Ս.Օհանյանի այցը Հունաստան
10 Հոկտեմբերի, 2008 00:00Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հրավերքով, ինչպես նաև երկու դաշնակից երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդման նպատակով, ս.թ. հոկտեմբերի 6-10-ը Աթենքում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բ.Վարդանյանը, ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մ.Չիլինգարյանը, պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ս. Շահսուվարյանը և այլ բարձրաստիճան սպաներ:
Ս.թ. հոկտեմբերի 7-ին պատվիրակության անդամներն այցելեցին «Դեֆենդորի Ինթերնեյշնլ» ազգային պաշտպանական համակարգերի միջազգային մասնագիտացված ցուցահանդես, ծանոթացան ցուցադրված պաշտպանական սպառազինության նորագույն նմուշներին:
Նույն օրը ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելեց Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիա, ուր ներկայումս ուսանում են մոտ 3 տասնյակ հայ կուրսանտներ: Այստեղ Ս.Օհանյանը հանդիպեց Ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Ստավրոս Կուտրիսի և հայ կուրսանտների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին, ներկա գտնվեց Ակադեմիայի պատմությունն ու առօրյան լուսաբանող տեսաերիզի ցուցադրությանը, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարը գրառում կատարեց Ակադեմիայի պատվո հյուրերի մատյանում, որում մասնավորապես ասվում է.
«Մենք խորին հարգանք ենք տածում բարեկամ հույն ժողովրդի պատմությանը և նրա ավանդույթներին: Ես երախտապարտ եմ հունական բանակի ու ռազմական ակադեմիայի ղեկավարությանը, դասախոսական կազմին` հայկական բանակին աջակցելու և որակյալ սպաներ պատրաստելու համար:
Հասարակ մարդկային «շնորհակալություն» եմ հայտնում Ձեզ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան»:
Իր հերթին ճեպազրույցի ընթացքում Ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Կուտրիսը գոհունակություն հայտնեց հայ կուրսանտների ընդհանուր պատրաստվածության մակարդակի վերաբերյալ` նշելով, որ ակադեմիական ուսուցման բնագավառում կան որոշակի լեզվական դժվարություններ և ցանկալի է, որպեսզի հայ կուրսանտները ակադեմիա ժամանեն հունարեն լեզվի նախնական գիտելիքներով: Գեներալ Կուտրիսը տեղեկացրեց նաև, որ ս.թ. դեկտեմբերի 21-ին լրանում է ակադեմիայի հիմնադրման 180 ամյակը:
Ցուցահանդեսի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը կարճատև հանդիպում ունեցավ Կիպրոսի պաշտպանության նախարարի Կոստաս Պապակոստասի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին երկկողմ ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Ապա Ս.Օհանյանը տեղեկացրեց, որ 2009թ. ընթացքում նախատեսվում է Կիպրոսի նախագահի այցը Հայաստան և այս կապակցությամբ կիպրոսցի իր գործընկերոջը հրավիրեց պետական պատվիրակության կազմում այցելել Հայաստան, ինչը խթան կհանդիսանա երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը:
Ս.թ. հոկտեմբերի 8-ին այցելություն կազմակերպվեց հայ-հունական ԼՏ-ՊԻՐԿԱԼ /հունական պաշտպանական համակարգեր/ համատեղ ձեռնարկության տաղավար, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում ունեցավ ձեռնարկության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ձեռնարկության ներկա և ապագա գործունեությանը վերաբերող հարցեր: Ձեռնարկության հույն ղեկավար Ստեֆանոս Սիաֆակասը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց ընկերության կողմից ավարտված և դեռևս ընթացքում գտնվող ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնեց հետագայում առավել սերտորեն համագործակցել հայկական կողմի հետ:
Այնուհետև հայկական պատվիրակությունը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Կոստաս Տասուլասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանական բնագավառում հայ-հունական համագործակցության մի շարք հարցեր` մասնավորապես կարևորվեց համագործակցությունը ռազմական կրթության և խաղաղապահ ոլորտներում, նշվեց նաև, որ կարճ ժամանակահատվածում այս բնագավառում աննախադեպ զարգացում է արձանագրվել. 2004թ.-ի հունվարից հայ խաղաղապահները հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Կոսովոյում, իսկ խաղաղապահ ուժերի կազմավորման, ուսուցման և նյութատեխնիկական ապահովման գործում անգնահատելի է հունական կողմի աջակցությունը:
Հանդիպման ընթացքում, շնորհակալություն հայտնելով «Դեֆենդորի Ինթերնեյշնլ» միջազգային ցուցահանդեսին մասնակցելու հրավերքի համար, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հայաստանը, որդեգրելով զարգացման Եվրոպական ուղին, Եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականության մեջ Հունաստանին դիտում է որպես առաջնային գործընկեր` շեշտելով համագործակցության զարգացումը ինչպես ռազմական, ռազմաքաղաքական և անվտանգության, այնպես էլ տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում:
Կարևորելով համագործակցությունը սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում, ինչպես ընկերության տաղավարում, այնպես էլ պարոն Տասուլասի հետ հանդիպման ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ հայ-հունական ԼՏ-ՊԻՐԿԱԼ ձեռնարկության աշխատանքներում որոշակի խնդիրներ կան, որոնք հիմնականում կապված են Հունաստանի ԱՊՆ կողմից ձեռնարկությունում մշակված և ավարտին հասցված ծրագրերը ժամանակին չընդունելու հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շեշտեց այդ խնդիրների անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը` ձեռնարկության աշխատանքները ժամանակին և արդյունավետորեն կազմակերպելու նպատակով:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ նաև Հունաստանի ԱՊ ԳՇ պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-հունական ռազմական համագործակցության որոշ հարցեր:
Այցի ավարտին ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության ռազմական թանգարան, որտեղ ղեկավարարության հետ հանդիպումից հետո կողմերի միջև նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ զինված ուժերի տոնակատարության կապակցությամբ 2009թ. հունվարին թանգարանում ՀՀ զինված ուժերի պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ:
Ապա ՀՀ դեսպանատան սրահում կայացավ պաշտպանության նախարարի հանդիպումը Հունաստանի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում ՀՀ ԶՈՒ կուրսանտների ուսումնառությունը տարիներ շարունակ հովանավորող հունահայ զույգ կառույցների` «Երևան» խնամակալ միության և Սալոնիկի «Հայաստանի ու Արցախի բարեկամների միության» ներկայացուցիչների հետ, որոնք 1993թ.-ից ի վեր հովանավորում են Հունաստանում հայ կուրսանտների ծախսերի որոշ մասը /բնակարանների վարձակալում, դրամական պարգևներ լավագույն կուրսանտներին, և այլն/: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների ուսման մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև կենցաղային և ուսուցման պայմաններն էլ ավելի բարելավելու հարցեր:
Համայնքի ներկայացուցիչները խնդրեցին էլ ավելի լուրջ ուշադրություն դարձնել կուրսանտների ընտրության և նախնական լեզվական պատրաստության հարցերին` ուսումնական ծրագրերին ավելի արդյունավետ մասնակցելու նպատակով:
Այնուհետև Ս.Օհանյանը միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց ՀՀ ԶՈՒ անցած ուղին` կամավորական ջոկատներից մինչև կանոնավոր ազգային բանակ, անդրադարձավ հայ-հունական ռազմական համագործակցությանը, Կոսովոյում խաղաղապահ առաքելության համատեղ իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը և ՀՀ ԶՈՒ զարգացման ծրագրերն ու հեռանկարները:
Հանդիպման ավարտին Ս.Օհանյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց վերոնշյալ կառույցների ղեկավարներին և հունահայ համայնքին` ազգանվեր գործունեության համար, հույս հայտնելով, որ հունահայ հայրենակիցները կշարունակեն իրենց բարեգործական և ազգօգուտ առաքելությունը և վերոնշյալ կառույցների հինգ անդամների պարգևատրեց «Ռազմական կրթության աջակցության համար» կրծքանշաններով:
Հայ համայնքի հետ հանդիպմանն անմիջապես հաջորդեց մամլո ասուլիս, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց հրավիրյալ հունահայ և օտարալեզու լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ՀՀ զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակին, զինծառայությունից խուսափելու դեպքերին, ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը, ՀՀ` հարևանների հետ ունեցած հարաբերություններին, ՀՀ մասնակցությանը խաղաղապահ առաքելություններին, ՀՀ-ՆԱՏՕ, ՀՀ-ՌԴ և ՀՀ-ԱՄՆ կապերին, և որոնց նախարարի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Հայաստան: