազգային անվտանգության խորհրդի, ՀՀ կառավարության, արտաքին գործերի, ֆինանսների և արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության փորձագետներ: