Կայացավ ՀԱՊԿ անդամ-պետությունների ՊՆԽ հերթական նիստը
28 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ-պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցևի, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դանիալ Ախմետովի, Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բաքիտբեկ Կալիևի, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Խայրուլլոեվի և Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Ռուստամ Նիյազովի գլխավորած պատվիրակությունները` նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի:
Նիստին մասնակցում էին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ինչպես նաև ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկին:
Հրավիրյալների կազմում էին ներկայացուցիչներ ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
ՀԱՊԿ անդամ-պետությունների` մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Բելոռուսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նախ ստորագրեցին երկկողմ ռազմական փաստաթղթեր, որին հաջորդեց խորհրդի լիագումար նիստը` ուղղված ՀԱՊԿ 2008թ.-ի մոսկովյան նստաշրջանի որոշումների, ս.թ. օգոստոսին Երևանում կայացած պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշումների և ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունների կատարմանը:
Նիստի ընթացքում մտքեր փոխանակվեցին ռազմական գերատեսչությունների` Կազմակերպության միջպետական համաձայնագրերի և Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանն ուղղված քայլերի, ՀԱՊԿ կոալիցիոն բանակաշինության մեխանիզմների կատարելագործման, ՀԱՊԿ անդամ-պետությունների միացյալ ՀՕՊ համակարգի զարգացման հեռանկարների, ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ արձագանքման Հավաքական ուժերի կատարելագործման վերաբերյալ:
Ծավալված քննարկումների ընթացքում պաշտպանության նախարարները լսեցին նաև զեկույցներ, քննարկեցին Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` 2009թ.-ի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ղեկավարման մարմինների մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների 2010-2014թթ. ծրագիրը, Միացյալ (Հավաքական) ուժերի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Ապա տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում վերջիններս պատասխանեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Պատասխանելով լրագրողի հարցին, Ս.Օհանյանը նշեց, որ լիագումար նիստում քննարկվել են արդիական, կոնցեպտուալ և գործնական բնույթի հարցեր. «Ըստ օրակարգի, անդրադարձ է կատարվել նաև այնպիսի հարցերին, ինչպիսիք են կառույցի զարգացման ռազմավարությունը` ժամանակակից իրողություններին համահունչ: Որոշում է ընդունվել համատեղ միջոցառումների հեռանկարային պլանավորման, օպերատիվ-մարտական պատրաստության, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների` կառույցի շրջանակներում գործունեությունը պլանային հիմքի վրա դնելու վերաբերյալ»,- ասաց նախարարը:
Լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված նիստի ընթացքում քննարկված ՀԱՊԿ անդամ-երկրների միացյալ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը, հատկապես որ նման համակարգ գործում է ԱՊՀ շրջանակներում, Ս.Օհանյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է և արդեն երկար ժամանակ ուսումնասիրվում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի կողմից. «Մենք կողմնակից ենք, որպեսզի ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգում զարգացվի տարածաշրջանային համակարգը: Եկել ենք այն եզրակացության, որ կոորդինացիոն կոմիտեին պետք է հանձնարարել ուսումնասիրել տարածաշրջանում առկա բոլոր հարցերը, որպեսզի հնարավոր լինի հետագայում այդ համակարգի կատարելագործման վերաբերյալ որոշում ընդունել», - նշեց նախարարը:
Ի պատասխան լրագրողի` Ա.Սերդյուկովին տված հարցին, վերջինս նշեց, որ նիստի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ անդամ-պետությունների օպերատիվ-մարտական պատրաստվածության կատարելագործման խնդիրներին, ստորագրված փաստաթղթերով կազմվել է կազմակերպության հեռանկարային ծրագիր: Ըստ Ա. Սերդյուկովի` այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում կազմակերպության հավաքական ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը 2010-2014թթ. էլ ավելի կբարձրացվի` կախված հնարավորություններից և բյուջեից: ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև հավելեց, որ նախատեսվում է տարեկան 1-2 անգամ «Ռուբեժ» հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացնել ՀԱՊԿ անդամ-պետություններից որևէ մեկում:
Իսկ Հելսինկիում մոտ օրերս անցկացվելիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հերթական հավաքի ընթացքում քննարկվելիք եվրոպական անվտանգության նոր պայմանագրի մասին ռուսական նախաձեռնության վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասաց, որ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այդ նախաձեռնության վերաբերյալ անցկացվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ, և Ռուսաստանի բոլոր գործընկերներն ու դաշնակիցները սատարել են այդ գաղափարը: Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնությունը համատեղ ջանքերով առաջ քաշելու վերաբերյալ, որին ուղղված համակարգված ու կոնկրետ քայլերը կքննարկվեն վերոնշյալ նիստի նախօրեին անցկացվելիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Ն.Բորդյուժան նաև հավելեց, որ կառույցի` եկող տարվա պլանները կազմելիս հաշվի է առնվել նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, քանզի ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ողջ գործունեությունն ուղղորդվում է անդամ-պետությունների ունեցած տնտեսական և ֆինանսական հնարավորություններով:
Ասուլիսի ավարտին Ղազախստանի պաշտպանության նախարար Դ. Ախմետովը, պատասխանելով ղազախ լրագրողի հարցին, նշեց, որ Ղազախստանի օրենսդիր մարմնի կողմից հաստատվել է երկրի` ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը. «Ղազախստանն այսօր ունի այնպիսի ստորաբաժանումներ, որոնք ադապտացված են համընդհանուր միջազգային չափանիշներին: Մենք կրկին վստահեցնում ենք, որ պատրաստ ենք կիրառել այդ ուժերը, հատկապես ՀԱՊԿ շրջանակներում, առավել ևս, որ չկա նաև որևէ լեզվական խնդիր: Ղազախստանը, ինչպես ՀԱՊԿ անդամ ցանկացած պետություն, պատրաստ կլինի օգտագործել ռազմական այդ կոնտինգենտի ներուժը»,- ընդգծեց նա:
Մամլո ասուլիսից անմիջապես հետո ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարները լուսանկարվեցին ՀԱՊԿ անդամ-պետությունների պետական դրոշների ներքո, որին հաջորդեց ՀՀ ԶՈւ պատվո պահակախմբի և ռազմանվագախմբի եզրափակիչ հանդիսավոր ելույթը:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2009 թ.-ին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: